«Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր»,- Վաշինգտոնում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելով Save Armenia նախաձեռնության կազմակերպած միջոցառմանը:
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը ԱՄՆ առաջնահերթությունների շարքում չէ՞, որ ամենից կարևոր օգնությունը նշում է Կովկասի խաղաղության հարցը հենց այդ շարքում ներառելը: Իհարկե, որպես մեխանիզմ, բանաձև՝ Փաշինյանը, անշուշտ, իրավացի է:
Եթե ԱՄՆ համար Հարավային Կովկասի խաղաղությունը լինի առաջնահերթություն, ապա դա կլինի թերևս ուղղակի, թե անուղղակի շատ էական աջակցող հանգամանք Հայաստանի համար, որովհետև ԱՄՆ ունի իր առաջնահերթությունը արդյունավետ սպասարկելու բավարար գործիքակազմ:
Այստեղ, իհարկե, հարկ է բավարարի չշփոթել անվրեպ և բացարձակ հասկացությունների հետ, այսինքն, չհամարել, որ ԱՄՆ անվրեպ և բացարձակ արդյունավետությամբ կարող է սպասարկել իր առաջնահերթությունները:
Բայց իհարկե ունի բավականին ուժեղ գործիքակազմ բարձր արդյունավետության համար: Սակայն էականը հենց այն է, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը համարում է, որ այդտեղ կան հարցեր: Որովհետև ԱՄՆ նախորդ ադմինիստրացիան համենայն դեպս հայտարարությունների մակարդակում պարբերաբար հավաստիացրել է խաղաղությանը նպաստելու պատրաստակամության մասին, իսկ պաշտոնական Երևանն էլ պարբերաբար շնորհակալություն հայտնել ու ողջունել այդ պատրաստակամությունը:
Թե՞ Փաշինյանի խոսքն ակնարկ է այն մասին, որ առաջնահերթությունները և մոտեցումները փոփոխության են ենթարկվել վարչակազմի փոփոխության արդյունքում: Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, ակնարկում է, որ Թրամփի վարչակազմից Երևանը գոնե առայժմ չի ստացել գործուն և էական ազդակներ, որոնք կարող են վկայել, որ Կովկասում խաղաղության հարցը և Կովկասի հարցերն ընդհանրապես առաջնահերթություն են ԱՄՆ նոր վարչակազմի համար:
Խոշոր հաշվով, այս հարցը, իհարկե, բաց է, և ինքս էլ պարբերաբար շոշափել եմ այն ընթերցողների առաջ, թե արդյոք ինչ դեր ու տեղ է ունենալու Կովկասը Թրամփի վարչակազմի քաղաքական համայնապատկերում:
Համենայն դեպս մինչև այժմ Թրամփը կամ նրա առանցքային թիմակիցները որևէ հրապարակային էական հայտարարություն չեն արել Կովկասի առնչությամբ, ինչը կարող է հիմք տալ եզրակացնելու, որ Կովկասը այդ իմաստով դիտարկվում է «ածանցյալ» կարգավիճակով:
Բաց մի թողեք
Թուրքիային խաղաքարտ կտա Հայաստանի թեմայով այլ խաղացողների հետ ավելի վստահ խոսակցության համար
Փաշինյանի այցը Վաշինգտոն ու Ալիեւի ուղերձները Թրամփին
Պետք է աշխատել ամենավատթար սցենարների պատրաստ լինելու ուղղությամբ