24/01/2025

Լավրովը անմիջապես հասցրել է Ֆիդանին զեկուցել, որ Հայաստանն իր տիրույթում է

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև: Ինչպես հնարավոր է եզրակացնել ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունից, նախաձեռնությունը եղել է Մոսկվային:

Համենայն դեպս, հակառակ կողմից նախաձեռնությամբ զանգերի դեպքում ռուսական կողմը մշտապես նշում է, որ զանգի նախաձեռնությունը դիմացի կողմինն է: Այս դեպքում չկա այդպիսի ընդգծում:

Իսկ այն, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունենում շփումը, անշուշտ, ոչ ամենակարևոր, սակայն էական դետալ է: Կարևորը, իհարկե, միշտ էլ բովանդակությունն է և այդ առնչությամբ հաղորդագրությունը շեշտադրում է Սիրիայի իրավիճակը:

Համենայն դեպս, այլ թեմաների վերաբերյալ ընդամենը կա շատ կարճ ձևակերպում, որ պայմանավորվել են շփման մեջ լինել թե՛ սիրիական, թե՛ միջազգային ու ռեգիոնալ օրակարգի այլ հարցերով: Լավրով-Ֆիդան հեռախոսազրույցը տեղի է ունենում Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական պայմանագրի ստորագրումից հետո, որին նաև նախորդել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ Լավրովի հանդիպումը Մոսկվայում, և մի քանի էական հայտարարություն, որոնք ուրվագծում են հայ-ռուսական որոշակի պայմանավորվածություններ:

Ինչպիսի՞ն է դրանց բովանդակությունը և այսպես ասած ժամկետայնությունը, բարդ է ասել, սակայն ինքնին հանգամանքը, որ Լավրովը անոնսավորել է Հայաստան այց, իսկ Հայաստանի ԱԳ նախարարը Մոսկվայում ասուլիսի ընթացքում շեշտել է ռուս-իրանական սերտ գործակցության կարևորությունը, նշանային է:

Մասնավորապես, ուշադրության արժանի է այն, որ բարձրաձայնվել է Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացման հարցը, թեև չի մանրամասնվել, թե ինչ է եղել քննարկման արդյունքը: ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարել է, որ Լավրովն ու Միրզոյանը Մոսկվայում փակ դռների հետևում ունեցել են ավելի քան երեք ժամ անկեղծ զրույց:

Լավրովը Ֆիդանին ինչ-որ բա՞ն է փոխանցել այդ զրույցի առնչությամբ, թե՞ պարզապես Մոսկվան Իրանի հետ պայմանագրից հետո որոշակի ինքնավստահությամբ է համակվել: Համենայն դեպս հաղորդագրությունը նշում է, որ զրույցի ընթացքում շեշտադրվել է Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցում բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:

Ըստ ամենայնի՝ բոլոր քաղաքացիների ձեւակերպման ներքո Մոսկվան նկատի ունի իր շահերը: Օրերս տեղեկություն տարածվեց, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության հարցը քննարկման փուլում է:

Միևնույն ժամանակ, կար եււս մի տեղեկություն, որ Սիրիայի նոր իշխանությունը չեղարկել է Տարտուսի նավահանգստի՝ ռուսական կառավարման պայմանագիրը: Հիշեցնեմ, որ Ռուսաստանի մի ռազմակայանը Տարտուսում է՝ ռազմածովային բազա, որը նաեւ լոգիստիկա է Աֆրիկայի համար: Այստեղ թերևս տեղին է նկատել, որ ռուս-իրանական պայմանագրով, կողմերը իրավունք են ստանում մուտք գործել միմյանց ռազմածովային կայաններ:

Դա նշանակում է, որ Ռուսաստանն Իրանի միջոցով կարող է լոգիստիկ հասանելիություն ստանալ Պարսից ծոցում: Արդյո՞ք դա թույլ է տալիս Մոսկվային Սիրիայի հարցում պայմաններ դնել Անկարայի առաջ: