06/02/2025

Թրամփի երկակի խաղը Իսրայել – Իրան փոխհրաձգություններում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի հանդեպ ճնշումն ուժեղացնելու քաղաքականությունը չի կարող ունենալ հաջողություն:

Նա այդպես է արձագանքել ԱՄՆ նախագահ Թրամփի հրամանագրին, որով նա սահմանել է Իրանի հանդեպ պատժամիջոցների վերահսկողությունը խստացնելու ռեժիմ: Թրամփը հայտարարել է, որ անթույլատրելի է, որպեսզի Իրանն ունենա միջուկային ռումբ:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ ինքը պատրաստ է Իրանի նախագահի հետ հանդիպման, եթե Թեհրանը գնա գործարքի ու պայմանավորվի: Իրանի հանդեպ հրապարակային ճնշման ու խիստ հռետորաբանության այդ քաղաքականությունը գործնականում ավելի շուտ բարդացնում է Իրանի այսպես ասած դրական արձագանքի հեռանկարը, քան մոտեցնում այն:

Չէ՞ որ այդօրինակ հռետորաբանության դեպքում, եթե Իրանը գնաց ընդառաջ, ապա ակնհայտ է, որ դա տեղի կունենա Թեհրանի քաղաքական հեղինակության հաշվին, քանի որ կստացվի տեղի տալ Թրամփի ճնշմանը: Իսկ Իրանի հեղինակությունը առանց այդ էլ որոշակիորեն սասանվեց Մերձավոր Արևելքում: Հետևաբար, երբ Թրամփը հրապարակավ խստացնում ու կոշտացնում է վարքագիծը Իրանի հանդեպ, ապա դրա հնարավոր ազդեցությունը, հավանաբար, կլինի այն, որ Թեհրանն ավելի շուտ և ավելի շատ աջակցություն կփնտրի Ռուսաստանի և Չինաստանի կողքին:

Թրամփը Իրանին մղում է դեպի Պեկին ու Մոսկվա՞: Թեհրանը Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեց հունվարի 17-ին, որը խիստ համապարփակ է և ունի քսանամյա ժամկետ:

Իհարկե, այդ պայմանագիրը դեռ չի անցել վավերացման փուլը, բայց, օրինակ, Թրամփի այդ՝ ըստ էության վերջնագրային բնույթի քաղաքականությունը կարող է պարզապես արագացնել վավերացումը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը գուցե սկզբունքորեն դեմ էլ չէ իրերի այդպիսի դրությանը, եթե դիտարկենք այն, որ նա, կարծես թե, փորձում է ավելի մեծ գործարքի գնալ Մոսկվայի ու Պեկինի հետ:

Ընդ որում՝ պրոցեսը նկատելիորեն մեկնարկել է: Իսկ այդ պայմաններում, բնականաբար պետք է «տեղորոշվի» նաև Իրանի աշխարհաքաղաքական լոկացիան: ԱՄՆ նախագահն ըստ ամենայնի համարում է, որ ԱՄՆ գոտում այդ լոկացիայի հաստատումը անիրատեսական հեռանկար է, հետևաբար նախընտրելի է համարում այդ հարցը դարձնել Մոսկվայի ու Պեկինի հետ քննարկումների առարկա, գուցե կախված, թե ինչ գի՞ն կառաջարկվի այդ հարցում:

Ըստ ամենայնի՝ բոլորն էին շահագրգռված Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցության ուժերին Իսրայելի ուժգին հարվածների հարցում, Իրանի այսպես ասած հավաքական դիմադրությունը թուլացնելու համար:

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ չի գնա Իսրայելի հետ հարաբերության կարգավորման առանց պաղեստինյան պետության ստեղծման: Էր Ռիյադը այդպես է արձագանքել Թրամփի հայտարարություններին, թե պետք է պաղեստինցիներին տեղահանել Գազայից և բնակեցնել Եգիպտոսում ու Հորդանանում:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանն էր հայտարարել, որ Թուրքիայի համար անընդունելի է Թրամփի այդ առաջարկը: Նա առաջարկում է մի բան, որն ընդունելը գործնականում թվում է անհնարին: Որևէ կերպ հնարավոր չէ պատկերացնել, որ մահմեդական աշխարհի, արաբական աշխարհի երկրները, իսլամական աշխարհը կարող է համաձայնություն տալ Գազայից պաղեստինցիների տեղահանմանը:

Թրամփը հայտարարում է, թե ԱՄՆ կարող է «վերցնել» Գազան ու դարձնել Մերձավոր Արևելքի Ռիվիերա, կատարելով ներդրումներ, բայց այնտեղ չպետք է ապրեն պաղեստինցիները: ԱՄՆ նախագահը կարո՞ղ է այդ բոլոր երկրներին համոզել, որ պաղեստինցիները պետք է տեղահանվեն Գազայից: Թե՞ իր այդ կտրուկ հայտարարություններով Թրամփը «խթանում» է հենց այդ երկրների դիմադրությունը և ստեղծում շատ ուժեղ կոնտրաստ այդ երկրների և Իսրայելի միջև:

Համենայն դեպս, դատելով ԱՄՆ նախագահի հայտարարություններից և դրանց հանդեպ իսլամական, մահմեդական աշխարհի, արաբական երկրների արձագանքներից, այդ մոտեցումները ավելի շատ սպառնում են Իսրայելի մեկուսացումով, քան ռեգիոնալ փոխհամաձայնությունների հեռանկարով: Ըստ էության՝ ստացվում է, որ Իսրայելին հայտնելով անվերապահ աջակցություն, Թրամփը, այդուհանդերձ, իր կտրուկ մոտեցումներով մեկուսացնում է Իսրայելին: Մեծ հարց է, թե դա որքանով է բխում Թել Ավիվի ցանկություններից:

Նրանք մի կողմից չեն կարող չժպտալ ու չոգևորվել Թրամփի այդ հայտարարություններից, մյուս կողմից, սակայն, ինչպիսի՞ հեռանկար է տեսնում Իսրայելը, եթե Թրամփն իր մոտեցումներով տրամադրում է ռեգիոնի բոլոր երկրներին Իսրայելի դեմ ավելի ուժգին, և առնվազն տալիս հարց, որի առումով նրանք կլինեն առավել միահամուռ:

Ի վերջո, եթե Թրամփը չկարողանա պարտադրել իր մոտեցումները, դրանք կարող են պարզապես նոր խնդիր լինել Իսրայելի համար: Նա գիտակցաբա՞ր է գնում այդ կոնտրաստի, այսպես ասած ընտրելով պաղեստինյան հարցի լուծման համար շոկային թերապիայի տրամաբանությունը: Թե՞ նա վստահ է, որ իր մոտեցումները կպարտադրի ռեգիոնի երկրներին:

Սպիտակ տանը նախօրեին կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հանդիպումը: Ինչպես իսրայելական աղբյուրներն են փոխանցում, բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ:

Թրամփը և Նաթանյահուն նախ բանակցել են դեմ առ դեմ, ապա պատվիրակությունների կազմով, որից հետո նրանք դարձյալ առանձնազրույց են ունեցել, ապա հանդես եկել մամուլի համար հայտարարություններով:

ԱՄՆ նախագահը վերահաստատել է Գազայի բնակչությունը տարհանելու մասին իր որոշումը: Նա ասել է, որ մոտ երկու միլիոն պաղեստինցիները պետք է մշտական բնակության վայր ընտրեն կամ տարբեր երկրներում, կամ համահավաք վերաբնակվեն մի երկրում, որտեղ կգտնեն խաղաղություն և արժանապատիվ կյանք:

Դոնալդ Թրամփի հայտարարության սենսացիան կայանում է նրանում, որ Միացյալ Նահանգները մտադիր է երկարաժամկետ վերահսկողություն հաստատել Գազայում, տարածքը մաքրել պատերազմի պատճառած ավերածություններից, ստեղծել տասնյակ հազարավոր աշխատատեղեր և այն վերածել մերձավորարևելյան դրախտի, որտեղ կարող են նաև պաղեստինցիներ վերադառնալ:

ԱՄՆ նախագահին հարց է ուղղվել նաև Հորդանանի արևմտյան ափի տարածքներն Իսրայելի կողմից անեքսիայի ենթարկելու մասին: Թրամփը պատասխանել է, որ այդ հարցը նույնպես քննարկվել է, բայց վերջնական որոշում կկայացվի առաջիկա չորս շաբաթների ընթացքում: Նա անոնսավորել է, որ մտադիր է մեկնել Իսրայել և Սաուդյան Արաբիա՝ ակնհայտորեն հասկացնելով, որ փորձում է միջնորդել, որպեսզի Պարսից ծոցի արաբական ամենաազդեցիկ միապետությունն աջակցի Գազայի հարցում իսրայելա-ամերիկյան համաձայնության իրականացմանը:

Եգիպտոսը և Հորդանանը մերժել են Գազայի բնակչությանն ընդունելու գաղափարը: Թուրքիան Թրամփի առաջարկությունը համարել է «բացարձակապես անընդունելի» և ՀԱՄԱՍ-ին վստահեցրել, որ կշարունակի բոլոր միջոցներով աջակցել Պաղեստինի ժողովրդի արդարացի պայքարին: ԱՄՆ նախագահը, ընդհակառակը, ձևակերպել է, որ պաղեստինցիները չպետք է ամեն անգամ կրկնեն նույն սխալը: Այսինքն՝ անկախ պետություն ունենալու համար զինված պայքար մղեն Իսրայելի դեմ:

Այս համատեքստում առանձնանում է Սիրիայի «անցումային շրջանի նախագահ» Ահմեդ ալ-Շարայի Անկարա այցը, որ, ամենայն հավանականությամբ ոչ պատահականորեն, համընկել է Սպիտակ տանը Թրամփ-Նաթանյահու բանակցություններին: Ինչպես «Անադոլուն» է փոխանցում, ալ-Շարան Թուրքիայի նախագահ Փեջեփ Փայիփ Էրդողանին խնդրել է «միջազգային ճնշում ապահովել Իսրայելի նկատմամբ, որպեսզի նա վերադառնա 1967 թվականի սահմաններին»:

Բաշար Ասադի վարչախմբի տապալումից հետո Իսրայելը Գոլանի բարձունքներում նոր դիրքեր է զբաղեցրել: Պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ իսրայելական բանակը երբեք չի հեռանա Հեբրոնի բարձունքներից, իսկ դա Սիրիայի տարածքն է: Դամասկոսի նոր իշխանությունը, ինչպես հասկացվում է Էրդողան-ալ-Շարա բանակցությունների վերաբերյալ թուրքական մամուլի հրապարակումներից, նոր բանակի կազմավորման իրավունքը գրեթե լիովին վերապահել են Թուրքիային:

Համատեղ մամուլի ասուլիսին Էրդողանը թույլ է տվել Թուրքիան և Սիրիան անվանել «միասնական աշխարհագրական տարածություն»: Սիրիայի «անցումային շրջանի նախագահ» ալ-Շարան փաստացի Թուրքիայի առջև դրել է Իսրայելին զսպելու խնդիր: Ըստ երեւույթին, դա այն է, ինչ Էրդողանը ցանկանում է, բայց հանրայնացնում է սիրիական կողմի միջոցով: ԱՄՆ նախագահը փետրվարի 4-ին Իսրայելի հետ ռազմավարական դաշնակցության նոր դարաշրջան է անոնսավորել: Նաթանյահուն փաստացի ստացել է Պաղեստինի պետության հարցը ռազմական ուժով փակելու քարտ-բլանշ:

Թուրքիան վերջին մեկուկես տարում նախագահի մակարդակով բազմիցս հայտարարել է, որ Պաղեստինը կստանա անկախություն, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: Թրամփը և Նաթանյահուն համաձայնության են եկել, որ Մերձավոր Արևելքում խաղաղության գրավականը պաղեստինյան հարցի չեղարկումն է, պատմական Պաղեստինի նկատմամբ իսրայելական բացարձակ իրավազորության հաստատումը: Թուրքիան կմտնի՞ այդ ծրագիրն իրագործելու ծանրության տակ: Մարտահրավերը բավական բաց է: Բայց այլընտրանքը թուրք-իսրայելական ռազմական բախումն է: Թրամփը նման սցենա՞ր է հրահրում: Հանուն ինչի՞: