24/01/2025

Ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանը, երբ էապես նոր իրավիճակ է միջազգային հարաբերություններում

Նիկոլ Փաշինյանը փետրվարի սկզբին այց կկատարի ԱՄՆ, որտեղ կմասնակցի Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, որն անցկացվում է հինգերորդ անգամ: Նա կմասնակցի նաև Ազգային աղոթքի նախաճաշին:

Հնարավո՞ր է ԱՄՆ այցի ընթացքում շփում Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վարչապետի խոսնակի հաղորդագրության մեջ մանրամասներ չկան: Ի դեպ հարկ է նկատել, որ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից ի վեր, առ այս պահը, Հայաստանի վարչապետը դեռևս շնորհավորական ուղերձ չի հղել նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ի տարբերություն օրինակ Ադրբեջանի նախագահի:

Փաշինյանը մտադիր չէ՞ շնորհավորել Թրամփի պաշտոնամուտը, համարում է, որ նոյեմբերի 6-ին՝ նրա ընտրությունից հետո շնորհավորական ուղերձը բավարա՞ր է: Վերադառնալով ԱՄՆ այցին, ավելորդ չէ թերևս հիշատակել, որ Հայաստանը Կրոնական ազատության ալյանսին միացել է 2019 թվականին, հենց Թրամփի նախագահության շրջանում:

Ալյանսի նախաձեռնությունը հենց Թրամփի վարչակազմինն էր, որի այսպես ասած ամերիկյան թիրախում Չինաստանն էր՝ ույգուրական խնդրով: Իհարկե Կրոնական ազատությունների ալյանսը կազմակերպություն չէ, այլ հարթակ, որին անդամակցող երկրներն ինքնաբերաբար չեն միանում նախաձեռնող երկրի՝ ԱՄՆ նպատակին, այսինքն չեն միանում Չինաստանի դեմ պայքարի տողատակին:

Ավելին, ինչպիսին է նախաձեռնության տողատակը այսօր՝ անցնող տարիների ընթացքում հիմնավորապես փոփոխված համաշխարհային իրավիճակում, արդեն մեծ հարց է: Մի բան անկասկած է, որ երկրորդ նախագահության եկած Թրամփը կրոնական բաղադրիչը, դավանական բաղադրիչը բավականին նկատելի շեշտադրել է իր նախընտրական շրջանում:

Ավելին, նա ինչպես հայտնի է հեռախոսազրույց ունեցավ Կիլիկիո Կաթողիկոս, Եկեղեցիների համաշխարհային միության նախագահ Արամ Առաջինի հետ՝ նոյեմբերի 5-ի քվեարկությունից կարճ ժամանակ առաջ: Վերադառնալով 2019-ին Հայաստանի անդամակցությանը ալյանսին, նկատեմ, որ ակնառու էր դրա նպատակը՝ օգտագործել հարթակը Կովկասի հանդեպ Թուրքիայի աճող հավակնությունը զսպելու նպատակով:

Սակայն, ըստ ամենայնի Հայաստանի այդ նպատակը մեծ ուշադրության չարժանացավ ԱՄՆ-ում: Հայաստանի հաշվարկը չաշխատեց, թեև բարդ է ասել, թե Հայաստանն ինքը որքան արդյունավետ էր աշխատել իր հաշվարկը արդարացնելու ուղղությամբ:

Միով բանիվ, ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանն այժմ, երբ էապես նոր իրավիճակ է միջազգային հարաբերություններում ու դասավորություններում, բայց որի շրջանակում դավանաքաղաքական բաղադրիչը ոչ միայն չի կորցրել իր նշանակությունը, այլ ըստ էության դարձել է շատ ավելի նշանակալի: Հայաստանն այդ իմաստով ունի թե մարտահրավերներ, թե անշուշտ հնարավորություններ: