«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից՝ հունվարի 20-ից, մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով 90 օրով դադարեցվում են արտաքին օգնության բոլոր ծրագրերը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հրամանագրում ասվում է, որ «օտարերկրյա օգնության ինդուստրիան և բյուրոկրատիան համահունչ չեն ամերիկյան շահերին և շատ դեպքերում հակասում են ամերիկյան արժեքներին, ապակայունացնում են համաշխարհային խաղաղությունը՝ խթանելով գաղափարներ օտար երկրներում, որոնք ուղղակիորեն հակասում են երկրներում և երկրների միջև ներդաշնակ և կայուն հարաբերություններին»:
Հետևաբար, Թրամփը հայտարարել է, որ «Միացյալ Նահանգների հետագա արտաքին օգնությունը չպետք է տրամադրվի, եթե դա լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը»:
Այսինքն, Թրամփի կառավարությունը առաջիկայում պետք է որոշի, թե արդյոք նախապես հաստատված ծրագրերը, որոնք իրականացվում են, համապատասխանո՞ւմ են ԱՄՆ նոր կառավարության քաղաքականության նպատակներին, թե՞ ոչ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստանում, որ Թրամփի այս որոշումը ազդել է նաեւ Հայաստանում գործող ամերիկյան կամ ԱՄՆ կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների, կառույցների, հաստատված ծրագրերի, անգամ դեսպանության աշխատանքի վրա:
Սառեցվել է նաեւ ԱՄՆ-ից ֆինանսավորվող հայկական կազմակերպությունների, դրամաշնորհային ծրագրերով աշխատողներից շատերի ֆինանսավորումը՝ մինչև նոր հրահանգ կստանան: Իսկ եղած պայմանավորվածություններն ու միջոցառումները հերթով չեղարկվում են:
«Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ հայկական կառույցներում Թրամփի երդմնակալության օրվանից՝ հունվարի 20-ից սկսած, որեւէ գործառույթ չի իրականացվում, աշխատակիցները սպասում են հատոկ որոշման:
Իսկ Թրամփի որոշումներն ու վարած քաղաքականությունը միանգամայն տարբերվում են նախկին վարչակազմի քաղաքականությունից»:
Բաց մի թողեք
Վճիռ՝ հօգուտ Սուքիասյանների․ «Սիլ պլազայի» գործով Դատախազությունն առաջին ատյանում պարտվեց
Ինչ էր ասում Փաշինյանը տարիներ առաջ եւ հիմա. եւս մի վկայություն. Լուսանկար
Մենք չգիտենք, թե ինչ ենք տալու այդ «խաղաղության» դիմաց. Արաբոյի Մանվել