30/01/2025

Ավինյանի թանկացումներին թիմում բոլորը չէ, որ համաձայն են. արձանագրում

«Արձակուրդում գտնվող Տիգրան Ավինյանը կոնսոլիդացրել է բարձրագույն իշխանությանը՝ տրանսպորտի թանկացման արշավում: Բայց ողջ իշխանությունը միասին վերցված չեն կարողանում իրենց աշխատանքով մեղմել հանրության զայրույթը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հիշեցնենք, որ մինչ արձակուրդի մեկնելը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կառավարության դիմաց պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը տեսակետ չի հայտնում տրանսպորտի թանկացման վերաբերյալ, ասել էր, թե Փաշինյանն իր տեսակետը կհնչեցնի: Եվ ահա չուշացավ «հրահանգը»։ Փաշինյանը ընտանեկան փոդքաստով, ապա տարբեր հրապարակումներով փորձում է հանրությանը համոզել, որ 100 դրամի թանկացումը խիստ անհրաժեշտություն է:

Անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միացավ արշավին և նույնիսկ անտրամաբանական հարցով փորձեց օգնել Ավինյանին՝ քննադատելով երբեմնի մտերիմ ընկերոջը՝ Հայկ Մարությանին. «Ինչո՞ւ մտահոգներով չեք հավաքվում, բողոքի ձայն բարձրացնում 20.000 դրամանոց մոնոներկայացումների դեմ: Ասենք` պահանջենք, որ 20.000 դրամանոց մոնոներկայացումը դառնա 100 դրամ»,- գրեց երկրի խորհրդարանի ղեկավարը: Տպավորություն է, որ նախկին պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը դեռ իր հին դերում է եւ մի փոքր նախանձ ունի Հայկ Մարությանի արագ սպառվող թանկարժեք տոմսերի կապակցությամբ. զուտ մրցակցային «նախանձ»։

Իսկ ավելի լուրջ, պետք է ասել, որ որքան մոտենում է փետրվարի 1-ը, այնքան խնդրահարույց է դառնում տրանսպորտի նոր սակագների կիրառումը, քանի որ հանրության լայն շերտերի շրջանում թանկ սակագնի դեմ բոյկոտելու տրամադրություն է տիրում:

Ի դեպ, ՔՊ պատգամավորները, որ Ավինյանի նախընտրական քարոզարշավի օրերին փողոցներն ընկած քարոզչություն էին անում, նույն ոգեւորությամբ չեն ընկել փողոցները ու չեն բացատրում, որ տրանսպորտի թանկացումը պետության համար շատ կարեւոր է»: