18/02/2026

«Արտավազդ» մրցանակաբաշխությունը նորույթով՝ այս տարի կանցկացվի Կապանում

Tatron
Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը եւ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: «Նկատի ունենալով, որ Հայաստանի թատերական գործիչների միությունը միշտ առանձնահատուկ ուշադրության է արժանացրել մարզային թատերական կյանքը, եւ այն, որ այս տարի լրանում է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի 90-ամյակը, որոշում էր կայացվել՝ դիմել ՀՀ Սյունիքի մարզպետարան՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի Կապանում անցկացնելու եւ այն թատրոնի հոբելյանին նվիրելու առաջարկով: Ուրախությամբ պետք է նշենք, որ առաջարկը մեծ ոգեւորությամբ ընդունվեց մարզպետի կողմից: Ավելին, մրցանակաբաշխությանը նախորդած օրերին, մարտի 20-26-ը կանցկացվի Կամերային ներկայացումների փառատոն, որի ընթացքում Կապանում հանդես կգան հանրապետության լավագույն թատերական կոլեկտիվները: Կասկած չունենք, որ թե´ մրցանակաբաշխությունը եւ թե´ փառատոնը կխթանեն տեղի թատերական կյանքը՝ հանդիսատեսին էլ ավելի կապելով թատրոնին»,- փոխանցեցին ՀԹԳՄ-ից:

Discover more from EU - Armenia

Subscribe to get the latest posts sent to your email.