04/02/2025

Վճռական ու զանգվածային գործողություններ են նախատեսվում համընդհանուր հայտարարագրման համակարգի դեմ

Չնայած, այսպես կոչված, համընդհանուր հայտարարագրման հետ կապված իշխանություններն առերևույթ «հետքայլ» արեցին, մասնավորաբար չհարկվող գումարների հայտարարագրման համար սահմանելով 300 հազար դրամ շեմ, և հանելով էլեկտրոնային ստորագրության տարեկան 3000 դրամ տուրքը, այդուամենայնիվ, դրանք միայն «կոսմետիկ» փոփոխություններ են և գլոբալ առումով բացարձակ ոչինչ չեն փոխում:

«Փաստ» օրաթերթը գրում է. Փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը անընդհատ մարդկանց գրպանները մտնելու ուղիներ են փնտրում՝ մի կողմից, և քաղաքացիների կյանքը բարդացնում են՝ մյուս կողմից:

Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում համընդհանուր հայտարարագրման պայքարը լրջորեն թեժանալու է: Պայքարի առաջամարտիկի դերը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ստանձնում է Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Փաստի» տեղեկություններով, եթե առաջիկա կարճ ժամանակամիջոցում այդ համակարգը չեղարկելու ուղղությամբ առարկայական քայլեր չեղան, նախատեսվում են առավել վճռական ու զանգվածային գործողություններ: Սկզբի համար՝ մայրաքաղաքում: