Հունվարի 17-ին Իջեւանի քաղաքապետ Արթուր Ճաղարյանն ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել: Քննարկվող հարցերից երկուսը վերաբերում էին «Օկոն» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությանը.
Հրապարակ թերթը գրել է․ «Հաշվի առնելով «Օկոն» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպության դիմումը՝ տալ հավանություն, Տավուշի մարզ, Իջեւան համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, 394.0546 հա մակերեսով արոտավայրեր եւ 0.3264 հա մակերեսով այլ հողատեսքեր գործառնական նշանակության հողամասերը, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) ութ տարի ժամկետով տրամադրել «Օկոն» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությանը՝ Հարավային Կովկասի էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով»:
Մյուս օրակարգային հարցով՝ «Իջեւան համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության եւս 490.7811հա մակերեսով արոտավայրեր եւ 15.5182 հա մակերեսով այլ հողատեսքեր գործառնական նշանակության հողամասերը, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) ութ տարի ժամկետով տրամադրել»:
Երկու որոշմամբ էլ տրամադրման տարեկան վարձավճար սահմանվել է 4 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ մեկ հեկտարի համար: Մեզ հետաքրքրեց, թե ով է «Օկոն» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպության նախագահը, ինչ գործառույթ պետք է իրականացնի այդ կազմակերպությունը, եւ, ընդհանրապես, ինչ ծրագրի մասին է խոսքը, որ քաղաքապետարանը նման շռայլություն է դրսեւորել:
«Օկոն» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2023 թվականին, հասցեն՝ Հայաստան, Տավուշ, Իջեւան, Երիտասարդական փողոց, շենք 14, բնակարան 5: Այս նույն հասցեում է բնակվում Իջեւանի քաղաքապետի խորհրդական, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի բաջանաղը՝ Դավիթ Վիրաբյանը, որն «Օկոն» ՀԿ-ի նախագահն է: Հիշեցնենք, որ մամուլում քանիցս գրվել է, որ Տավուշի մարզպետ Ղալումյանը հոգացել է, որ իր ազգականներն անգործ չմնան` բոլորին տեղավորել է։
Մարզպետն իր բաջանաղի ընտանիքի բոլոր անդամներին աշխատանքով ապահովելուց զատ, որոշել է նաեւ մարզ եկած ծրագրերն էլ բաջանաղով անել: 2024թ. նոյեմբերի 6-ին կնքվել է եռակողմ բնապահպանական համաձայնագիր՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի, Իջեւան համայնքի եւ «Օկոն» սոցիալ-բնապահպանական ՀԿ-ի միջեւ, «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II (ECF) եւ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» LILA ծրագրերի ազգային խորհրդատվական խմբի միջեւ: Համաձայնագիրը ստորագրել են WWF-Հայաստանի տնօրեն Լեւոն Աղասյանը, Իջեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հրանտ Ներսեսյանն ու «Օկոն» սոցիալ-բնապահպանական ՀԿ նախագահ Դավիթ Վիրաբյանը:
Մենք տեղեկացանք, որ այդ ծրագիրը գործելու է Իջեւան խոշորացված համայնքների Ենոքավան եւ Սեւքար բնակավայրերի տարածքում։ Այն կազմելու է էկոմիջանցքների մաս, որն ապահովելու է վայրի կենդանիների ապահով տեղաշարժն ու պահպանությունը: Համայնքային զարգացմանն ու վայրի կենդանատեսակների պահպանությանը միտված նոր տարածքը կընդգրկի 6000 հեկտար տարածք: Նշված տարածքից 1000 հեկտարը հիմնական գոտին է, որտեղ պահպանությունն ավելի խիստ ռեժիմով է իրականացվելու, իսկ 5000 հեկտարը կայուն կառավարման գոտին է, որը կծառայի տնտեսական նպատակների։
Սեւքար բնակավայրի վարչական ղեկավար Թաթուլ Թելոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ լսել է այդ ծրագրի մասին, բայց ոչինչ ասել չի կարող։ «Ավելի լավ է դիմեք Իջեւանի համայնքապետարան»,- ասաց նա:
Ենոքավան բնակավայրի վարչական ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանը եւս միայն լսել էր ծրագրի մասին, սակայն չկարողացավ ասել, թե ինչ է նախատեսված անել այդ ծրագրով: Բնապահպան Սիլվա Ադամյանից հետաքրքրվեցինք, թե տեղյա՞կ է արդյոք այս ծրագրից, ինչ է այն իրենից ներկայացնում։ «Տեղյակ եմ, բայց իրենք ոչ մեկին ոչինչ տեղյակ չեն պահում, ո՛չ հանրային քննարկում են անում, ո՛չ էլ մեզ հրավիրել են, որ մենք հասկանանք, թե ինչ ծրագիր է: Այնտեղ այնպիսի մարդիկ են գնում, որոնք կենսաբազմազանության մասին գաղափար չունեն, իրենք իրար մեջ քննարկում են անում: Առաջվա նման չէ, որ բոլորին հրավիրեն, որ քննարկումներ անեն, դրա համար շատ ժամանակ մենք տեղյակ էլ չենք լինում, թե ինչ է էնտեղ կատարվում: Հանրության մասնակցությունը զրո է: Նախկինում, անկախ մեր քաղաքական հայացքներից, զբաղվում էինք, հիմա եթե քո քաղաքական հայացքներն այլ են, չեմ ասում՝ որեւէ քաղաքական թիմի ես սատարում, այլ է՝ դու այդպես չես մտածում, արդեն դուրս ես մնում ամեն տեղից: Հիմա մարդիկ կան, որոնք ձայն չեն հանում, չեն խոսում, իրենց համար մեկ է, թե ինչ կկատարվի, նրանք ընդգրկված են լավ ծրագրերում»,- ասաց Ադամյանը:
Քանի որ ծրագրի համաձայնագիրը ստորագրել էին Իջեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հրանտ Ներսեսյանն ու «Օկոն» սոցիալ-բնապահպանական ՀԿ նախագահ Դավիթ Վիրաբյանը, փորձեցինք նրանցից ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալ: Այս երկու պաշտոնյաներն օրեր շարունակ մեր զանգերին չպատասխանեցին, թերեւս իմանալով, թե ինչ հարցեր էինք ուղղելու իրենց: Ճարտարագետ-հողաշինարար Վիրաբյանը, որի առաջ մարզում միայն կանաչ լույս է վառվում, որոշել է բախտը փորձել բնապահպանական ծրագրում, քանի որ տարածքի պահպանության եւ կառավարման համար այս ծրագրով կտրամադրվի 200 հազար եվրո դրամաշնորհ, որից 3000-ական եվրո կստանան Ենոքավան եւ Սեւքար բնակավայրերը՝ համայնքային փոքր ծրագրերի իրականացման համար:
Բաց մի թողեք
Ոստիկանների հետ առերեսում է եղել, նրանք հրաժարվել են իրենց արածից
ՔՊ-ն քննարկումների մեջ է
Մի ասեք՝ Փաշինյանի մեղքերը, ասեք՝ սխալները, նոր ընդդիմություն է ձևավորվում