23/03/2025

Երբ հանրության յուրաքանչյուր շերտ ունի իր ճշմարտությունը

Փետրվարի 7-ին հրապարակվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի գործով դատավճիռը: Դատարանը Հարությունյանին դատապարտել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Ջալալ Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը մնացել է անփոփոխ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։

Ըստ քրեական գործի, Ստեփանակերտի Ցորի զորամասի հրետանու Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։

ՊԲ հրամանատարին մեղադրել են մարդկանց մահվան հանգեցրած անփութության համար: Հարությունյանը 44-օրյա պատերազմի օրերին զբաղեցնում էր Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը: Ադրբեջանական անօդաչուի հարվածից ծանր վիրավորվելուց հետո նրան այդ պաշտոնում փոխարինեց գեներալ Միքայել Արզումանյանը:

Այժմ նա էլ պատերազմի դրվագներից մեկով անցնում է քրգործով, ունի մեղադրյալի կարգավիճակ և կալանավորված է: Փաստորեն 44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանական բանակի՝ միմյանց հաջորդած երկու հրամանատարները մեղադրյալներ են, և մեկի վերաբերյալ արդեն կա դատավճիռ, իհարկե դեռևս ուժի մեջ չմտած:

Միքայել Արզումանյանին ներկայացվող մեղադրանք էլ, ըստ էության, ունի նույն տրամաբանությունը՝ կայացրած այսպես ասած սխալ որոշում, որը ունեցել է ծանր հետևանքներ: 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի ՊԲ երկու հրամանատարները քավության նոխա՞զ են, թե՞ մեղադրանքները հիմնավոր ու ծանրակշիռ են:

Այս հարցի պատասխանը չկա, կամ յուրաքանչյուր ոք ունի թերևս իր պատասխանը, և այդ պատասխանների մոտիվներն ու «հիմնավորումները» տարբեր են: Բաց է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հարցն ընդհանրապես: Խորհրդարանում կար հանձնաժողով, որը ուսումնասիրում էր հանգամանքները մեկ տարի:

Հրավիրեցին անգամ Նիկոլ Փաշինյանին, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին: Այն, ինչ նրանք ասացին հանրության առաջ, ըստ էության այս կամ այն կերպ նորություն չէր: Ինչ ասել են նրանք փակ նիստերում՝ հայտնի չէ հանրությանը: Այդ պայմաններում, հնարավոր չէ կայացնել 44-օրյա պատերազմի վերաբերյալ որևէ դատավճիռ, որը կունենա հանրային լեգիտիմություն:

Երբ հանրության յուրաքանչյուր շերտ ունի իր ճշմարտությունը՝ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հանգամանքներով կառուցված, հնարավոր չէ պատերազմին առնչվող իրավական լեգիտիմ գործընթաց:

Եթե իրավական լեգիտիմ գործընթաց հնարավոր չէ, եթե չկա դրա համար բավարար հանրային միջավայր, այդ գործերը և դատավճիռները չեն ունենա որևէ հասարակական և պետական օգտակարություն: Ավելին, դրանք միայն խորացնելու են հանրային անվստահություն ու կասկածները:

Միևնույն ժամանակ, պատերազմի հազարավոր զոհերից յուրաքանչյուրի դեպքը պահանջում է պատասխանատվություն: Սակայն այդ պահանջը պետք է բավարարվի ամբողջական, կառուցելով ամբողջ պատկերը: Պետք է խոստովանել, որ այդ խնդիրը ներկայումս լուծելի չէ, որքան էլ դա ցավալի է:

Translate »