31/01/2025

Պետք է աշխատել ամենավատթար սցենարների պատրաստ լինելու ուղղությամբ

«Թրամփը ցանկության դեպքում մեկ օրում կարող է լուծել հայ-ադրբեջանական խաղաղության հարցը»,- ասում է Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլանը Ազատություն ռադիոյի եթերում:

Թրամփը մինչ ԱՄՆ նախագահ ընտրվելը, հավաստիացնում էր, որ մեկ օրում կկանգնեցնի ուկրաինական պատերազմը: Նրա պաշտոնամուտից հետո անցել է արդեն մի քանի օր, իսկ Դոնալդ Թրամփը ուկրաինական ճգնաժամի հարցով իր հատուկ բանագնացին հանձնարարել է մշակել հակամարտությունը հարյուրօրյա ժամկետում կանգնեցնելու ծրագիր:

Ավելորդ է գուցե ասել, թե որքան միամիտ է սպասումը, թե ԱՄՆ նախագահը մեկ օրում կարող է լուծել հայ-ադրբեջանական խաղաղության հարց: Ընդհանրապես միամտություն է այդ բանաձևը լայն իմաստով: Երբ փոխվում է աշխարհակարգ, երբ փլուզվում է այսպես ասած «յալթայան» աշխարհը, իսկ նորի ձևավորման սկզբունքները ու մեխանիզմները չեն էլ ուրվագծվում, մոլորություն է մտածել մեկ օրում որևէ հարց լուծելու անգամ տեսական հնարավորության մասին:

Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի հարցերի, ինչպիսին Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն է, իր բազմաթիվ և բազմազան շահառուներով ու գործոններով:

Այստեղ հարցը լոկ առանձին վերցրած մեկ գործչի տեսակետը չէ: Այն ուշադրության է արժանի, որովհետև արտացոլում է թերևս բավականին լայն տարածված մի մտայնություն կամ սպասում, որ Դոնալդ Թրամփը հարցեր կարող է լուծել ըստ ցանկության:

Եվ այդ հանգամանքը Հայաստանի հանրության շրջանում ձևավորում է սպասում, որ Թրամփը շատ շուտով լուծելու է հարցեր ու հաստատելու է խաղաղություն, ինչը իր անխուսափելի ազդեցությունն է թողնելու նաև Կովկասի վրա:

Ինչ խոսք, խաղաղությունը չի կարող չլինել ցանկալի որևէ բանական էակի համար, բայց քաղաքականությունը ցանկալին իրականության տեղ մատուցելու մեղմ ասած ամենահարմար վայրը չէ, և ավելին՝ ամենավտանգավոր վայրն է:

Թրամփի պաշտոնամուտը նոր շրջափուլ է համաշխարհային վերաբաժանման այս մեծ ընթացքում, սակայն այդ շրջափուլը խաղաղության հետ շփոթելը կլինի մեծ մոլորություն: Այո, պայմանավորվածությունները լինելու են անխուսափելի, սակայն մեծ հարց է, թե երբ են լինելու, և ինչ է լինելու մինչև այդ, այսինքն՝ մինչ պայմանավորվածությունները: Եվ դեռ ինքնին մեծ հարց է, թե ինչպիսին են լինելու այդ պայմանավորվածությունները:

Հետեւաբար, Հայաստանը չի կարող ապրել այն մտածողության ռեժիմում, որ կա ինչ-որ մատի շարժումով կամ ցանկությամբ հարցեր լուծելու հեռանկար, և պետք է աշխատել դրա ուղղությամբ: Պետք է աշխատել ամենավատթար սցենարների պատրաստ լինելու ուղղությամբ:

Ինչպես ասում են՝ հուսալ լավը, բայց պատրաստ լինել ամենավատին: Սա պետք է լինի Հայաստանի թե՛ հանրային, թե՛ պետական մտածողության բանաձևն առաջիկա ոչ միայն ամիսներին, այլ տարիներին ընդհանրապես: