2023 թվականին դպրոցների կառավարման նոր համակարգ ներդրվեց, որով նախատեսվեց դպրոցի տնօրենների ընտրության եւ նշանակման եռափուլ համակարգ։ Տնօրենի նշանակման գործող կարգով՝ տնօրենի հավակնորդները պետք է ներկայացնեն դպրոցի զարգացման ծրագիր, որն անցնում է փորձաքննություն՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից:
Դրական շեմը հաղթահարած ծրագրերի հեղինակ հավակնորդները մասնակցում են հարցազրույցի լիազոր մարմնի շրջանակում, որի արդյունքներով էլ տեղի է ունենում նշանակումը։ Սակայն կարգի կիրարկման ընթացքում պարզվեց, որ կան դեպքեր, երբ զարգացման ծրագրերը չեն բավարարում նվազագույն պահանջներին, եւ երբեմն բացակայում է ինքնուրույն աշխատանքը։ Այս խնդիրների կարգավորման նպատակով, նոր կարգով առաջարկվեց մի քանի մեխանիզմ: Առաջինն արտագրության փաստի հայտնաբերման մեխանիզմն էր, որը գործարկվեց 2024-ից, սակայն դրանով խնդիրները չլուծվեցին:
Տնօրենի հավակնորդների ներկայացրած դպրոցի զարգացման ծրագրերը փորձաքննում են մրցույթով ընտրված կազմակերպությունները, որոնք այս տարի եւս 2-ն են՝ Վահրամ Սողոմոնյանի «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամը եւ Վահրամ Թոքմաջյանի «Կրթություն եւ համերաշխություն» արհմիությունը։ Ի դեպ, երեկ «168 ժամ»-ը գրեց, որ ԿԳՄՍՆ-ն մի կլորիկ գումար է հատկացրել Վ․ Թոքմաջյանի «Կրթություն եւ համերաշխություն» կազմակերպությանը՝ հավակնորդների զարգացման ծրագրերի փորձաքննության իրականացման համար․
«Պայմանագրի գինը 16 միլիոն 110 հազար դրամ է, նախատեսված ծրագրի կատարման ժամկետ է նշվել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 19-ը, հաշվետվությունների ներկայացման ժամկետ՝ մինչեւ դեկտեմբերի 22-ը։ 2024 թվականին «Կրթություն եւ համերաշխությանը» նույն նպատակի համար նախարարությունը տրամադրել էր 16 միլիոն 410 հազար դրամ, իսկ 2023 թվականին՝ 7 միլիոն 650 հազար դրամ»։
Վահրամ Թոքմաջյանը մեզ հետ զրույցում նախ զարմացավ, թե ինչու են ամեն անգամ իր շահած դրամաշնորհներն այսքան մեծ իրարանցում առաջացնում, երբ հազարավոր կազմակերպություններ տենդեր են շահում։ Ապա նկատեց, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի մրցակցությունը քիչ է եղել․ ընդամենը 3 կազմակերպություն է դիմել, եւ, ինչպես ամեն տարի, երաշխավորվել է 2 կազմակերպություն։
Այդ 16 մլն-ի մեջ ի՞նչ ծառայություններ են ներառված՝ սարքերի ձեռքբերո՞ւմ, փորձագետների վարձատրությո՞ւն։ «Ի ուրախություն մամուլի, որը թվի վրա է ֆիքսված, այդ գինն այս տարի իջել է, եթե նախկինում մեկ ծրագրի փորձաքննության համար՝ բոլոր հարկերը ներառյալ, վարձատրում էինք 30 հազար դրամ, իսկ այդ 30 հազարից էլ տալիս հարկեր, այսինքն՝ այդ 16 մլն-ի 20-25 տոկոսն արդեն մի հաշվեք, որովհետեւ գնում է աշխատավարձային հարկ եւ այլն, այդ գումարը գնում է փորձագետների վարձատրությանն ու վերջ, մեկ էլ կարող են այդ պահին պետք լինել պիտույքներ, տեխնիկայի թարմացում, քանի որ մենք ունենք պարտավորություն՝ այդ ծրագրերի արդյունքները պահպանելու։ Ու եթե նախկինում մեկ ծրագրի գնահատումն արժեր 30 հազար դրամ, այս տարի այդ 16 մլն-ի բացվածքի մեջ 3 տարբեր թիվ կա․ օրինակ, եթե իքս ծրագիրը մենք ստուգել ենք, որի բաժիններից մեկն անբավարար է գնահատվել, եւ ծրագիրը 2-րդ անգամ գալիս է ստուգման, մենք այդ ծրագրի համար վարձատրվելու ենք արդեն 15 հազար դրամ։ Հետո՝ այդ 16 մլն 110 հազարից կարող է միայն 9 մլն-ն հատկացվել, քանի որ դրամաշնորհի տրամաբանությունն այն է, որ ինքը քեզ տալիս է իքս ծավալ եւ իքս քանակ, բայց կարող է տարվա ընթացքում չի ունենում այդքան ծրագիր, հետեւաբար՝ ինչ-որ թիվ դու չես ստանալու։ Այսինքն, ինքը քեզ տարվա սկզբին միանվագ չի հատկացնում 16 մլն-ն ու ասում. գնա՝ տարվա վերջ կբերես, հաշվետվությունը կներկայացնես։ Ոչ, դու ամեն ամիս ստանում ես ծրագրերի որոշակի քանակ, դրա հաշվետվությունը ներկայացնում ես, հաջորդ ամսվա մինչեւ 15-ը ստանում ես դրա դիմաց վճարում, եւ տարվա վերջում էլ կարող է պարզվել, որ այն թվով, որ կնքվել է, դու այդքան ծրագիր չես ստուգել»։
Ինչ վերաբերում է գործընթացի բովանդակային կողմին, ապա, ինչպես նկատում է Վ․ Թոքմաջյանը, անցած տարի նախարարի հրամանով փոխվեցին գնահատման չափանիշները․ «Շատ ավելի հեշտացվեց եւ բերվեց էապես բովանդակային դաշտ, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրակրթության մասին օրենքի փոփոխություններով բովանդակային մասի կազմակերպիչ տնօրենը չի կատարելու ֆինանսատնտեսական գործառույթներ, եւ վարչական մասը մնում է վարչատնտեսական համակարգողի վրա։ Ուստի, գնահատման չափանիշները երբ փոխվեցին, մնաց ավելի շատ բովանդակությունը, անգամ հուշում գնաց իրենց, որ դուք 25 էջի սահմաններում վերլուծեք իրավիճակը։ Իսկ իրավիճակն ինչպե՞ս են վերլուծելու․ մաքուր չափորոշչային, բովանդակային խնդիրներ են՝ կատարե՞լ եք- չե՞ք կատարել, եթե չեք կատարել՝ ինչո՞ւ, ի՞նչ արդյունքներ եք գրանցել, որո՞նք են ձեր խնդիրները, թերացումները, առավելությունները։ Մյուսը մանկավարժական աշխատողների մասնագիտական կարիքներն են․ այն կոլեկտիվը, որը պատրաստվում եք ղեկավարել, մասնագիտական ի՞նչ կարիքներ ունի՝ զարգացման հետ կապված։ Հաջորդը մասնակցային կառավարումն է, մյուսը լիազոր մարմնի եւ ընդհանրապես կառավարման խորհրդի՝ համայնքի հետ հարաբերություններն են․ դպրոցը՝ որպես համայնքային կենտրոն։ Եվ վերջինն իր ունեցած ռեսուրսների ուսումնասիրությունն է, թե ինչքանով է արդյունավետ ու նպատակային օգտագործում այդ ռեսուրսները։ Հիմա այս 5 կետը վերլուծելուց հետո հավակնորդները պետք է ներկայացնեն այդ կետերից բխող նպատակներ եւ խնդիրներ, այսինքն՝ ի՞նչ նպատակներ ու գործողություններ են դնում, որո՞նք են լուծման եւ գնահատման չափման մեխանիզմները»։
Ի դեպ, նախորդ տարում, համաձայն ԿԳՄՍՆ-ի, 853 հավակնորդի զարգացման ծրագրի փորձաքննություն է իրականացվել, դրական եզրակացություն ստացել է ընդամենը 99-ը, իսկ այդ 99-ից էլ միայն 44-ն է հարցազրույցից հետո դրական եզրակացություն ստացել: Ու դա՝ այն դեպքում, որ 300-ից ավելի դպրոց չունի տնօրեն։
Թոքմաջյանն արձանագրում է՝ հավակնորդների մի մասը դիմում է նոր գործիքների օգնությանը, ինչպես, օրինակ, արհեստական բանականությունը։ «Ու մոռանում են, որ արհեստական բանականության գրած տեքստում ոչ թե աշակերտ է գրված, այլ՝ հաճախորդ, ըստ այդմ՝ գոնե դա փոխեն։ Կամ, օրինակ, վերցնում է 2010-ի ինչ-որ բանկի հաստատած էթիկայի նորմերը եւ բերում մտցնում իր ծրագրի մեջ՝ մոռանալով, որ մենք կարդում ենք դա։ Կամ էլ սկսում է արտագրել սրանից-նրանից, լինում է, որ ինչ-որ մարդիկ հայտարարում են ապօրինի ձեռնարկատիրության մասին, որ մենք այսքանով գրում ենք, ու այսքան մարդու ծրագիր անցել է (հիշեցնենք, որ խոսքը մի քաղաքացու մասին է, որն ամիսներ առաջ list.am-ում վճարովի ծառայություններ էր առաջարկում՝ դպրոցի զարգացման ծրագիր գրելու համար, մասնավորապես՝ 450 հազար դրամի դիմաց հաղթող, մրցունակ ծրագիր)։ Այդ մարդը տրիվիալ ստախոս է, եւ այն քանակը, որ նշել է՝ իբր իր գրածներով անցել են, պարզապես 2 տարում այդ քանակի ծրագիր չի անցել, ու եթե այդքան լավ գրող էր, թող իր ազգականի ծրագիրը գրեր, որը մի ութ անգամ կտրվել է․․․ հիմա փակագծեր չեմ բացում, բայց կարծեմ այդ հաղորդումից հետո համապատասխան մարմինները զբաղվել են այդ մարդով»,-նշում է զրուցակիցս։
Մեկ տարի առաջ, երբ էլի այս թեմայի շուրջ զրուցում էինք, նշել էր, որ սեւ շուկա է ձեւավորվել, եւ մարդիկ փողով ծրագրեր են գրում, այսինքն՝ այդ մոտեցումը դեռ պահպանվում է։ «Այս տարի դեռ մի քանի հատ ենք նայել, բայց այդ համամասնությունն էլ չկա, ինչո՞ւ, որովհետեւ նախ մարդու ֆանտազիան չի կարող անընդհատ թարմ բան գտնել, ենթադրենք՝ իքս մարզի գրողը մի ծրագիր գրեց եւ եկավ, ու բախտը բերեց․․․, հետո՝ նախարարությունն այլեւս գործիք ունի, ու երբ ծրագիրը ստանում է մարզերից ու Երեւանից, այդ գործիքով ստուգում է, եթե 30 տոկոս համապատասխանություն կա իքս, իգրեկ ծրագրի հետ, արդեն հետ է ուղարկում, եւ մենք դա նույնիսկ չենք էլ ստանում։ Բացի նախարարության «անտիպլագիատ» ծրագրից, մեր կազմակերպությունը եւս ունի ծրագիր, որով մենք արդեն ստուգում ենք այլ միջամտությունները, նույն՝ արհեստական բանականության կիրառումը, թե ինչքանով է կիրառվել, ինչ հարցադրումների շրջանակում, բայց, այդուհանդերձ, ինքը չի փակում ամբողջ ծավալը, որովհետեւ ամեն օր մի նոր գործիք է հայտնվում, եւ չես կարող դրա հետեւից հասցնել»,- ասում է Թոքմաջյանն ու մի քանի օրինակ բերում հավակնորդների բացթողումներից ու վրիպակներից․
«Երբ հավակնորդը գրում է ծրագիր եւ պետք է վերլուծի իր համագործակցությունը կառավարման մարմինների հետ, որից մեկն իր դպրոցի հոգաբարձուների խորհուրդն է, բայց ինքը որեւէ տող դրա մասին չի գրում, էլ ի՞նչ ասես դրա մասին, այսինքն, ինքը չի պատկերացնում՝ ով է իր կառավարիչը, ում է հաշվետու։ Կամ՝ եթե գրում է ծրագիր, որտեղ 7 նպատակից 6-ը ֆինանսական է, եւ իրեն վերագրում է պետության գործառույթներ՝ շենքը կհիմնանորոգեմ, այգի կտնկեմ․․․ ակնհայտ է, որ այդ մարդը չգիտի, որ դա այլեւս իր գործը չէ, օրենքը չի կարդացել եւ իր գործառույթները չի պատկերացնում»։
Ոլորտի մասնագետների, փորձագետների կարծիքով, այն պահանջը, որ դրվել է նախարարության կողմից, ոչ իրատեսական է, քանի որ չի կարելի մեկ մարդուց պահանջել այդպիսի ծավալի փաստաթուղթ, հատկապես որ տնօրեններից, հավակնորդներից շատերը չեն սովորել եւ չգիտեն զարգացման ծրագիր գրել․ «Այդ փորձագետների մի մասը պոպուլիստ է, մյուս մասն էլ՝ ճար ունենար, տակից կգրեր կտար, բացառությամբ մի քանի ազնիվ մարդու, որոնց չթիրախավորենք։ Ի՞նչ է նշանակում՝ տարիներ շարունակ դպրոց ղեկավարած մարդը կամ առհասարակ բուհ ավարտած մարդը երբեւէ կուրսային չի՞ գրել, եթե փողով է առել ու ի սկզբանե կեղծիքի մեջ է, հիմա խաբելով կրթությո՞ւն է ուզում համակարգել»։
ԿԳՄՍՆ-ն անցած տարի «ԱՅԲ» հիմնադրամի հետ որոշեց մի քանի տասնյակ տնօրենների հավակնորդների վերապատրաստել եւ սովորեցնել զարգացման ծրագիր գրել։ Թոքմաջյանն ասում է՝ բովանդակային վերապատրաստումներին միշտ դրական է վերաբերվում, բայց քանի դեռ վերապատրաստման 6 ամիսը չի լրացել, եւ վերապատրաստումը չի ավարտվել, չի ուզում որեւէ գնահատական տալ, որպեսզի դրանով մարդկանց ո՛չ «լարենք», ո՛չ էլ «անիմաստ գովենք»․ «Նախ արդյունքները տեսնենք, թե այդ շահառուների քանի տոկոսն ինչ եւ ինչպես կգրի կամ կգրի՞, թե՞ չի գրի, հետո նոր գնահատական կտանք»։
Բաց մի թողեք
ԵՊՀ-ում դասերի մասին միայն առավոտյան ժամը 9-ին հայտարարեցին
Մեկնարկել է համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը. Լուսանկար
Երևանը և Թբիլիսին համագործակցության հուշագիր են ստորագրել. Լուսանկար