Ադրբեջանի խորհրդարանում մտադիր են ստեղծել այսպես կոչված «ազատագրված տարածքներում» «խաղաղ համակեցության հարցերի» հանձնաժողով: Ըստ տեղեկության՝ հանձնաժողովը զբաղվելու է դրա հետ կապված օրենսդրական հարցերով:
Իհարկե, նշվում է, թե հանձնաժողովը գործելու է այսպես կոչված «Մեծ վերադարձի» ծրագրի շրջանակում համակեցության հարցերով, բայց, այդուհանդերձ, Ադրբեջանի նախաձեռնությունն առաջացնում է հարցեր:
Ինչի՞ է պատրաստվում Բաքուն: Եթե խոսքն ադրբեջանցիների վերադարձի մասին է տարածքներ, որոնք Բաքուն օկուպացրել է Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով, ապա ի՞նչ «խաղաղ համակեցության» հարց կարող է լինել ադրբեջանցիների միջև: Պաշտոնական Բաքուն ունի մտահոգություն, որ վերադարձողները չեն ապրի՞ խաղաղ, խաղաղ չեն գոյակցի՞ միմյանց հետ:
Թե՞, այդուհանդերձ, Բաքվի ծրագրերը քիչ հեռուն տանող են, և Ադրբեջանն ինքն է պատրաստվում առաջ բերել օրինակ արցախահայության վերադարձի հարցը, որպես իր՝ «արևմտյան ադրբեջանական» պլանը սպասարկող մեխանիզմ:
Այսինքն՝ առաջ բերել այդ հարցը՝ դրա համատեքստում առաջ քաշելով նաև Հայաստան ադրբեջանցիների «վերադարձի» թեման: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը մշտապես փորձում է ստանալ «հայելայնություն»:
Իսկ այդ առումով, ինչպես խոսվել է բազմիցս, Ադրբեջանը միանգամայն ի վիճակի է, ունի ռեսուրսներ՝ վարչահրամայական մեթոդով «ադրբեջանցիներ վերադարձնել» և բնակեցնել Հայաստանում: Իսկ արցախահայության վերադարձ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող տարածքներ, մեղմ ասած անպատկերացնելի է, եթե այնտեղ չի հաստատվում անվտանգության, իրավունքների պաշտպանության միջազգային որևէ մեխանիզմ:
Ադրբեջանը մտադիր է առաջ մղել «հայելայնության» օրակարգն ավելի ակտի՞վ, թե՞ պատկերացնում է զարգացումներ, որոնք կարող են իր առաջ դնել օրակարգային հարցեր «խաղաղ համակեցության» հետ կապված, և փորձում խորհրդարանական հանձնաժողովի ստեղծմամբ պատրաստվել այդպիսի սցենարների:
Բաց մի թողեք
Ազատազրկվածները դիմում են հացադուլի, ինքնավնասման, ինքնասպանության․ ՔԿՀ-ներում խայտառակ վիճակ է․ ահազանգ
Միջուկային տերությունների միջև բախման վտանգը մեծանում է. Շոյգու
ՀԱՊԿ-ը նախկինի նման Հայաստանին դաշնակից է համարում