Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ նախօրեին կայացել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ռուբիոյի և Իսրայելի վարչապետ Նաթանյահուի առաջին հեռախոսազրույցը:
Վկայակոչելով պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսի գրավոր հաղորդագրությունը՝ հրեական աղբյուրները հայտնում են, որ Ռուբիոն ընդգծել է, «Իսրայելին աներեր աջակցությունը Միացյալ Նահանգների թիվ մեկ առաջնահերթությունն է»:
ԱՄՆ պետքարտուղարն Իսրայելի վարչապետին շնորհավորել է ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլայի» դեմ պայքարում հաջողությունների համար և խոստացել Գազայում բոլոր իսրայելցի գերիների ազատ արձակման հարցում շարունակել ջանքերը: Ըստ պետական դեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը նաև քննարկել են Իրանից բխող սպառնալիքները և պայմանավորվել, որ կշարունակեն համատեղ աշխատանքը՝ դիմագրավելու այդ մարտահրավերներին:
Ինչպես նկատելի էինք նախորդիվ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քարոզչական և քաղաքական իր նվերն արդեն մատուցել է՝ խոստանալով Միացյալ Նահանգների պաշտոնական խոսույթում «Հորդանանի արևմտյան ափի» փոխարեն կիրառել այդ տարածքների իսրայելական անվանումը՝ «Հուդեա և Սամարիա»:
Միջազգային իրավունքի տեսակետից այդ տարածքները ենթակա են Պաղեստինի ազգային վարչակազմի կառավարմանը և պետք է մնան պաղեստինյան ապագա անկախ պետության իրավազորության ներքո:
Իսրայելը, սակայն, Հուդեայում և Սամարիայում հրեա վերաբնակիչների բնակավայրեր է կառուցել: ԱՄՆ նախագահի կողմից «Հուդեա և Սամարիա» անվանումը ճանաչելու մասին հայտարարությունից մեկ օր անց Իսրայելն այդ տարածքներում «Երկաթե պատ» պայմանանշանով հատուկ գործողություններ է սկսել:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հորդանանի արևմտյան ափի տասնյակ բնակավայրերում հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում պաղեստինյան ոստիկանությունը՝ Իսրայելի հետ համաձայնությամբ:
Անցած օրերին այդ պայմանավորվածությունը չեղյալ է հայտարարվել: Վարչապետ Նաթանյահուն այդ կապակցության հայտարարել է, որ Իսրայելը գոյաբանական պայքար է մղում իրանական չարիքի առանցքի դեմ և պետք է այն ոչնչացնի՝ որտեղ էլ լինի: Նաթանյահուն Թրամփի պաշտոնամուտի առթիվ նրան տեսաուղերձ է հղել, որտեղ առաջարկել է համատեղ ջանքերով «ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը»:
Պետքարտուղար Ռուբիոն փաստացի Նաթանյահուին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն կիսում է Մերձավոր Արևելքում իրավիճակի իսրայելական գնահատականը և նույնպես ընդունում է, որ Իրանից սպառնալիքներ են բխում։ Նա նաև Իսրայելի հետ համատեղ ուժերով այդ մարտահրավերները դիմագրավելու վճռականություն է արտահայտել:
ԱՄՆ-ն նախագահ Թրամփը միևնույն ժամանակ միջազգային հանրությանը հավաստիացրել է, որ Սպիտակ տուն է վերադարձել, որպեսզի վերջ տա պատերազմներին և հասնի հակամարտությունների կարգավորմանը: Ռազմական ուժով Պանամայի ջրանցքին վերատիրանալու կամ Կանադան ԱՄՆ նահանգ դարձնելու մտադրության մասին հայտարարությունների ֆոնին, իհարկե, Դոնալդ Թրամփին շատ դժվար է «խաղաղության աղավնի» անվանել:
Իսրայելի վարչապետի հետ պետքարտուղար Ռուբիո հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրության ընդգծումները վկայում են, որ Միացյալ Նահանգներն Իրանի հարցում քաղաքական կարգավորումների հասնելու առնվազն մեծ ցանկություն չունեն:
Այս համատեքստում ինտրիգային է, որ Դավոսում Իսրայելի նախագահի հետ Իլհամ Ալիևի հանդիպմանը զուգահեռ՝ Թեհրանում գումարվել է իրանա-ադրբեջանական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Իրանական կողմը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին կավարտվի Աղբենդ բնակավայրի մոտ Արաքսի ուղեանց կամրջի շինարարությունը: Կ
ողմերի մտադիր են տարեկան բեռնափոխադրումների ծավալը հասցնել 15 միլիոն տոննայի: Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփի պաշտոնավորման շրջանում հաարբերությունները կվերադառնան նախկին մակարդակին: Բարդ է կանխատեսել, թե նա ինչպես է Իրանի հետ ծավալվող համագործակցությունը համադրելու ԱՄՆ-ի և, մանավանդ, Իսրայելի աշխարհաքաղաքական շահերին:
Բաց մի թողեք
Ինչ է ծրագրում Ադրբեջանը՝ երկակի խաղ
Մի՞թե ամորձատված է նրանց հայրենասիրության օրգանը
Բաքուն պատրա՞ստ է փոխանակումների, թե՞ Ադրբեջանի նպատակը բոլորովին այլ է