Բաքվի «Թուրան» գործակալությունը, հղելով Ադրբեջանի տրանսպորտի նախարարության մեկնաբանությանը, գրում է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի թռիչքի ժամերին Ռուսաստանի օդային տարածքում արտաքին տեխնիկական խաթարումների է բախվել նաև Իլհամ Ալիևի «Բաքու-1» ինքնաթիռը։
Ադրբեջանի նախագահն այդ օրը մեկնում էր Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովին, որ ամեն տարեվերջի ավանդաբար կազմակերպում է Ռուսաստանի նախագահը։
Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հիմք է ընդունել Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանման պատճառների հետաքննության նախնական եզրակացությունը, որտեղ արձանագրված է, որ այն «Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում, այդ թվում՝ Գրոզնի օդանավակայանի մոտ, կորցրել է GPS ազդանշանը»։ Այսինքն, խոսքը վերաբերում է ոչ միայն Չեչնիայի, այլև ՌԴ օդային տարածքի այլ հատվածներում GPS ազդանշանի արգելափակման մասին է։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, փորձագետները «Բաքու-1» օդանավի հետ կապված ենթադրություններ արել են դեռևս հունվարի 4-ին։ «Թուրանը», սակայն, փոխանցում է չափազանց կարևոր տեղեկություն, ըստ այդմ, Իլհամ Ալիևի օդանավը Բաքու-Սանկտ- Պետերբուրգ թռիչքի է բարձրացել, երբ արդեն հայտնի էր, որ «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավը Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում կործանվել է։
Այսինքն, իմանալով, որ ադրբեջանական օդանավը ենթարկվել է աղետի, Ադրբեջանի նախագահն, այնուամենայնիվ, չի չեղարկել ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցությունը, բայց երբ «թիվ մեկ բորտը» ՌԴ օդային տարածքում բախվել արտաքին տեխնիկական խաթարումների, այն է՝ անջատվել է GPS համակարգից, Ալիևը կարգադրել է «շտապ վերադառնալ Բաքու»։
Ադրբեջանական աղբյուրները չեն նշում, թե կոնկրետ ՌԴ օդային տարածքի ո՞ր հատվածում է «Բաքու-1» ինքնաթիռը հայտնվել արտաքին տեխնիկական խաթարումների գոտում։ «Թուրանը» պնդում է, որ նախագահական ինքնաթիռը «ենթարկվել է կուրացնող ալիքների հարձակման»։
Հայտնի չէ, ավելի ճիշտ՝ չի հրապարակայնացվում ադրբեջանական ՛թիվ մեկ բորտի» թռիչքի և Բաքվում հետադարձ վայրէջքի ժամանակը։ Չկա տեղեկություն, թե նախագահական ինքնաթիռը ո՞ր օդանավակայանում է արտակարգ վայրէջք կատարել։
Բայց եթե այս տեղեկությունները գոնե մասամբ համապատասխանում են իրականությանը, ապա պարզ է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև օդային աղետի պատճառով ստեղծված լարվածությունն ավելի խորքային պատճառ ունի և ուղղակիորեն առնչվում է Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հարաբերություններին։
«Թուրանը» պնդում է, որ Իլհամ Ալիևը Սանկտ-Պետերբուրգ է ուղեւորվել՝ արդեն իսկ տեղեկացված լինելով, որ Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը կործանվել է, ընդ որում՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում։
Սա նշանակում է, որ նա պայմանական ասած՝ «ազգային աղետը» ստորադասել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Չնայած արտակարգ իրավիճակը պահանջում էր ոչ միայն չեղարկել այցը, այլև դիմել Ադրբեջանի ժողովրդին։
Սանկտ-Պետերբուրգ մեկնելու Ալիևի որոշումը ոչ մի առումով արդարացված չէ։ Բայց որքանո՞վ է բարոյական, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ավիացիոն իշխանություններն Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության չեն տեղեկացրել, որ Հյուսիսային Կովկասի օդային տարածքում հայտարարված է «գորգ ռեժիմ»։
Ո՞վ է թերացել։ ԻՆչ-որ մեկին ձեռնտու՞ էր, որ Պուտին-Ալիև հարաբերությունների փոխադարձ վստահությունը խաթարվի։ Ադրբեջանական լրատվամիջոցը փաստացի ասում է, որ ՌԴ օդային տարածքում Ադրբեջանի «թիվ մեկ բորտը» ենթարկվել է տեխնիկական հարձակման, որ կարող էր օդանավի խորտակման պատճառ դառնալ։
Ավելի մատչելի լեզվով ասած՝ Ադրբեջանի նախագահն իր «անկախ» լրատվամիջոցին հրահանգել է հրապարակայնացնել, որ 2024 թ․ դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի օդային տարածքում իր դեմ մահափորձ է կազմակերպվել։
Ղազախստանի կառավարական հանձնաժողովում «Բաքու-1» օդանավի հետ կապված հանգամանքներն ուսումնասիրության առարկա՞ են դարձել կամ հետագայում կարո՞ղ են դառնալ։ Ադրբեջանը սպառնում է Ռուսաստանի դեմ միջազգային դատական հայց ներկայացնել, եթե Մոսկվան պաշտոնապես չընդունի, որ Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռը «խոցվել է «Պանցիր» ՀՕՊ համակարգի արձակած հրթիռով»։
«Ռոսավիացիան» արդեն իսկ հակադարձել է, որ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի հրամանատարն ինքն է ընդունել Ակտաուի օդանավակայանում վթարային վայրէջք կատարելու որոշումը՝ չնայած որ Մախաչկալայի և Մինվոդիի օդանավակայանները պատրաստ էին ընդունել նրան։
Կրեմլի խոսնակ Պեսկովը չի մեկնաբանել ադրբեջանական օդանավի աղետի վերաբերյալ Ղազախստանի հրապարակած նախնական եզրակացությունը։ ասելով, որ դա ընդամենը նախնական եզրակացություն է, որը ՌԴ պատկան կառույցները կուսումնասիրեն պատշաճ:
Առայժմ, կարծես թե, պաշտոնական մեկնաբանություններ չկան նաև նախօրեին Ռոյթերս գործակալության տարածած տեղեկության առնչությամբ, ըստ որի՝ Ադրբեջանն աղետի ենթարկված օդանավում հայտնաբերել է ռուսական Պանցիր տեսակի ՀՕՊ համակարգի հրթիռի բեկորներ, ինչը վկայում է, որ օդանավին հարված է եկել հենց այդ համակարգի կիրառումից:
Ռոյթերզը տեղեկությունը տարածել է հղում անելով Ադրբեջանի կառավարության աղբյուրին: Ադրբեջանի կառավարությունը դրանից հետո մինչ այժմ չի հաստատել կամ հերքել տարածված տեղեկությունը: Դրան չի անդրադարձել նաև Մոսկվան:
Ռոյթերզը հազիվ թե խաբեր այդպիսի նուրբ առիթով: Ըստ ամենայնի՝ բուն նպատակը ցույց տալն է, որ Մոսկվայի ու Բաքվի միջև, հնարավոր է նաև Ղազախստանի մասնակցությամբ, կարող է ծավալվել ինչ-որ սակարկություն:
Ռոյթերզի տեղեկությունը առաջին հերթին հարցեր պետք է առաջացնի Ադրբեջանի հանրության շրջանում, թե ինչու՞ Բաքուն չի բարձրաձայնում պաշտոնապես, որ տնօրինում է ռուսական հրթիռի բեկորներ:
Ռոյթերզի տարածած տեղեկությունը, ըստ էության, ճնշում է Բաքվի վրա: Ադրբեջանի համար թե հերքելն է լինելու բարդ, թե խոստովանելը, մինչդեռ ադրբեջանական հանրության մոտ հարցերը խորանալու են բոլոր դեպքերում:
Ընդ որում՝ չի բացառվում, որ Ռոյթերզի տեղեկությունը պայմանավորված է նրանով, որ հրթիռի բեկորի մասին տեղեկությունը խետք է տեղ գտներ հրապարակված նախնական եզրակացության մեջ, բայց ի վերջո այն չի ներառվել դրանում:
Իլհամ Ալիևի առաջ, կարծես թե, դրված է խնդիր՝ կամ նա օդանավի աղետը դարձնում է «գլխացավ» Ռուսաստանի համար, կամ դա «գլխացավ» կդառնա իր համար: Իհարկե այն, որ նա օդանավի աղետը դարձնի Ռուսաստանի «գլխացավանք», ամենևին չի երաշխավորում, որ ինքը կազատվի դրանից:
Բաց մի թողեք
Պուտինը ձեռնունայն կմնա հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո
Թրամփը սպառնում է ռմբակոծել Մոսկվան ու Պեկինը
Ադրբեջանի մարտավարական նահանջն ընդդեմ Ռուսաստանի ամուր դիրքավորվելու համար