13/02/2025

Ընտրողաբար այդ մեկ՝ Գավառի մանկատունը փակելու իմաստը ո՞րն է

Հայաստանի հնագույն մանկատներից մեկը՝ Գավառի մանկատունը, որը հիմնադրվել է խորհրդային շրջանում, փակվում է` միանալու է «Սոս մանկական գյուղեր» կազմակերպությանը։ Այս բառից նախարարությունը, չգիտես ինչու, խուսափում է՝ օգտագործելով «վերակազմավորում» տերմինը։

Հրապարակ թերթը գրել է․ «Նախատեսվում է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում մատուցվող ծառայությունների վերակազմակերպում։ Հաստատությունում այս պահին խնամք ստացող երեխաները կտեղափոխվեն «ՍՕՍ մանկական գյուղեր»»,- «Հրապարակին» հայտնում են սոցապնախարարությունից։

Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վստահեցրել է, որ մանկատունը վերակազմավորվում է՝ ելնելով «երեխաների լավագույն շահից»։ «Պետությունն ունի միջազգային պարտավորություններ եւ հանձնառություն, որ պետք է ապաինստիտուալացման ճանապարհով գնա․․․ «ՍՕՍ մանկական գյուղերը» միջազգային լավագույն փորձն ունեցող, աշխարհի տարբեր երկրներում գործող մոդելն է, «ՍՕՍ մանկական գյուղեր» կազմակերպությունը Հայաստանում տարիներ շարունակ գործելով, կարողացել է այնտեղ ապրող երեխաներին ուղղորդել ընտանիքներ, խնամատարության ինստիտուտով»,- ասել է նա։

Նախարարի խոսքից հետեւում է, որ Գավառի մանկատունը փակվում է, նման հաստատություն այլեւս չի լինելու, փակվելն էլ ո՞նց է լինում։ Գավառի մանկատան աշխատողները խուճապի մեջ են եւ մոտալուտ գործազրկության վտանգի առաջ կանգնած, նրանք դիմել էին պատգամավորներին` հարցը բարձրացնելու խնդրանքով։ Նախարարը` Գեղարքունիքի մարզպետի հետ, հանդիպել էր մանկատան աշխատողներին, հանգստացրել: «Մենք նրանց խոսք ենք տվել, որ փորձելու ենք նրանց աշխատանքի տեղավորման հարցը լուծել»,- ասել է Նարեկ Մկրտչյանն ԱԺ-ում։ «ՍՕՍ մանկական գյուղերի» դրվածքն էապես տարբերվում է դասական մանկատան մոդելից։ «Ամբողջությամբ այլ տրամաբանություն է։ Այս ձեւաչափով երեխաներն ապրում են ընտանեկանին մոտ միջավայրում՝ առանձնացված տներում։ Ամեն ընտանիքում առավելագույնը 6 երեխա է՝ ՍՕՍ ընտանիքներում կամ ՍՕՍ մայրերի խնամքին։ Առօրյան, խնամքի ձեւն ընտանեկանին առավելագույնս մոտ է։ Բացի այդ, 18 տարին լրանալուց հետո երեխաներն անցնելու են ուղեկցող անկախ բնակության փուլ՝ ՍՕՍ-ի աջակցությամբ եւ ուղղորդմամբ»,- պարզաբանում են սոցապնախարարությունից։

Իսկ Գավառի մանկատունն ամենաօրինակելի հաստատություններից էր` ամեն ինչով ապահովված, խնամված: Եթե բոլոր մանկատները չեն փակվում, եւ նման հաստատություններ երկրում շարունակելու են գործել, ապա ընտրողաբար այդ մեկը փակելու իմաստը ո՞րն է: