Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում՝ տպավորիչ և հիշարժան ծրագրով։
Աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտի մենակատարմամբ հնչեցին Չայկովսկու Ռոկոկո թեմայով վարիացիաները և Սեն-Սանսի Թավջութակի թիվ 2 կոնցերտը: Համերգի ընթացքում հանդիսատեսն ունկնդրեց նաև Յոհաննես Բրամսի թիվ 4 սիմֆոնիան:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան։
Երաժշտությունը շարունակում է հնչել Երևանում՝ նոր սերնդի տաղանդավոր երաժիշտների կատարմամբ։
Բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.
«Այս տարի մեր փառապանծ ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանն է, որը մեզ պարգևել է ազգային արժանապատվության, հպարտության, մշակութային բարձր արժեքներ արարելու և աշխարհին որպես քաղաքակրթական ավանդույթներ կրող ազգ-պետություն ներկայանալու ամենաբարձր զգացողությունը։
Դրանում իր անուրանալի դերն ու վաստակն ունի մաեստրո Էդուարդ Թոփչյանը, ում այսօր կարելի է դասել միջազգային մակարդակի լավագույն դիրիժորների շարքում, ում ղեկավարած երաժշտական կոլեկտիվին համեմատում են աշխարհի առաջնակարգ նվագախմբերի հետ։ Այս մասին շատ է գրվել ու ասվել։ Սակայն այսօրվա համերգը, այն էլ այսպիսի բարդագույն ծրագրով, անհերքելի ապացույցն է միաժամանակ մի քանի իրողության`
-հայ ժողովուրդն իր մշակութային ընդերքում կարող է հրաշքներ ծնել ու արարել. նման որակի մանկապատանեկան նվագախումբ կերազեն ունենալ անգամ առաջադեմ աշխարհի ամենազարգացած երկրները
-ունենք պատանեկան ու մանկական սերունդ, որի հետ նվիրված ու արհեստավարժ աշխատանքը նման մշակութային սխրանքի կարող է հանգեցնել
-ունենք և կարող ենք ապահովել ֆիլհարմոնիկ նվագախմբի արժանի հերթափոխը, ինչը տարիներ շարունակ եղել է մաեստրո Թոփչյանի մտահոգությունը
-վերջապես, ունենք մշակույթի և քաղաքի պատասխանատուներ, ովքեր պատշաճ վերաբերմունք ու պատասխանատվություն կարող են ցուցաբերել իրական մշակույթի հանդեպ, ինչը դրվատանքի արժանի է (այսպիսի արժեքավոր գործերի համար պատրաստ եմ առաջինը փառաբանել)։
Ուստի իմ երախտագիտությունն եմ հայտնում, ըստ իս, վերջին տասնամյակների ամենամեծ մշակութային ձեռքբերումը դարձած մանկապատանեկան նվագախմբի ստեղծման և այս մակարդակով մեզ ներկայացման բոլոր պատասխանատու գործիչներին (գեղարվեստական, երաժշտական, պետական և այլն)։
Բրամսի սիմֆոնիաների մեծ երկրպագուս և Օհան Դուրյանի բրամսյան բացառիկ-անգերազանցելի մեկնաբանություններին սովոր ունկնդիրս շատ հաճախ եմ նյարդայնացել չբավարարող ու ոչ խորքային մեկնաբանություններից և անգամ դուրս եկել համերգասրահներից։
Կեցցեք, մաեստրո Թոփչյան, կեցցեք մեր հրաշալի երեխաներ, դուք այսօրվա ծրագիրը կատարեցիք փայլուն, շքեղ…
Հպարտ եմ, հիացած ու հուզված…»:
Բաց մի թողեք
«Արտավազդ» մրցանակաբաշխությունը նորույթով՝ այս տարի կանցկացվի Կապանում
Մեծահամբավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նշում է ծննդյան 86-րդ տարեդարձը
Առաջին հանդիպումը Իսահակյանին․ հիշում է Սիլվա Կապուտիկյանը. Լուսանկարներ