ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել Հաագայում Միջազգային քրեական դատարանի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ ԱՄՆ քաղաքացիների և ԱՄՆ դաշնակիցների, ինչպիսին է Իսրայելը, նկատմամբ հետաքննության պատճառով։
Փետրվարի 6-ին Սպիտակ տան կայքում հրապարակված հրամանում ասվում է, որ ՄՔԴ–ն «չարաշահել է իր իշխանությունը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ անհիմն կալանքի օրդեր տալով»:
Թրամփի հրամանում ասվում է, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Իսրայելը Միջազգային քրեական դատարանի կազմում չեն և չեն ստորագրել Հռոմի ստատուտը։
«Երկրներից ոչ մեկը երբեք չի ճանաչել ՄՔԴ-ի իրավասությունը, և երկու երկրներն էլ բարգավաճող ժողովրդավարություններ են՝ բանակներով, որոնք խստորեն հետևում են պատերազմի օրենքներին»,- հայտարարել է Թրամփը:
Հրամանում ասվում է, որ ՄՔԴ պաշտոնատար անձանց ունեցվածքը ԱՄՆ-ում արգելափակվելու է, իսկ ՄՔԴ-ի աշխատակիցներին ու նրանց ընտանիքների անդամներին կարգելվի մուտք գործել Միացյալ Նահանգներ։ Հրամանն արգելում է ցանկացած նվիրատվություն դատարանին։ ԱՄՆ-ը դեռ չի հայտարարել այն անձանց անունները, որոնց վրա տարածվում են սահմանված պատժամիջոցները։
Միջազգային քրեական դատարանը առայժմ չի մեկնաբանել Թրամփի որոշումը:
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանին, որով նա պատժամիջոցներ է սահմանել Հաագայում Միջազգային քրեական դատարանի նկատմամբ:
«Նիդեռլանդները ցավում է ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար։ Այս դատարանի աշխատանքը կարևոր նշանակություն ունի անպատժելիության դեմ պայքարում։ Մեր երկիրն ունի ամուր հեղինակություն և պատասխանատվություն որպես կարևոր միջազգային իրավական ինստիտուտներ ընդունող երկիր:
Նիդեռլանդներն ակտիվորեն նպաստում է միջազգային իրավակարգի ու բազմակողմ համագործակցության ամրապնդմանը և բարեխղճորեն կկատարի իրականացման համար պարտադիր միջազգային իրավական և պայմանագրային պարտավորությունները»,- գրել է Նիդեռլանդների ԱԳ նախարարը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Թրամփը հրաման է ստորագրել ՄՔԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների՝ ներառյալ Իսրայելի դեմ գործողությունների համար։ Միացյալ Նահանգները կարող է կիրառել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ունեցվածքի, ակտիվների արգելափակումը, ՄՔԴ-ի անդամների, ինչպես նաև նրանց ընտանիքների մուտքի արգելքը Միացյալ Նահանգներ:
Միջազգային քրեական դատարանը կշարունակի գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, հայտնել է դատարանը։
«ՄՔԴ-ն դատապարտում է ԱՄՆ-ի հրամանը, որը պատժամիջոցներ է սահմանում իր պաշտոնյաների նկատմամբ և խաթարում է նրա անկախ և անկողմնակալ աշխատանքը: Դատարանը խստորեն աջակցում է իր աշխատակազմին և հավատարիմ է շարունակելու արդարություն և հույս ապահովել հանցագործությունների միլիոնավոր անմեղ զոհերի համար ամբողջ աշխարհում»։
Բաց մի թողեք
Պենտագոնը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումների վերսկսումը
Ով է Ուկրաինայում ԶՈՒ ԳՇ նոր պետը․ Լուսանկար
Ինչ է խնդրել Էրդողանը Թրամփին