04/02/2025

Իրանը շարունակում է նախազգուշացնել Ադրբեջանին

Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարն Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ իրենց հանդիպումներում խոսել են ռեգիոնում սահմանների որևէ փոփոխության անթույլատրելիության, տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության անընդունելիության «սկզբունքային մոտեցման» մասին:

Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների այդ դիրքորոշումները թույլ են տալիս ենթադրել, որ Ադրբեջանը փորձել է շոշափել հենց այդ տրամադրությունները, թե որքանով է Իրանը սկզբունքային իր մոտեցումներում՝ հաշվի առնելով վերջին շրջանի իրադարձությունները:

Մասնավորապես, իրադարձությունները Սիրիայում, և, իհարկե, պայմանագիրը Ռուսաստանի հետ, որ հունվարի 17-ին ստորագրվեց Մոսկվայում: Իրանը, փաստորեն, վերահաստատել է իր սկզբունքային մոտեցումները, բայց գլխավոր հարցն այն է, թե որքանով է Հաջիևը ստացել այնպիսի մեսիջներ, որոնք Ադրբեջանի համար կասկածից վեր են դարձնում այն, որ ռեգիոնալ որևէ ապակայունացման դեպքում Ադրբեջանը կունենա հետևանք, որը մարսելը կլինի շատ դժվար ու ծանր:

Իրանից ստացվող այդ հավաստիացումները Հայաստանում ընկալվում են որպես «միջանցքի» հարցում կարմիր գիծ՝ այն եզրահանգմամբ, որ Իրանը Բաքվին երբեք թույլ չի տա այնտեղ դիմել արկածախնդրության: Որքանով է հուսալի ու երաշխավորված՝ Իրանի այդ մոտեցմանը ապավինելը, սա, իհարկե, հարցի մի կողմն է: Բայց կա նաև մյուս կողմը: Իսկ արդյո՞ք ռիսկերը վերաբերում են լոկ «միջանցքային» հարցերին:

Իսկ չկա՞ն արդյո՞ք ռիսկեր, որոնք կարող են կապված լինել սահմանային տարբեր հատվածներին, ինչպես օրինակ ջերմուկյան իրադարձություններն էին, որոնք կվերագրվեն «չսահմանազատվածության» խնդրին:

Ռեգիոնալ սահմանների և աշխարհաքաղաքականության տեսանկյունից դրանք չեն լինի փոփոխություն, հետևաբար չեն խախտի Իրանի սկզբունքային գծեր, բայց Հայաստանի համար դրանք կլինեն ցավագին գործողություններնկրկնվելու դեպքում:

Այստեղ Երևանի ապավենը թերևս ԵՄ դիտորդական առաքելության հանգամանքն է, որի տեղակայման ժամկետը ԵՄ խորհուրդը երկարաձգեց ևս երկու տարով: Նույն հարցը, անշուշտ, կա այս դեպքում՝ ԵՄ դիտորդների ներկայությունը որքանո՞վ է այսպես ասած երաշխավորված ապավեն:

Միևնույն ժամանակ, այդ հարցը, իհարկե, կա և, համենայն դեպս, անտեսանելի ապագայում լինելու է ցանկացած արտաքին գործոնի պարագայում: Հայաստանի համար պարզապես գոյություն չունի այլ տարբերակ, քան խճանկարի սկզբունքը, քանի դեռ վերականգնված չեն սեփական անվերապահ կարողություններ: