Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ USAID -ն թե՛ Հայաստանում եւ թե՛ ամբողջ աշխարհում իրականացրել է շատ օգտակար ծրագրեր: Ո՞վ կարող էր առարկել, օրինակ, երբ այդ կառույցը օգնում էր աղքատ երկրներին դեղորայք կամ բժշկական սարքավորումներ գնել:
Ես դա գնահատում եմ որպես ամերիկացի ժողովրդի բարության եւ մեծահոգության դրսեւորում, եւ այդ հատկություններն իսկապես հատուկ են շարքային ամերիկացիներին: Բայց որոշ բաներ ես իսկապես չեմ հասկանում, իսկ դավադրապաշտական բացատրությունները ես չեմ ընդունում՝ դրանք ինձ չափազանց պրիմիտիվ են թվում:
Սպիտակ տան վերջերս հրապարակած առավել անհեթեթ ծախսերի թվում էին հետեւյալը՝ 47 հազար դոլար Կոլումբիայում տրանսգենդերային օպերա բեմադրելու եւ 32 հազար դոլար Պերուում տրանսգենդերային կոմիքսներ հրապարակելու համար: Ես որեւէ նախապաշարում չունեմ սեռափոխների դեմ՝ եթե նրանք ցանկանում են օպերա բեմադրել, ապա դա իրենց ցանկությունների, նախասիրությունների, ճաշակի հարցն է:
Ի՞նչ գործ ունեն այստեղ ամերիկացի հարկատուները, եւ ի՞նչ են նման ծրագրերից շահում Պերուի կամ Կոլումբիայի ժողովուրդները: Կարող եմ միայն ենթադրություն անել, որ խնդիր կար ապացուցելու, թե մարդու սեռական, ազգային, կրոնական ինքնությունը «զրո» է, եւ դրանք փոխելը, աղճատելը, ոչնչացնելը ինչ-որ մի հատուկ հերոսություն է:
Ո՞վ է դրանից շահում, ո՞ւմ է այդ ամենը ձեռնտու՝ դա իրականում լուրջ փիլիսոփայական հարց է, եւ կրկնեմ, «հուդամասոնական դավադրության» մասին տեսություններն այստեղ ոչինչ չեն բացատրում: Եթե ընդհանրացնենք, ինչո՞ւ են մեզ փորձում համոզել, որ ճիշտ ու սխալ սկզբունքորեն չկա, որ ամեն ինչ խիստ հարաբերական է:
Բայց դա դեռ քիչ է՝ այդքանով հանդերձ, ձգտում են համոզել, որ կան ինչ-որ «ճնշված խմբեր» (կամ նրանք, ովքեր ինչ-որ անհայտ չափանիշներով ճնշված են «նշանակվել»), եւ նրանք, այնուամենայնիվ, ավելի «ճիշտ են», քան մնացածները:
Այդ, ինձ համար անհասկանալի, փիլիսոփայությունը բերել է բոլոր տեսակի արժեքների զրոյացմանը եւ անկառավարելի վիճակին ամբողջ աշխարհում եւ առանձին երկրներում: Ինձ թվում է, եկել է բոլոր տեսակի՝ քաղաքական, տնտեսական, կրթական համակարգերի վերանայման ժամանակը:
Չգիտեմ, արդյոք կա՞ն ուժեր, որ այդ՝ հասունացած բարեփոխումները պատրաստ են ֆինանսավորել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան