06/02/2025

Վերջերս քարտային խարդախություններն էապես շատացել են․ ահա օրինակներից մեկը մեզանում

«Վերջերս քարտային խարդախություններն էապես շատացել են, ուստի հորդորում ենք ուշադիր լինել եւ Ձեր քարտային տվյալները չտրամադրել այլ անձանց». նմանատիպ հայտարարություններ կարդում ենք գրեթե բոլոր հայաստանյան բանկերի կայքերում, սակայն խարդախների առաջն առնել չի լինում։

Հրապարակ թերթը գրել է․ Նրանց միտքը թվային տեխնոլոգիաների արագությամբ  է զարգանում, եւ բանկերի անվտանգության համակարգերը խարդախների հետ մրցավազքին չեն դիմանում։ Իսկ տուժում են, իհարկե, հաճախորդները, անգամ նրանցից ամենափորձառուները, ինչպես հաշվապահ Արմինե Ենոքյանը` հայտնի քաղաքագետ Աղասի Ենոքյանի քույրը։
Իսկ պատմությունը հետեւյալն է։

Անցյալ տարվա նոյեմբերին Արմինե Ենոքյանը «Լիստում» հայտարարություն է տվել իր բնակարանը վարձակալության հանձնելու մասին։ Արձագանքել է ոմն Անդրեյ Մալենեսկի` Լատվիայի քաղաքացի, որը «Վայբեր» հավելվածով ցանկություն է հայտնել ամրագրել բնակարանը եւ փոխանցել դրա համար անհրաժեշտ գումարը։

Արմինեն պատմում է. «Զանգեցի Արդշինբանկ, որտեղ ունեի երեք հատ վարկ։ Դրանից երկու ամիս առաջ դիմել էի 400 հազար վարկի համար, բայց ինձ ասացին, որ ծանրաբեռնվածություն ունեմ, եւ ընդամենը 289 հազար տվեցին։ Ես էլ դատարկ հաշիվ տվեցի՝ մտածելով, որ անգամ եթե խաբեբաներ լինեն, ոչինչ չեն կարողանա անել։ Վայբերով տվեցի հաշվեհամարս, Money Gram-ով հասցե ուղարկեցին` QR կոդով, այդ հասցեով մտա։ Հետո մտա իմ Արդշինբանկի հաշիվը եւ տեսա, որ վայրկենական վարկ են ձեւակերպել, 4 մլն 900 հազար դրամի, որը փոխանցվել է ոմն Ա․ Կարապետյանին»։ Նա անմիջապես զանգահարել է բանկ, որտեղից նրան տեղեկացրել են, որ զեղծարարություն է տեղի ունեցել, եւ իրենք ոչ մի կերպ չեն կարող չեղարկել գործարքը։

Արմինե Ենոքյանը վստահեցնում է, որ զեղծարարը չուներ իր անձնագրային տվյալները։ «Երբ որ նա Money Gram ուղարկեց, որտեղ երեւում էր, որ նա ինձ այսքան գումար է ուղարկել, ասեց՝ մտի քո բանկի հավելվածը, քո հաշվեհամարը ու ստացի գումարը։ Ես մտա, սեղմեցի Արդշինբանկի իմ հաշիվը, եւ այդ պահին նա, փաստորեն, տեսավ իմ հաշվեհամարը եւ կարողացավ վարկ ձեւակերպել»,- բացատրում է կինը։

Սխեման հետեւյալն է՝ խարդախն ուղարկում է Money Gram հասցե, որը հասանելի է նաեւ իրեն, փաստորեն, եւ խնդրում է զոհին՝ մտնել բանկային հավելված։ Այդ պահին  նույն Money Gram հասցեի միջոցով նրան հասանելի են դառնում անձի բոլոր տվյալները, որոնք նկարվում են։ Մնացյալը, ինչպես ասում են, տեխնիկայի եւ վայրկյանների հարց է։ Բանկի անվտանգության համակարգը չի կարողանում ֆիքսել, որ երկու տարբեր տեղերից մուտք է կատարվել միեւնույն հաշվեհամարին, եւ արգելափակել այն։ Բանկը հեշտացրել է վարկ տրամադրելու ընթացակարգը, սակայն դրա ռիսկերը լիարժեք չի հաշվարկել։ Հետաքրքիրն այն է, որ դեպքից երկու ամիս առաջ նույն բանկը մերժել է Արմինե Ենոքյանի խնդրանքը` 400 հազար վարկ տրամադրելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, թե նա մեծ ծանրաբեռնվածություն ունի, ու հանկարծ առանց հաստատում պահանջելու, առանց sms-ի, առանց կոդ պահանջելու, 12 հազար դոլարի վարկ է տրամադրել` գումարը նստեցնելով անհայտ, իր հաճախորդի հետ ոչ մի առնչություն չունեցող անձի հաշվեհամարին։

«Առավոտ շուտ ես գնացել եմ Կենտրոնական բանկ, ասել եմ՝ ես չեմ ճանաչում այդ անձնավորությանը, ո՞վ է նա, կարո՞ղ եք ինձ տվյալներ տրամադրել։ Ինձ ասել են, որ անձնական տվյալներ չեն տրամադրում։ Ասում եմ՝ ես փոխանցում եմ արել, չեմ ճանաչում իրեն, գոնե էնպես արեք, որ այդ գումարը դուրս չգա։ Ասել են՝ անհնար է։ Վազել եմ Արդշինբանկ, ինձնից պահանջել են, որ դիմում գրեմ։ Դիմումը գրել եմ։ Քրեական գործ կա հարուցված, բայց հիմա ինձնից պահանջում են, որ մարեմ իմ կողմից չստացված գումարի տոկոսները։ Իմ խնդրանքը` սառեցնել վարկը, ինձ սեւ ցուցակ չգցել, չհաշվարկել տոկոսները, հաշվի չեն առնում։ Իմ հարցերին չեն կարողանում պատասխանել, իմ հեռախոսազանգերին անգամ դադարել են Արդշինբանկում պատասխանել»,- բողոքում է Արմինե Ենոքյանը։

«Եթե փոքր գումար լիներ, բան չէի ասի, բայց 12 հազար դոլար է դուրս եկել իմ հաշվից, այն էլ՝ շատ բարձր տոկոսներով։ Ինչո՞ւ պետք է ես հիմա դրանք վճարեմ»,- հարցնում է կինը։ Նա իր բոլոր վարկերը հանել է Արդշինբանկից։

Ինչպե՞ս կարող էր նման բան լինել, ինչո՞ւ են բանկի անվտանգության համակարգի թերությունների համար պատասխան տալիս Արդշինբանկի հաճախորդները։ Բանկից մեզ ստանդարտ պատասխան տվեցին. «Մենք բազմիցս ծանուցումներ ենք ուղարկում հաճախորդներին, որ անձնական տվյալները որեւէ մեկին չտրամադրեն։ Եթե հաճախորդն իր անձնական տվյալները տրամադրում է որեւէ մեկին, մենք ոչինչ անել չենք կարող, ռիսկերը հաշվարկված են հենց դրա համար։ Մոբայլ հավելված մտնում եք Ձեր «լոգին-պասվորդով», որը կրկնակի ստուգվում է sms կոդի միջոցով։ Բանկը բազմաշերտ անվտանգային համակարգեր ունի մշակած, որը ե՛ւ ծրագրավորման, ե՛ւ բառացի մարդկային շփման մակարդակում է աշխատում։ Բայց մեր հաճախորդներից շատերը, ովքեր ենթարկվում են խարդախության, այդ կանոնները չեն պահում»։ Այնտեղ վստահեցնում են, որ տեխնիկապես հնարավոր չէ առանց «լոգին-պասվորդի» մտնել քաղաքացու բանկային հավելված։ «Եթե նա չտար, որեւէ մեկը չէր կարող իր անունով վարկ վերցնել, դա անհնար է։ Մեր բանկում շատ խիստ է այս մասով»,- պատասխանում է Արդշինբանկի մամուլի քարտուղարը։ Իսկ քաղաքացին պնդում է, որ հնարավոր է։