06/02/2025

ՔՊ-ին ծառայելը չփրկեց․ իշխանությունները վերջնականապես ազատվեցին Չարենցավանի 3-րդ դպրոցի տնօրեն Աննա Բալյանից. Լուսանկար

Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Աննա Բալյանն ազատվել է աշխատանքից։ Այս լուրը թվում է՝ շարքային լուր է և շարքային ազատում, բայց սա, իրականում, «հեղափոխությունը խժռում է իր զավակներին» թեզի հերթական դրսևորումն է։

https://mediahub.am/ Դեռ 2018 թվականի դեկտեմբերին նորաթուխ ՔՊ-ական իշխանությունն ամեն գնով որոշեց ազատվել այս դպրոցի երկարամյա տնօրեն Լուսինե Կարապետյանից, որը մարզի մասշտաբով լավագույն տնօրեններից մեկն էր համարվում։ Նրանից գոհ էր ամբողջ կոլեկտիվը, գոհ էին աշակերտները, նրանց ծնողները, ու բոլորը սիրում էին Լուսինե Կարապետյանին։

ՔՊ-ին ծառայելը չփրկեց․ իշխանությունները վերջնականապես ազատվեցին Չարենցավանի 3-րդ դպրոցի տնօրեն Աննա Բալյանից

Բայց ՔՊ-ն՝ ի դեմս այն ժամանակվա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի, ամեն ինչ արեցին, որ Լուսինե Կարապետյանը չհաղթի դպրոցի տնօրենի նոր ընտրություններում, որպեսզի նրա փոխարեն իրենցական մեկին նշանակեն՝ Աննա Բալյանին։ Իշխանությունների այս որոշման պատճառով ընդվզեցին դպրոցի կոլեկտիվն ու աշակերտները, և մոտ երկու շաբաթ դասադուլ էին անում։

Բանը հասավ նրան, որ խնդրին լուծում տալու համար դպրոց այցելեց Նիկոլ Փաշինյանը։ Ի վերջո, «լուծումը» եղավ այն, որ իրենց ոչ լոյալ, բայց դպրոցի համար լավագույն տնօրեն համարվող Լուսինե Կարապետյանն ազատվեց պաշտոնից, ավելին՝ դրանից հետո նա նաև հեռացել է երկրից և Հայաստանում չի ապրում այլևս։ Նրա փոխարեն նշանակվեց Աննա Բալյանը, որը 2021 թվականի ընտրություններին այդ նույն դպրոցում ձևավորված ընտրական տեղամասում հանդես էր գալիս ՔՊ-ի կողմից որպես հանձնաժողովի անդամ և պաշտպանում էր ՔՊ-ի շահերը։ Ավելին, 2023 թվականի սեպտեմբերին Աննա Բալյանը ՔՊ-ի ցուցակով մասնակցում էր նաև Չարենցավան համայնքի ավագանու ընտրություններին և դարձել էր ՔՊ խմբակցության ավագանու անդամ։ Բայց, կարճ ժամանակ անց նրա դեմ դատական հայց ներկայացվեց, և նա ստիպված եղավ մանդատը դնել, քանի որ օրենքն արգելում էր դպրոցի տնօրենին միաժամանակ նաև ավագանու անդամ լինել։

2023-ի դեկտեմբերին Բալյանի լիազորությունների ժամկետն ավարտվեց, և նրան փոխարեն տնօրենի ԺՊ նշանակեցին դպրոցի ուսուցչական անձնակազմից մեկին, իսկ Բալյանը 2024 թվականի հունվարից, համաձայն նոր փոփոխությունների, նշանակվեց թիվ 3 հիմնական դպրոցի ֆինանսական տնօրեն։ Որոշ ժամանակ անց տնօրենի ԺՊ-ին ևս փոխեցին՝ նշանակելով Լուսինե Ասկիջյանին, մինչև կնշանակվեն նոր ընտրություններ։ Մեզ ասացին, որ այս ընթացքում թե՛ Աննա Բալյանը, թե՛ Լուսինե Ասկիջյանը տնօրեն դառնալու հայտ և նախագծեր են ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն, նախագծերն ընդունվել են, բայց նախարարի մոտ հարցազրույցից կտրվել են։ Առնվազն Բալյանի մասով, որ ասացին՝ հաստատ կտրվել է։ Իսկ թե ինչու է, ի վերջո, իրենց սրտի տնօրենը ազատվել նաև ֆինանսական տնօրենի պաշտոնից, մեզ ասացին՝ ստուգումներ են եղել դպրոցում, և ֆինանսական մասով խախտումներ են հայտնաբերել Բալյանի աշխատանքում, և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ՝ Բալյան Աննան վերջնականապես ազատվել է աշխատանքից։ Թեև ասացին՝ նա բողոքարկել է մարզպետի այս որոշումը։

Փաստորեն, պատերազմից հետո անգամ ՔՊ-ին ծառայելը, ընտրություններին ՔՊ-ի համար պայքարելն ու ձայներ ապահովելը, հետո էլ ՔՊ-ի ցուցակով ավագանու անդամ դառնալը չփրկեց ՔՊ-ական տնօրենին վերջնական պաշտոնանկությունից։ Այսօր տեղեկացանք, որ Աննա Բալյանին ազատել են աշխատանքից, ինչի կապակցությամբ դպրոցի նախկին ու ներկա աշխատակիցներից շատերի մոտ ցնծություն է, որ տարիներ անց արդարությունն, ի վերջո, հաղթեց։

Վահե Մակարյան; mediahub.am