Նոյեմբերի սկզբին Հայաստան էր եկել հայտնի շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը: Նա Վրաստանում բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո Հայաստան էր ժամանել:
Հրապարակ թերթը գրել է․ Թունբերգին հայ-վրացական սահմանին դիմավորել էին մի խումբ հայ բնապահպաններ, այդ թվում` «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը: Նա հայտարարել էր, որ բոյկոտում է Բաքվում անցկացվող COP-29-ը ու գալիս է Հայաստան:
21-ամյա ակտիվիստը Թբիլիսիում բողոքի ակցիաների էր մասնակցել` Ադրբեջանի դեսպանատան առջեւ՝ կոչ անելով բոյկոտել Բաքվում անցկացվող գագաթնաժողովը, քանի որ Ադրբեջանում մարդու իրավունքներ են խախտվում, Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումներ եղան։ «Բացարձակապես անընդունելի է՝ կլիմայի վերաբերյալ համաժողովը հյուրընկալում է Ադրբեջանը՝ երկիր, որ շարունակաբար ճնշում է քաղաքացիական հասարակությանը, բռնաճնշումների ենթարկում իր բնակչությանը եւ հատկապես նրանց, ովքեր փորձում են պաշտպանել մարդու տարրական իրավունքները»,- ասել է նա։
Գրետա Թունբերգը վերջին 7 տարիներին բողոքի ակցիաներ է անցկացրել ՄԱԿ-ի կլիմայական համաժողովների ժամանակ, խոսել կլիմայի փոփոխությունից, իսկ վերջին տարիներին՝ նաեւ մարդու իրավունքների հարցերից։ Հայաստանում նա եղել էր Հաղպատի վանքում, տարբեր բնակավայրերում: Ակտիվիստը ծնվել է արվեստագետների ընտանիքում։ Մայրը երգչուհի էր, հայրը՝ դերասան։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարը սկսել է 8 տարեկանից՝ դարձել է բուսակեր, հրաժարվել ինքնաթիռներով ճամփորդելուց, քանի որ օդանավերը մեծ քանակի գազ են արտանետում՝ նպաստելով գլոբալ ջերմացմանը։ Երիտասարդ Թունբերգը հայտնի դարձավ, երբ 15 տարեկանում սկսեց բողոքի ակցիաներ անցկացնել կառավարությունների անտարբերության դեմ` կլիմայի փոփոխության խնդրի նկատմամբ։ School Strike for Climate («Դասադուլ՝ հանուն կլիմայի»)․ սա նրա բողոքի ակցիաների առաջին շարքն էր, որին միացան հազարավոր այլ երիտասարդներ։ Նա բաց էր թողնում ուրբաթ օրվա դասերը` ակցիաների մասնակցելու նպատակով, եւ այդ շարժումը կոչվեց «ուրբաթը՝ ապագայի համար»։ 2019-ից Թունբերգը կլիմայի հարցով համաժողովներին մասնակցելու հրավերներ է ստացել։
Նա ելույթներ է ունեցել Եվրախորհրդարանի, Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոններից, ստացել բազմաթիվ մրցանակներ։ Նրան հիշատակել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, երկուսն էլ՝ բացասական համատեքստում։ 21-ամյա ակտիվիստը բնապահպանական բողոքի ակցիաներին մասնակցելու համար մի քանի անգամ ձերբակալվել է, մի քանի անգամ` տուգանվել։
Գրետա Թունբերգը Երեւանում մասնակցեց «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովին, ապա բողոքի ակցիա անցկացրեց Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ` COP-29-ի թեմայով։ Այդ օրերին հայ հասարակությունը բավականին ոգեւորված էր, մարդիկ կարծում էին, որ երիտասարդ կնոջ ակտիվությունը կարող է որոշակի ազդեցություն ունենալ հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաեւ` Բաքվի անթաքույց լկտի վարքագծի վրա, սակայն, ինչպես տեսնում ենք, Թունբերգի մասին մոռացվեց, իսկ Բաքվի դատարաններում խոշտանգվում եւ նվաստացվում են հայ ռազմագերիները:
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ տեղեկություններ կան Գրետա Թունբերգից, նա այժմ խոսո՞ւմ է Բաքվում խոշտանգվող հայ ռազմագերիների մասին, որեւէ ակցիա արե՞լ է: Դուլգարյանն ասաց. «Ես կապի մեջ չեմ այս պահին Թունբերգի հետ, նա իր հետ կարեւոր մեսիջը բերեց: Միջազգային հանրության վրա նրա այցը թողեց ազդեցություն: Որոշակի ընկալումներ ձեւավորվել են նրա՝ այստեղ գալուց հետո: Այս պահի դրությամբ նրա գործողություններից, հայտարարություններից տեղյակ չենք: Այնուամենայնիվ, Թունբերգը Հայաստան ժամանեց COP-29-ի նախաշեմին, այդ ընթացքում բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անդրադարձել են Ադրբեջանի գործողություններին` Հայաստանի դեմ: Ադրբեջանում էլ այդ օրերին ներկաներից շատերը տարբեր հարցադրումներ են արել, անդրադարձել որոշ պրոցեսների: Միջազգային մամուլը գրում է, որ Ադրբեջանում COP-29-ի իրականացումը Բաքվի համար այնքան էլ լավ հետեւանքներ չի թողել: Միջազգային մամուլը գրում է, որ Ադրբեջանը չկարողացավ իր առջեւ դրված ամբողջ շոուն իրականացնել, լեգիտիմացնել: Գրետա Թունբերգը, լինելով երիտասարդ կին, իր խոսքը կարողացավ լայն հանրության համար լսելի դարձնել»: Իսկ ինչո՞ւ նրա հետ կապը չեք պահում՝ հետաքրքրվեցինք մենք։ «Առաջիկայում նախատեսվում է, որ նա կապի մեջ կլինի, կլինեն նաեւ քննարկումներ: Սա նրա առաջին ու վերջին այցելությունը չէր Հայաստան: Վստահ եմ՝ նորից է այցելելու»:
Բաց մի թողեք
«Foton» բեռնատարն Ուշիի ոլորաններում բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. Լուսանկար
Դատավորը կխուսափի պատասխանատվությունից․ Լուսանկար
Փողոցային առևտուրն արգելողներն են տրանսպորտում հսկողություն իրականացնելու