10/02/2025

Ադրբեջանը գործիք է, և Մակրոնը գիտե՞, թե ում ձեռքին

Հունվարի 23-24-ին Ֆրանսիայի անդրծովյան տարածք համարվող Նոր Կալեդոնիայում տեղի է ունեցել այսպես ասած «անկախականների» Կոնգրես: Դրան մասնակցել են Ֆրանսիայի այլ անդրծովյան տարածքներում «անկախության» կողմնակիցներ:

Այս մասին «հպարտորեն» հայտնում է նաև Ադրբեջանի պրոպագանդիստական մեքենան՝ չփորձելով թաքցնել անգամ, որ այդ նախաձեռնությունների գլխավոր հովանավորը Ադրբեջանն է: Ընդ որում՝ Ադրբեջանի այդ վարքագիծը շատ վաղուց պաշտոնական է, ու դարձյալ:անթաքույց: Բառացիորեն մի քանի օր առաջ տեղի է ունեցել մեկ այլ գործողություն:

Հուշագիր է ստորագրվել այսպես ասած Բաքվի նախաձեռնող խմբի և Ֆրանսիայի մեկ այլ անդրծովյան շրջանի՝ Ռեյունոնի անկախական՝ Ka Ubuntu շարժման միջև: Ադրբեջանը, փաստորեն, տարին սկսում է իր հակաֆրանսիական դերի ուժգնացմամբ: Ընդ որում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ տարին սկսել էր ելույթով, որտեղ նշում էր, որ Ադրբեջանը Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում միջամտում է ներքին գործերին:

Պետք է խոստովանել, որ ինչ-որ առումով տարօրինակ է անգամ, երբ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ միջուկային տերության նախագահը կարող է անել այդպիսի հայտարարություն, որովհետև, եթե Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին՝ իսկ անդրծովյան տարածքներն այդուհանդերձ հենց Ֆրանսիայի «ներքին» տարածքն է, և այդ միջամտությունը մնում է անպատիժ, անհետեւանք, ապա այդտեղ պատկերը նվազագույնը բավականին տարօրինակ է:

Ֆրանսիան չունի՞ այդ միջամտության համար Բաքվին պատժելու հնարավորություն: Թե՞ Փարիզը ձեռնամուխ է եղել դրան, ինչի մասին կարող են վկայել տեղեկությունները, որ Ֆրանսիան քննության առարկա է դարձնում Եվրոպայում ադրբեջանցի հասարակական տարբեր գործիչների հանդեպ Բաքվի բռնի գործողությունների հարցը:

Այն, որ Ադրբեջանի իշխանությունը «դավանում» է արտերկրում ապրող, այսպես ասած ընդդիմադիր հայացք ունեցող ադրբեջանցի հասարակական գործիչներին ահաբեկելու, անգամ առևանգելու և Բաքու տեղափոխելու պրակտիկա, նորություն չէ:

Հարցն այն է, թե Ֆրանսիան իրապես ձեռնամուխ կլինի՞ այդ երևույթի բացահայտմանն ու Ադրբեջանի համար հետևանքի առաջացմանը, թե՞ կգերակայի Եվրամիության ու Ադրբեջաննի միջև տնտեսական, էներգետիկ գործակցության ընդհանուր շահը:

Միևնույն ժամանակ անկասկած է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը չէր գնա հակաֆրանսիական արկածախնդրության, չունենալով առնվազն իր կշռով ու տրամաչափով Ֆրանսիային համարժեք որևէ խոշոր խաղացողի աջակցություն, հովանավորություն, իսկ գուցե երաշխավորություն: Անկասկած է, որ Ադրբեջանն այդ իմաստով գործիք է, և Մակրոնը գիտե՞, թե ում ձեռքին: