Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս մի շարք աղմկահարույց հայտարարությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ պետության եւ եկեղեցու հարաբերություններին, նշելով որ դրանք այսօր այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն, որովհետեւ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին էլ չպետք է խառնվի պետության գործերի մեջ։
Եվ որպես համոզիչ փաստարկ հիշել է 2018-ի օրերը․ «2018 թ-ին ինձնից շատերը պահանջում էին, ասում էին՝ Հայ առաքելական եկեղեցին պետք է ունենա նոր կաթողիկոս։ Ես հրապարակային ասել եմ՝ կառավարության ի՞նչ գործն է, թե ով է կաթողիկոսը։ Կաթողիկոսը ամենայն հայոց կաթողիկոսն է, ՀՀ-ինը չէ միայն»,-ասել է Փաշինյանն ու նկատել, որ դեռ այն ժամանակ էլ մեղադրանքներ կային, թե իրենք են կազմակերպում, հրահրում եկեղեցու ու անձամբ կաթողիկոսի դեմ այդ ընդվզումները։ «Եթե մենք կազմակերպեինք՝ 2018 թ-ին շատ արագ արդյունքի կհասնեինք, բայց դա մեր օրակարգի հարց չի եղել»,-նշել է նա։
Ի՞նչ է ակնարկել Փաշինյանը, ասելով որ եթե «մենք կազմակերպեինք՝ 2018 թ-ին շատ արագ արդյունքի կհասնեինք» ի՞նչ միջոցների կարող էին դիմել «արդյունքի հասնելու համար», որին չեն դիմել: «Նախ, իրենք փորձել են դա անել, ինքը ստում է, բա 2018թ-ին «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումն ո՞ւմ կողմից էր ֆինանսավորվում, օգտագործվում, չէ՞ որ հետո այդ մարդիկ տարբեր պաշտոններ զբաղեցրեցին ամենատարբեր օղակներում․․․»,- ասում է Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն ու այս առիթով մի առակ պատմում։
«Ջրհեղեղ է լինում, բոլոր կենդանիները գալիս են, որ տապան մտնեն ու փրկվեն, սուտն էլ է մտածում՝ մտնի տապան ու փրկվի։ Գալիս է, որ փրկվի, Նոյն ասում է՝ ճիշտ է, Աստված ասել է` ամեն պիղծ կենդանուց 2-2 վերցրու, բայց դու մենակ ես, գնա քո ընկերոջ հետ արի։ Սուտը գնում է ու հանդիպում անեծքին, ասում է՝ արի գնանք, փրկվենք, անեծքն ասում է՝ իմ օգուտը ո՞րն է, սուտն ասում է՝ ես ինչ որ կվաստակեմ, թող քո բաժինը դառնա․․․այդ օրվանից ստի վաստակը անեծքի բաժին է դառնում․․․։ Սա` իրեն պատասխան։ Հիմա, եթե թուրքը լիներ երկրի ղեկավար՝ ի՞նչ կաներ՝ նույն բանը․․․, եթե այս տեսանկյունից նայենք ամեն ինչ կհասկանանք, հիմա սատանան է եկեղեցու դեմ պայքարում ու եթե ինքը պայքարում է եկեղեցու դեմ, ինքը սատանայի զավակ է։ Նա արդեն ցեղասպանությունն էլ է կասկածի տակ դնում, իսկ այս դեպքում ի՞նչ տարբերություն, չէ՞ որ թուրքն էլ է կասկածի տակ դնում Հայոց ցեղասպանությունը»,-ասում է Տեր Ահարոնն ու ընդգծում, որ պակաս մեղավոր չեն նաեւ այն մարդիկ, ովքեր շրջապատում են երկրի ղեկավարին ու աջակցում նրան։
«Այսօր ով նրա կողքին է ու նրան պաշտպանում է, այդ հայրենազրկումների, նահատակների արյունը նաեւ նրանց վրա է, որովհետեւ հրեշը չէր կարող միայնակ այսքան սրիկայություններ անել։ Երբ նայում ես՝ Ալիեւն ինչ հայտարարում է, հետո ինքը նույնությամբ հաստատում է, դա նշանակում է՝ մեր երկու թշնամիները սինխրոն գործում են մեր երկրի դեմ։ Մի առիթով ասել եմ, եթե մենք «մարդ»-ը հակառակ ուղղությամբ կարդանք դառնում է՝ «դրամ», «նյութ»-ը դառնում է «թույն»․․․։ Հիսուս ասում է՝ անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք, իսկ անիրավ մամոնան դրամի կուռքն էր։ Հիմա, եթե անգամ իրենք դրամով են հայրենիքը վաճառում, ուրեմն իրենք կռապաշատ են, իսկ երբ մարդը նյութական՝ դրամական է մտածում, ինքը չի կարող ոչ լավ ընկեր լինել, ոչ լավ բարեկամ, ոչ հայրենասեր։ Ավելին՝ նա կթունավորի ոչ միայն իր կյանքը, այլեւ ուրիշներինը, ինչի ականատեսն ենք մենք այսօր։ Հիմա այդ ստի զավակը, որն այսօր վաստակել է այդքան սուտ՝ անեծքի բաժին է դառնալու եւ, ի վերջո, դժոխք է գնալու, որը մենք կտեսնենք։ Դրա համար եմ ասում, որ ինքը եկած օրվանից է եկեղեցու դեմ պայքարում, որովհետեւ եկեղեցին այն միակ խարիսխն է, որ երբ պետականություն չենք ունեցել, հային հայ է պահել»,-նշում է զրուցակիցս։
Այդուհանդերձ, Տեր հորը հարցրեցինք` Ամենայն հայոց կաթողիկոսին փոխելու մեխանիզմնե՞ր կան մեզանում, որ երբեւէ կիրառվել են ու ի՞նչ դեպքերում․ «Նման դեպքեր եղել են, օրինակ՝ Վահան կաթողիկոս ենք ունեցել, որը դավանափոխ է եղել, դրանից հետո եկեղեցական ժողով է գումարվել եւ իրեն գահընկեց են արել։ Սակայն տվյալ պարագայում Վեհափառ Հայրապետը դավանափոխ չի եղել, որ մի հատ ազգային-եկեղեցական ժողով գումարեն, ասեն՝ դու դավանափոխ ես եղել, հետեւաբար պետք է գահընկեց լինես։ Ու քանի որ նման բան չկա, ինքն էլ տեղով սուտն է, իր վաստակն էլ անեծքն է լինելու»։
Բաց մի թողեք
Վճիռ՝ հօգուտ Սուքիասյանների․ «Սիլ պլազայի» գործով Դատախազությունն առաջին ատյանում պարտվեց
Ինչ էր ասում Փաշինյանը տարիներ առաջ եւ հիմա. եւս մի վկայություն. Լուսանկար
Մենք չգիտենք, թե ինչ ենք տալու այդ «խաղաղության» դիմաց. Արաբոյի Մանվել