«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը կարծում է, որ Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ Հայաստանի Ազգային ժողովում ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկումը կարևոր և ռազմավարական առումով ճիշտ քայլ է։
«Պահը կարելի է համարել Հայաստանի համար պատմական հնարավորություն՝ պաշտոնապես ազդարարելու իր եվրոպական ընտրությունը։ Սակայն այս գործընթացի հաջողությունը կախված է մի շարք սկզբունքային հարցերի հստակեցումից և դրանց նկատմամբ պետական ու հանրային միանշանակ դիրքորոշումից։
Ի՞նչ պետք է անել ԵՄ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումից հետո։
Ո՞րն է հաջորդ քայլը։
ԵՄ-ի հետ անդամակցության գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ մշակելուց առաջ Հայաստանը պետք է դուրս կգա ԵԱՏՄ-ից։
Երբեք, երբեք չի կարելի ԵՄ-ի հետ սկսել բանակցել անդամակցության հեռանկարների և ճանապարհների շուրջ՝ միաժամանակ գտնվելով ԵԱՏՄ-ում կամ զուգահեռ վարելով երկու գործընթացները։ Դա մեծագույն արհամարհանք կլինի եվրոպացի գործընկերների նկատմամբ և անարգանք՝ ԵՄ անդամակցության գործընթացի նկատմամբ։ Եթե Հայաստանը լրջորեն պատրաստվում է այս ճանապարհին, ապա պետք է բացահայտ ու հստակ քայլեր ձեռնարկի, այդ թվում՝ բոլոր կապերը խզելով ԵԱՏՄ-ի հետ և շարունակելով առաջ միայն եվրոպական ուղեգծով։
Այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալը ռազմավարական առումով ավելի իրատեսական է, քանի որ Ռուսաստանն իր նորագույն պատմության ամենաթույլ վիճակում է։
Հայաստանը, օգտվելով այդ հանգամանքից, արդեն իսկ ձեռնարկել է մի շարք առանցքային քայլեր՝ ամրապնդելու իր սահմանային անվտանգությունը։
Պետք է հիշել, որ ԵՄ անդամակցության ճանապարհն անցել են տարբեր երկրներ, որոնցից յուրաքանչյուրը բախվել է սեփական դժվարություններին։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները, ինչպիսիք են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Բալթյան պետությունները, կարողացան արագորեն ինտեգրվել ԵՄ-ին, քանի որ ոչ միայն խզեցին իրենց կապերը նախկին խորհրդային տիրույթի կառույցների հետ, այլև իրականացրեցին խորը ժողովրդավարական, տնտեսական և կառավարման բարեփոխումներ։
Բալկանյան երկրները, հատկապես Սերբիան և Մոնտենեգրոն, մինչ օրս շարունակաբար իրականացնում են այս բարեփոխումները, որպեսզի համապատասխանեն ԵՄ պահանջներին։ Հայաստանը, ելնելով իր աշխարհաքաղաքական դիրքից, պետք է որդեգրի խիստ նպատակային և առանց կասկածների ռազմավարություն։ Պետք է գիտակցել, որ ԵՄ անդամակցության բանակցությունները երկարատև և բարդ գործընթաց են, որը պահանջում է քաղաքական կամք, տնտեսական ճկունություն և ինստիտուցիոնալ ամրություն։ Սակայն այս գործընթացը չի կարող և չպետք է իրականացվի կիսատ-պռատ ձևով։
Անդամակցության ճանապարհին վճռական առաջին քայլը ԵԱՏՄ-ից դուրս գալն է, ինչը Հայաստանի համար թույլ կտա վերակառուցել իր տնտեսական քաղաքականությունը և վերջնականապես ամրագրել իր տեղը եվրոպական ընտանիքում։
Հայաստանն այլևս չի կարող շարունակել վարել անկազմակերպ արտաքին քաղաքականություն։ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկումը պետք է չմնա պարզապես խորհրդարանական օրակարգի մի մաս, այլ հստակ և անշրջելի քաղաքական որոշում՝ պետական ռազմավարության մակարդակով։
Հայաստանը պետք է վերջնականապես ազատվի ռուսական ազդեցությունից և կեղծ կաշկանդվածություններից։ Այս գործընթացը պահանջում է ոչ միայն հստակ քաղաքականություն, այլև արդյունավետ դիվանագիտություն և ներհասարակական լայն համախմբում։ Հայաստանում այլևս տեղ չունի երկիմաստ քաղաքականությունը, որը հանգեցնում է ինքնախաբեության։
ԵՄ անդամակցությունը ոչ թե պարզապես աշխարհաքաղաքական ընտրություն է, այլ կենսական անհրաժեշտություն՝ ապահովելու երկրի անվտանգությունն ու տնտեսական կայունությունը»:
Բաց մի թողեք
«Պայծառ ժողովրդավարական ապագայի» խորհրդանիշ ու մարմնավորում, մնացել է Եվրոպան, իսկ ԱՄՆ-ն միացել է «չարերի» ճամբարին
Եկեք տեսնենք, թե ինչ է այս օրերին կատարվում Սիրիայում
ՀՀ կառավարման համակարգը Հայաստանում միապետական է եղել առաջ եւ այդպիսին է հիմա