Երեւանի քաղաքապետարանը նոր անակնկալ է պատրաստել երեւանցիների համար: Այսուհետ հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն:
Բանն այն է, որ բոյկոտող քաղաքացիների քանակը մտահոգություններ է առաջացրել իշխող թիմում, եւ որպեսզի ֆինանսական լուրջ խնդիրների առաջ չկանգնեն, հետայսու հանրային տրանսպորտում բոյկոտող քաղաքացիներին ինչ-որ մարդիկ «ահաբեկելու» են, որպեսզի որեւէ մեկը չհանդգնի իր սահմանադրական իրավունքի շրջանակներում քաղաքական ակցիա անել` բոյկոտել սակագնի թանկացումը: Ու թեեւ ՔՊ-ի կարգախոսն «Ասեք` կանենք»-ն էր, սակայն Տիգրան Ավինյանը համառորեն շարունակում է անել երեւանցիների ասածի ճիշտ հակառակը:
Երեկ առավոտյան ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը գրել էր տրանսպորտում հայտնված հսկիչների մասին, որոնք փորձել էին պարտադրել, որ մարդիկ 150 դրամ վճարեն, եւ արդյունքում վեճ էր ծագել: Ժամեր անց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը գրառմամբ արձագանքեց. «Հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով մամուլում եւ Երեւանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ հայտնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։ Ստուգայցերն իրականացվում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ եւ 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երեւանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաեւ՝ քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը»։
Ի՞նչ ասել է ստուգայց, ովքե՞ր են ստուգայց իրականացնողները, քանի՞ նոր կադրով է հասարակական կարգի պահպանության ծառայությունը համալրվել, ի՞նչ լիազորություններ ունեն այդ մարդիկ, որքա՞ն աշխատավարձ են ստանալու, վերջապես` հսկիչներն ինչպե՞ս են խոչընդոտելու քաղաքացիների բոյկոտին եւ ի՞նչ լծակներ են կիրառելու, ասենք` որքա՞ն են տուգանելու չվճարող քաղաքացիներին եւ այլն:
Հայկ Կոստանյանը «Հրապարակի» հետ զրույցում վստահեցրեց, որ հասարակական կարգի պահպանության ծառայությունում կադրերի համալրում տեղի չի ունեցել, որեւէ նոր աշխատակից չի ավելացել: Կոստանյանի պնդմամբ` աշխատանքներն իրականացնելու են այն աշխատակիցները, ովքեր մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանության ծառայություն ապահովելու համար տարբեր աշխատանքներ են իրականացնում, օրինակ` ապօրինի շինթույլտվություններն են բացահայտում, սխալ գովազդային վահանակներն են ապամոնտաժում, փողոցային առեւտուրն են արգելում` տարեց վաճառողներին եւ նրանց վաճառած միրգ-բանջարեղենը փռելով ասֆալտին ու ոչնչացնելով եւ այլն:
«Մեր աշխատակիցներն են, միշտ էլ եղել են նրանք, նոր աշխատակիցներ չեն: Ստուգայցեր կիրականացվեն այնքան ժամանակ, մինչեւ այս իրավիճակը հանգուցալուծում ստանա: Դուք էլ նկատած կլինեք, որ այս ընթացքում անդադար վեճեր են տեղի ունենում տրանսպորտի մեջ: Տարբեր քաղաքացիներ իրար հետ են վիճում կամ քաղաքացիները վիճում են վարորդների հետ, կամ էլ` ավագանու անդամները` վարորդների, կամ` քաղաքացիները` ավագանու անդամների հետ: Այս ամենը խանգարում է աշխատանքի բնականոն ընթացքին: Այս ընթացքում ունեցել ենք երկու դեպք, երբ վեճերի արդյունքում վարորդների ինքնազգացողությունը վատացել է: Ունեցել ենք դրվագներ, երբ ավտոբուսն են վնասել, մի անգամ պատուհան են կոտրել, հետո` քարով են հարվածել ավտոբուսին, եւ քանի որ մեր պարտականությունը հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը պատշաճ իրականացնելն է, պահպանության ծառայության աշխատակիցներն իրականացնելու են իրենց աշխատանքը, որպեսզի տրանսպորտի բնականոն աշխատանքը որեւէ կերպ չխաթարվի: Աստված մի արասցե, չի կարելի թույլ տալ, որ խնդրահարույց իրավիճակների հասնենք: Չպետք է թույլ տանք, որ իրավիճակը սրվի: Այս պահին հստակ չեմ կարող ասել, թե հաստիքացուցակով քանի աշխատակից ունենք, որոնք ստուգայցեր են կատարելու տրանսպորտում: Նրանք Երեւանում շինարարությունից սկսած, գովազդային վահանակներով վերջացրած՝ ստուգումներ են կատարում, հետեւում են փողոցային առեւտրին եւ այլն: Փաստացի այն, ինչ քաղաքում արվում է անօրեն, այդ մարդիկ հսկողություն են իրականացնում: Նրանք առաջատար մասնագետներ են, նաեւ՝ ոչ առաջատար, հետեւաբար, տարբեր է նաեւ նրանց աշխատավարձի չափը: Ինչ վերաբերում է տուգանելուն, ապա նման բան նախատեսված չէ: Նման մեխանիզմ գոյություն չունի: Պարզապես կա ավագանու կողմից ընդունված որոշում, պետք է հաշվի առնել այդ որոշումը եւ կատարել վճարումներ»,- ասաց Հայկ Կոստանյանը: Բայց չկա՞ ռիսկ, որ հսկիչների առկայության դեպքում վեճերն ավելի կշատանան, ֆորսմաժորային իրավիճակները՝ նույնպես։ «Փաստացի, փետրվարի 1-ից կա բոյկոտային տրամադրություն, եւ փաստն այն է, որ այս օրերի ընթացքում մենք որեւէ կերպ չենք միջամտել, սակայն արդեն իսկ ունեցել ենք մի քանի կտրուկ դեպքեր: Այժմ թույլ տալ, որ իրավիճակը դառնա առավել անկառավարելի, կարծում եմ` սխալ է: Այնպես որ, ոչ մի նոր աշխատակից էլ չկա, նման դեպքերում հաստիքացուցակը հաստատում է Երեւանի ավագանին: Հաստիքների վերջին փոփոխությունը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին»,- եզրափակեց նա:
ՀԳ․ Մենք տեղեկացանք, որ Տիգրան Ավինյանը, թերեւս, նախապես իմանալով գլխին գալիքը, 2024 թվականի դեկտեմբերին քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունում նոր կադրեր է ընդունել աշխատանքի: Եվ հիմա նրանք գործի են անցնելու, որ հանրային տրանսպորտում մարդկանց սադրեն, քաշքշեն եւ վախեցնեն:
Հարցազրույց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Նարե Արամյանի հետ:
– Քաղաքային իշխանությունները որոշել են երեւանցիներին ստիպել, որ հետ կանգնեն բոյկոտից եւ վճարեն 150 դրամ` 100-ի փոխարեն: Քաղաքապետի խոսնակը գրել էր, որ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները ստուգայցեր են կատարելու հանրային տրանսպորտում: Ինչի՞ մասին է խոսքը: Քանի՞ նման աշխատակից կա քաղաքապետարանում, ի՞նչ պետք է անեն նրանք:
– Հանրային տրանսպորտում չի կարող լինել հսկիչ կամ ստուգայց կատարող: Սկսենք նրանից, թե որ հոդվածի համաձայն են նման ծախսեր նախատեսում, եւ, բացի դա, ո՞վ է այս մարդկանց նման իրավասություն տվել: Սա ոչ իրավաչափ պրոցես է: Նման գործողություններն իրավաչափ համարելու համար օրենքի մակարդակով պետք է հստակ սահմանումներ տալ, քաղաքացիները պետք է նախապես իրազեկվեն, որ նման բան կարող է տեղի ունենալ: Ի՞նչ է նշանակում հանրային տրանսպորտում հսկիչ: Այս ամենը պետք է ունենա հստակ իրավական հետեւանք: Որեւէ օրենսդրական գործողություն չի արվել, հանրային դաշտ չի բերվել այս հարցը, չի եղել գեթ մեկ հանրային քննարկում: Փաստորեն, ո՛չ հասարակությունն է քննարկել այս հարցը, ո՛չ էլ ավագանին: Առհասարակ` ի՞նչ ուսումնասիրությունների հիման վրա են նման քայլեր կատարում: Քանի՞ հսկիչ է անհրաժեշտ այս գործողության համար` 10, 100, 1000, գուցե՝ ավելի շատ: Այս ամենն անտրամաբանական է, բայց զարմանալի ոչինչ չկա: Հստակ ժամանակացույց է հարկավոր, բնականաբար, մարդկանց աշխատանքը չի կարող լինել անդադար, Աշխատանքային օրենսգրքով քաղաքացին կարող է աշխատել իքս ժամանակահատված: Հետեւաբար, նոր աշխատակիցներ են հարկավոր, նոր կադրեր, նոր ծախսեր:
– Այսինքն` քանի՞ աշխատակից է հարկավոր քաղաքապետարանին՝ երեւանցիներին հսկելու համար:
– 600+300+եւս 300 հավելյալ աշխատակից` հերթափոխի համար: Եթե անգամ լինի 100-200 նոր աշխատակից, եթե անգամ նրանք աշխատեն նվազագույն աշխատավարձով, ապա ո՞ր հոդվածով են այն հաստատելու ավագանու կողմից: Հնարավոր չէ այդ ծախսերը ծածկել նվիրատվությունների կամ ինչ-որ հիմնադրամների փոխանցումների միջոցով: Նրանք պետք է լինեն քաղաքապետարանի աշխատակիցները, եւ այդ բոլոր գործողությունները պետք է արվեն ավագանու մակարդակով: Մենք դեմ չենք հավելյալ աշխատակիցներ ընդունելուն: 10 տարի է՝ խոսում ենք, որ վարչական շրջաններում կարող են 40 տոկոսով կրճատումներ անել, քանի որ կան կադրեր, որոնք անգործության են մատնված, եւ այդ գումարները հատկացնեն այլ աշխատող կադրերին: Վերադառնալով բոյկոտի թեմային` հավատացնում եմ Ձեզ, որ քաղաքացիների անհնազանդությունը կանխելու առումով չկա իրավական որեւէ մեխանիզմ, որը կարող է քաղաքացուն տուգանքի կամ այլ պատասխանատվության ենթարկել: Քաղաքացիական անհնազանդությունը ժողովրդավարական, իրավական, սոցիալական երկրների համար սահմանված թիվ մեկ գործողությունն է, ինչն անգամ պարտադիր է: Բայց Հայաստանում իրավապահները բիրտ ուժի կիրառման են դիմում, անողջամիտ քայլեր են անում, սակայն նման գործողությունները տապալվելու են:
– Եթե հանրային տրանսպորտում հսկիչ կոչվածը միջամտում է քաղաքացու գործողություններին, քաղաքացին կարո՞ղ է դիմել ոստիկանություն:
– Այո, քաղաքացին անհնազանդության գործողություն կատարելու պահին ոչ իրավաչափ գործողությունները կանխելու նպատակով կարող է դիմել ոստիկանություն, որպեսզի կանխվեն անօրինական գործողությունները:
Բաց մի թողեք
Ինչպե՞ս են իշխանությունները մեր «փոքր նավը» ենթարկում ալեկոծության վտանգին
Որ միջոցառման համար է հատկացվել 8 միլիոն դրամ
16։30-ին դադարեցրել են աշխատանքները, որ աշխատակիցները նորմալ տուն հասնեն