Ինչպես է մարգինալ տեսակետը դառնում պաշտոնական Պատկերացրեք, Իսրայելի վարչապետը մի օր հայտարարի. «Եթե խորը մտածենք, նացիստները որոշակի հիմքեր ունեին՝ հրեաներին համակենտրոնացման ճամբարներ տանելու եւ այնտեղ այրելու համար։
Պետք չէ դրանից մեծ պատմություն սարքել, դա մեր պետական շահերից չի բխում: Այդ ամերիկացիներն են, որ դատարկ տեղն աղմուկ են բարձրացրել, իզուր են թշնամացրել մեզ գերմանացիների հետ՝ ստիպելով ընդունել Հոլոքոստը:
Այդ նրանք՝ ամերիկացիներն են կառավարել մեր ինքնությունը, իսկ հիմա մենք կդառնանք ինքնուրույն եւ ինքներս կկառավարենք»:
Ի՞նչ կլինի իսրայելցի նման պետական գործչի հետ: Լավագույն դեպքում նրան կտանեն հոգեբուժարան: Բայց Իսրայելում, ինչպես նաեւ, ենթադրում եմ, որեւէ այլ նորմալ երկրում նման բան հնարավոր չէ: ԱՄՆ-ում էլ դժվար թե հաջողության հասնի այն գործիչը, որը կասի, թե ստրկությունը պետք չէր վերացնել:
Ֆրանսիայում նախագահ կամ թեկուզ պատգամավոր չի դառնա այն մարդը, որը կպնդի, թե պետության դրոշի վրա պետք է գրվեն «խտրականություն, բռնապետություն, թշնամանք» բառերը: Ո՞րն է հապա պատճառը, որ Հայաստանում այն տեսակետը, որ ցեղասպանություն, ըստ էության, չի եղել, եւ այդ պատմությունը 1950-ական թվականներին հնարել են (օրակարգ են մտցրել) ռուսները՝ Թուրքիայի հետ իրենց հաշիվները մաքրելու համար, նորմալ կամ առնվազն անտարբեր է ընդունվում:
Իմիջիայլոց, այդ դեպքում ստացվում է, որ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող մի քանի տասնյակ հայ, թուրք, եվրոպացի կամ ամերիկացի փայլուն գիտնականներ՝ բոլորը «ռսի շպիոն էին»: Հարցի բոլոր ասպեկտներից՝ քաղաքական, պատմական, իրավական, ինձ համար կարեւոր է մարդկայինը:
Մի՞թե այն մարդիկ, որոնք անձամբ, որոնց եղբայրները, ծնողները, պապերը Օսմանյան կայսրության քաղաքականության զոհերը դարձան միայն այն պատճառով, որ հայեր էին, մի՞թե նրանք կարող էին կամ կարող են մոռանալ, թե ինչ է տեղի ունեցել:
Մի՞թե պետք են ինչ-որ արտաքին ուժեր, առավել եւս՝ ռուսներ, որոնք պիտի նրանց այդ իրադարձությունների մասին հիշեցնեն: Եվ ավելի կարեւոր հարց. ովքե՞ր ենք մենք, որ թույլ ենք տալիս, հանդուրժում ենք, որ հայկական պետությունում, Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով նման խոսակցություններ վարվեն: Ես կանխատեսում եմ, թե ինչ առարկություններ են դրա դեմ հնչելու:
«Այդ ամենը, – կասեն «պրագմատիկները», – մարդկային հույզեր են, իսկ պետք է ղեկավարվել մաքուր պետական, քաղաքական շահերով»: Ստացվում է, որ «պետական շահերն» ինչ-որ վերացական երեւույթ են, որոնք զարմանալիորեն համընկնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի հետ: Եվ մեր այդ ենթադրյալ «պետական շահերը» հիմնված են մարդկանց զգացմունքները, հիշողությունը, արժանապատվությունը ոտնահարելու վրա: Եվ դարձյալ դուք կառարկեք՝ «իսկ Հայաստանում մարդկանց մեծամասնությունը չունի զգացմունքներ (բացի փորը լցնելու բնական ձգտումից), հիշողություն եւ արժանապատվություն»:
Այս առարկության հետ ես հակված եմ համաձայնելու՝ որոշ վերապահումներով: Բայց եթե այդ պնդումը ճիշտ է, ապա այդ մեծամասնությանը պետք է բացարձակապես միեւնույն լինի, թե ով է նրանց կերակրում: Այդպիսի մեծամասնությամբ հնարավոր չէ պետություն ունենալ, որովհետեւ այդ զանգվածների ներկայացուցիչները պատրաստ չեն զենքը ձեռքին պաշտպանել պետությունը: Ավելին՝ պատրաստ չեն նաեւ հարկեր մուծել՝ որքան էլ նրանց «թասիբի քցեն»:
Այդպիսի մեծամասնությամբ պետությունը հանձնվում է օտար կառավարման՝ իր առաջնորդի ձեռամբ: Եվ այդ պարագայում ուրացման միջոցով թուրքերին «բարիացնելը» գուցե մի քիչ արդարացված է:
…Վերջերս այսպիսի երազ եմ տեսել (իսկապես տեսել եմ): Ադրբեջանցիները «բլոքպոստ» են դնում Երեւանում՝ չգիտես ինչու տրոլեյբուսի տեսքով: Փաշինյանը «լայվ» է մտնում եւ ասում է, որ անհանգստանալու բան չկա, դա համաձայնեցված է Ադրբեջանի ղեկավարության հետ: Լայվի տակ գրառում՝ «HZOR VARCHAPET!!!»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
Բաց մի թողեք
Բանկային գաղտնիքի չեղարկման մասին խոսք չկա, բայց ստեղծված է մեխանիզմ, որը շրջանցում է այդ գաղտնիքը
Նույն պատճառով կորցրեցինք Արցախը, Հայաստանի տարածքները. Դանիելյան
Արդարացումների ժամանակն ավարտվել է, Փաշինյանը պետք է հեռանա․ Օսկանյան