20/02/2025

Ալիևը մի օր էլ հանկարծ կհայտարարի, որ Արցախի «երկաթյա բռունցքը» ոչ թե իրենն է եղել, այլ՝ Էրդողանինը

«Նույնիսկ ամենամոտ դաշնակիցների շրջանում այսօր չկա ադրբեջանա-թուրքական հարաբերությանը նման հարաբերություն»,- Բաքվում, ընդունելով Թուրքիայի նոր դեսպանին, հայտարարել է Իլհամ Ալիևը:

Արցախի հանդեպ ագրեսիայի հարցում իր դերակատարությունը հիշատակող Թուրքիայի բերանը պարբերաբար փակող Իլհամ Ալիևը զգացել է Էրդողանի կարի՞քը, որ որոշել է այդօրինակ ռևերանս անել Անկարային:

Դա կապ ունի՞ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերության լարման հետ, թե՞ Իլհամ Ալիևի համար այդ լարումն էլ «խայծ» է Էրդողանի համար, իսկ բուն նպատակը գուցե ավելի լայն է և բազմաշերտ: Իլհամ Ալիևը, ըստ ամենայնի ,«տանիք» է փնտրում մի իրավիճակում, որը բավականին անկանխատեսելի է:

Ռուս-իրանական պայմանագրից հետո, որի ակնհայտ թիրախային ռեգիոն են Կովկասն ու Կասպիցը՝ Ադրբեջանի համար զգայուն գոտիները, այժմ էլ ծավալվում է ամերիկա-ռուսական քննարկում թե՛ ուկրաինական, թե՛ մերձավորարևելյան թեմայով:

Այդ հանգամանքները բավականին անհանգստացնում են Լոնդոնին, որը մի կողմից փորձում է Թրամփի և Պուտինի միջև «մխրճվել» ուկրաինական ուղղությամբ, մյուս կողմից թերևս ձգտելու է անել դա Մերձավոր Արևելքի հարցում, հետևաբար նաև Կովկասում:

Իսկ Ադրբեջանին Բրիտանիան հենց այդ «սև օրվա» համար է ԽՍՀՄ փլուզումից ի վեր սնել հարյուրավոր միլիարդ ներդրումներով, որպեսզի անհրաժեշտ պահին դրանք Բաքվի քաղաքականության տեսքով աշխատեն Ռուսաստանի դեմ:

Բայց երբ Ռուսաստանը պայմանավորվում է ԱՄՆ հետ, դրա դեմ աշխատելը շատ ռիսկային է: Իհարկե ռուս-ամերիկյան աշխատանքի որևէ արդյունք երաշխավորված չէ, բայց, քանի դեռ պրոցեսը կա և նոր է հավաքում թափ, Ալիևը հասկանում է, որ այդ պայմաններում Ռուսաստանի դեմ գործելը կարող է ունենալ ավելի ծանր հետևանք, քան Ուկրաինայի պատերազմի ճահճում խրված Ռուսաստանի դեմ գործելը:

Եթե Պուտինը պայմանավորվում է Թրամփի հետ, ապա կարող է Ալիևի հետ արդեն չպայմանավորվել, այլ պայման դնել: Ով գիտե, գուցե այդպիսի մի պայման էլ Մոսկվան Բաքվին կփոխանցի Աստանայի միջոցով՝ Շոյգուի այցի ընթացքում:

Մյուս կողմից, շատ դժվար և ռիսկային է նաև բրիտանացիներին հուսախաբ անելը: Այդ բարդ հանգույցում մանևրելը, թերևս, վեր է Իլհամ Ալիևի ուժից, և նա, ըստ ամենայնի, ակնկալում է Էրդողանի օգնությունը, ինչի համար էլ Թուրքիայի նոր դեսպանի հետ հանդիպմանը հիշել է ադրբեջանա-թուրքական բացառիկ հարաբերության հատկանիշների մասին:

Զարմանալի չի լինի, եթե Ալիևը մի օր էլ հանկարծ ինքը հայտարարի, որ ամենուրեք իր հանրության աչքի առաջ թափ տվող «երկաթյա բռունցքը» ոչ թե իրենն է եղել, որ «հաղթել» է և օկուպացրել Արցախը, այլ պատկանում է Էրդողանին: