Մի քանի օր առաջ համացանցում կրկին տարածվել է Նվեր Մնացականյանին տված ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա երկու սենսացիոն պնդում է անում. Բակո Սահակյանը Դավիթ Բաբայանին առաջարկել է հանձնվել ադրբեջանցիներին, որպեսզի իրենք Ստեփանակերտից հեռանալու հնարավորություն ունենան, իսկ դա չի հաջողվել, որովհետև մի քանի պաշտոնյաների, նախագահների անվտանգության աշխատակիցների ելքը Հակարիի կամրջին փակվել է։
Ադրբեջանական կողմը նրանց վերադարձրել է Ստեփանակերտ, որից հետո Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Դավիթ Իշխանյանը ձերբակալվել են, մյուսներին թույլ են տվել հեռանալ։
Թաթուլ Հակոբյանի վարկածով՝ Դավիթ Բաբայանը ԼՂ կառավարությունների ընդունելության տանը հանդիպել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկու հետ, վերադարձել տուն, հաջորդ օրը կրկին ներկայացել և այդտեղից էլ տարվել Բաքու։
Ըստ այլ վարկածի, Շադլիսնկին Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին իջեցրել է ռուսական ուղղաթիռից, որտեղ գտնվել են Սամվել Շահրամանյանը, ԱԱԾ տնօրեն Մելքումյանը, ՆԳ նախարար Սարգսյանը, ՊԲ հրամանատար Վարդանյանը, իսկ Արայիկ Հարությունյանին առևանգել են կոնյակի գործարանից։ Խոսակցություններ կան, որ ևս երկու անձ ազատ է արձակվել Բաքվից, և նրանք ներկայումս Երևանում են։
Կարելի է վստահաբար պնդել, որ այդ թեման մամուլի քննարկման առարկա չէր դառնա կամ առնվազն նման արծարծումների չէր հասնի, եթե 2023թ․ սեպտեմբերի 25-26-ին, հետագա մի քանի օրերին հայաստանյան «պատասխանատու» լրատվամիջոցները չքննարկեին Սամվել Բաբայանի Երևանում գտնվելու խնդիրը։
Ընդ որում, այն կտրվածքով, թե ինչո՞ւ Ադրբեջանը նրան չի ձերբակալել, չէ՞ որ Բաբայանը ղարաբաղյան առաջին պատերազմի գլխավոր դերակատարն է, և Բաքուն հենց նրան պետք է թիվ մեկ թշնամի համարի։
Այդ օրերին նախկին նախագահները, մյուս պաշտոնյաները, Սամվել Շահրամանյանը և նրա կառավարության առանցքային անդամները, ՊԲ հրամանատարը դեռևս Ստեփանակերտում էին։ Եվ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ Շահրամանյանին և ուժային կառույցների ղեկավարներին ռուսական ուղղաթիռով կտեղափոխեն Սիսիան, իսկ ընդամենը մեկ ամիս ԱԺ նախագահ պաշտոնավարած ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ կառևանգեն։ Կամ հայտնի կդառնա, որ ԼՂՀ երկու նախկին նախագահները մի վայրում են գտնվել, երրորդը՝ այլ։
Այսօր մամուլում կարդում ենք, որ Բաքվի «դատավարության» ժամանակ Դավիթ Բաբայանը «խոսք է խնդրել» և ասել, որ իրենց նկատմամբ բռնություններ չեն գործադրվում և թող «ուրիշները պատկերացնեն, թե ինչ կանեին, եթե մեր տեղ իրենք լինեին»։
Այդ տեղեկատվությունը որքանո՞վ է հավաստի, որևէ մեկը լսե՞լ է Բաբայանի կենդանի խոսքը՝ «պատասխանատու» լրատվամիջոցներին և տնաբույս «ադրբեջանագետներին» չի հետաքրքրում։ Դավիթ Բաբայանի, մյուսների ճակատագիրը նրանց դույզն իսկ չի հուզում։
Միայն թեմա ունենան և «կսմթեն»։ Ու՞մ։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանին, որովհետև, ըստ նրանց, Դավիթ Բաբայանը Փաշինյանի հայտարարությունն է նկատի ունեցել, երբ ասել է, որ մարդիկ թող մտածեն, թե ինչ կանեին, եթե իրենք Բաքվի բանտում լինեին։
Պետք է սպասել, թե իշխանության թևից, իշխանամետ մամուլից և փորձագիտական շրջանակներից լինելու են ուղղակի կամ միջնորդավորված հակադարձումներ, կազմակերպվելու է տեղեկատվական արտահոսք։
Արդյունքում շահելու է Ադրբեջանը, Իլհամ Ալիևը։ Որովհետև մենք չենք կարողանում գալ կոնսենսուսի․ քանի դեռ ԼՂՀ նախկին նախագահները, մյուս պաշտոնյաները գտնվում են ադրբեջանական գերության մեջ, նրանք մեզ համար պետք է լինեն միասնաբար-հավասարապես անձեռնմխելի։
Ով ինչպես է անցել Հակարին՝ քննարկման թեմա չէ, եթե խնդիրը չի վերաբերում Հայաստանի անվտանգությանը։ Կա՞ հարուցված քրեական վարույթ, պատկան մարմինները բավարար տեղեկություններ ունե՞ն։ Քաղաքական որոշում կա՞։
Այս հարցերը քննարկման մեծ զգուշավորություն և պատասխանատվություն են պահանջում։ Անթույլատրելի է մեկին մյուսներից առանձնացնել։ Դա ծնում է հակակշռելու գայթակղություն կամ պարտավորություն։ Ասե՞լ ունեցած տեղեկատվությունը, թե՞ չասել, սա է խնդիրը։ Կարծում եմ՝ ասելու ժամանակը չէ։
Բաց մի թողեք
Ինչ սպասել ԱՄՆ – Չինաստան հարաբերություն – հակամարտությունում մեզ համար
ԱՄՆ փակում է ՆԱՏՕ էջը, եվրոպական անվտանգության համակարգի հրամայականը
Ադրբեջանը միջազգային արգելակների սահմանազատումը բերում է այդ առնչությամբ ռիսկերի ու վտանգների