04/02/2025

«Ես ի՞նչ իմանամ՝ շտաբի պետի պարտականությունը թողնել, փախչե՞լն ա, թե՞ զորքին ղեկավարելը»

Այս արտահայտությունը կոչումով սպա Արսեն Դանիելյանն փետրվարի 3–ին, հնչեցրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում քննվող մայոր Գևորգ Գևորգյանի գործով վկայություն տալու ժամանակ։ 

Հիշեցնենք, որ մայոր Գ․ Գևորգյանը եղել է Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ։ Նա մեղադրվում է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ 2020թ․ հոկտեմբերի 12-ին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում Ցորի հրետանային դիվիզիոնի շրջափակման մեջ հայտնվելու ժամանակ զինվորների ինքնապաշտպանությունը չկազմակերպելու, վերջիններիս չտարհանելու, ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու համար:

Արսեն Դանիելյանը դատարանին հայտնեց, որ մինչև 2023թ․ սեպտեմբեր ամիսը ծառայել է Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) ՀՕՊ ստորաբաժանումում, որպես դասակի հրամանատար։ Վկան այսօր որոշել էր էական ոչինչ «չհիշել» 2020թ․ հոկտեմբերի 12-ին կատարվածից և իր նախաքննական ցուցմունքներից հրաժարվելը պատճառաբանել իրավական գիտելիքներ չունենալով ու սպաների պարտականություններին չտիրապետելով։

«Ջուվառլու» կոչվող տեղամասում Ցորի հրետանային դիվիզիոնի շրջափակման մեջ հայտնվելու վերաբերյալ նախաքննության ժամանակ տված ցուցմունքի շուրջ նրան հարցեր էին ուղղում երկու հանրային մեղադրողները, որպեսզի վկան կարողանա վերհիշել հինգ տարի առաջ տեղի ունեցածի մանրամասները։ Սակայն վկան մի մարտավարություն էր որդեգրել, որ դատարանում պետք է հերքի նախաքննական ցուցմունքը։

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցրեց. «Այդ դեպքերից հետո, մինչև քննիչի մոտ գնալը, Գևորգ Գևորգյանի մասին ի՞նչ եք լսել, ի՞նչ եք իմացել»։

«Ինձ հետաքրքիր չի եղել, չեմ հետաքրքրվել»,– պատասխանեց Արսեն Դանիելյանը։

«Այդ դեպքերից հետո առայսօր, մինչև դատական նիստի օրը, ինչ–որ մեկը ձեզ հետ խոսակցություն ունեցե՞լ է ձեր` նախաքննության ժամանակ տված ցուցմունքի վերաբերյալ կամ այն մասին, որ դատարանում պետք է ցուցմունք տաք»,– հարցրեց Դ․ Նավասարդյանը։ Վկայի պատասխանը ժխտական էր։

Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հարցին՝ հնարավո՞ր է քննիչի մոտ սուտ եք ասել, վկան պատասխանեց.

– Չէ, ինչ տեսել եմ, ինչ պատկերացրել եմ, դա եմ ասել։

-Կարո՞ղ է քննիչը ստեր գրած լինի, խոսքն ամբողջ ցուցմունքի մասին է։

– Ոչ,– եղավ պատասխանը։

Վկան դատարանում փորձ էր անում հրաժարվել նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքներից, ինչն էլ վրդովվեցրեց տուժողներին։ Տուժողները Ցորի զորամասի Դ–20 հրետանային դիվիզիոնի 1–ին մարտկոցի 2020թ․ հոկտեմբերի 12–ին շրջափակման մեջ գտնվելու հետևանքով Ջուվառլու կոչվող տարածքում զոհված 20 զինվորների ծնողներն են։ Նրանք բուռն արձագանքեցին վկայի պահվածքին, որի համար վիճաբանություն սկսվեց նրանց և ամբաստանյալ Գևորգ Գևորգյանի պաշտպան,  փաստաբան Գոռ Գևորգյանի միջև։

Հանդարտվելուց հետո պաշտպան Գևորգյանը դատարանին հայտնեց, որ վկայի նախաքննական և դատարանում տված ցուցմունքների միջև ահռելի հակասություններ կան։ «Նախաքննության ժամանակ վկան գնահատական է տվել Գևորգյանի գործողություններին։ Նախաքննական ցուցմունքից բացառապես այդ հատվածն է առանձնացվել որպես Գևորգյանի մեղքը հիմնավորող փաստական ապացույց, նա այստեղ վկա է հենց այդ մասով»,– հայտնեց պաշտպանը։

Նույն միջնորդությունը ներկայացրեց հանրային մեղադրողը և խնդրեցին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից այդ հատվածը։ Դատարանը երկուսի միջնորդությունն էլ բավարարեց։

Քննիչի հարցը՝ վկային․ «Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ Գևորգ Գևորգյանն արդյոք պարտավորություն ունե՞ր մնալ կրակային դիրքում, կազմակերպել անձնակազմի նահանջը, ղեկավարել գործողությունները, առաջնորդել զորքին, թե՞ պետք է առաջնահերթության կարգով փորձեր փրկվել»:

Ա․ Դանիելյանի պատասխանը․ «Նա պետք է մնար և ղեկավարեր կրակային դիրքերի տեղափոխումը, անձանակազմի նահանջը, նա էր պատասխանատու անձնակազմի պաշտպանության համար։ Եթե սպան փախչում է, ապա առանց ղեկավարման մնացած զինվորը վախից մատնվում է խուճապի, կորցնում է ինքնատիրապետումը»։

Քննիչի հարցը․ Գևորգյանը որպես շտաբի պետ արդյոք պատասխանատո՞ւ էր դիվիզիոնի կրակային դիրքերում եղած ողջ անձնակազմի համար, թե՞ միայն իր կառավարման դասակի անձնակազմի համար։

Ա․ Դանիելյանի պատասխանը․ նա պատասխանատու էր ողջ անձնակազմի համար, նա էր դիվիզիոնի շտաբի պետը։

Քննիչի հարցը․ ի՞նչ էր իրենից ներկայացնում՝ «ով ոնց կարողանում է, թող դուրս գա» կոչը, այն հանդիսանո՞ւմ է հրաման, թե՝ ոչ։ Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկեն այդ ժամանակ հրամանատարական կազմի սպաները։ Արդյոք դա իրենից ենթադրո՞ւմ է անհատական մոտեցում, մասնավորապես, ինքնուրույն որոշումներ կայացնելու և գործելու կոչ, որի պարագայում հրամատարներն այլևս որևէ պարտավորություն չեն կրում իրենց ենթակաների համար։

Ա․ Դանիելյանի պատասխանը․ «Այդ կոչը հրաման է, որի ժամանակ հրամանատարը կամ իր ներկայացուցիչները պետք է կատարեին իրենց վրա դրված պարտականությունները։ Դա անահատական բնույթ չէր կրում։ Այսինքն, որևէ պարագայում, եթե անգամ հրամանը լավ չէր ձևակերպված, հրամանատարն իրավունք չունի իր զորքին միայնակ թողնել և լքել մարտի դաշտը։ Լավ, եթե հաշվենք, որ հրամանը սխալ է տրված, բա ո՞ւր մնաց մարդկայինը, ո՞նց կարելի է զինվորին մենակ թողնել մարտի դաշտում, մտածել միայն սեփական կաշին փրկելու մասին ․․․»։

Հարցաքննությունն ավարտվել է հետևյալ նախադասությամբ․ «Ավելացնելու ոչինչ չունեմ, ցուցմունքս գրված է իմ խոսքերից, կարդացվել է, ճիշտ է»։

Մայոր Գ․Գևորգյանի պաշտպաններից փաստաբան Գոռ Սաղոյանն ավարտեց վկայի նախաքննական ցուցմունքի հրապարակումը և կրկին դատարանին հիշեցրին, որ վկան դատարանին այլ բան է հայտնել։ Ասել է, որ չի տիրապետում հրամանատարների լիազորություններին, չգիտի, թե ինչ գործողություններ պետք է կատարեր, բայց նախաքննական ցուցմունքում գնահատական է տվել Գ․ Գևորգյանի գործողություններին։

Վկան դատավարության կողմերին պետք է պարզաբանում տար, թե ինչու է հակասություն առաջացել իր ցուցմունքների միջև։ «Ես իրավաբան չեմ և իրավաբանորեն չեմ հասկանում, թե ինձ ինչ հարց տվեցին և իրենք ինչ են շարադրելու։ Ես ի՞նչ իմանամ` շտաբի պետի պարտականությունը թողնել՝ փախչելն ա, թե՞ զորքին ղեկավարելը»,– դատարանին հայտնեց Արսեն Դանիելյանը։

Դատավորն ու հանրային մեղադրողները ջանում էին բարձրագույն կրթություն և լեյտենատի կոչում ունեցող վկայից պարզ հարցերի բացատրություն ստանալ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի հաջորդ հարցին․ «Դուք ընկալո՞ւմ եք, թե հրամանատարն ինչ է պարտավոր անել»։

«Հրամանատարն ա պարտավոր, հա՛, բայց որ կոնկրետ նշվում ա` հուվա՞ պարտավոր, ես գիդում չեմ»,– կատարվածը մայոր Գևորգյանից հեռացնելու մտադրությամբ հայտնեց վկան։

Հանրային մեղադրող Հայկ Ռափյանը հարցրեց. «Ձեզ որևէ մեկը պարտադրե՞լ է կամ հրահրե՞լ է տալ այնպիսի ցուցմունք, որն իրականությանը չի համապատասխանում։ Ձեզ սպառնացե՞լ են, վախեցրե՞լ են, որ այդպիսի ցուցմունք տաք»։ «Ոչ» եղավ վկայի պատասխանը։ Նա հայտնեց, որ հարցաքննությունն ավարտելուց հետո քննիչը կարդացել է իր ցուցմունքը։ «Կարող է այնպիսի հարց է տվել, որ ուշադիր չեմ եղել, ինքն իր շարադրանքով է գրել, ես ի՞նչ իմանամ»,– ավելացրեց վկան։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ճշտող հարցին՝ եթե քննիչը իրականությանը չհամապատասխանող, սուտ բաներ գրեր, չէիք հարցնի՞ քննիչին՝ ես այդպիսի բան չեմ ասել»։

«Ինչ տեսել եմ, այն էլ ասել եմ»,– եղավ վկայի պատասխանը։