22/02/2025

Բոյկոտը հաջողել է․ 550 հազար ուղեւորափոխադրման փոխարեն ստացել են 308 հազարը

Երեկ տեղեկացանք, որ «հպարտ» քաղաքացիներին հետայսու հանրային տրանսպորտում հսկիչներ կուղեկցեն, որոնք փորձելու են հաշվեհարդար տեսնել բոլոր այն ուղեւորների հետ, ովքեր կհանդգնեն բոյկոտել եւ չվճարել 150 դրամ:

Թեպետ Երեւանի քաղաքապետի խոսնակը նշում է, որ դրանք զուտ ստուգայցեր են` քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների կողմից, որոնք տուգանելու իրավունք չունեն: Սակայն սադրել կարող են, եւ հենց առաջին օրը մենք նման մի քանի միջադեպի ականատես եղանք:

«Հրապարակն» այս թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեց Երեւանի ավագանու նախկին անդամ, Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցության անդամ Գրիգոր Երիցյանին, որն ակտիվորեն մասնակցել է բոյկոտի կազմակերպմանը:

– Չե՞ն արվելու քայլեր՝ այս ակնհայտ հակասահմանադրական գործողությունները կանխելու համար: Փաստացի, որեւէ մեկը չունի իրավունք՝ քաղաքացիների ազատ բոյկոտի իրավունքը սահմանափակելու հարցում, սակայն ստացվում է, որ իշխող ուժի համար չկան արգելքներ, եւ, ըստ էության, ինչ ցանկանում են, այն էլ անում են:

– Իհարկե, պետք է քաղաքացիներին իրազեկել, որ սա ապօրինի որոշում է: Որեւէ մեկին տրանսպորտում հսկիչի գործառույթ իրականացնել թույլատրված չէ: Սա փաստացի ապօրինի գործողություն է, որն արվում է հասարակական կարգի պահպանության վարչության անվան տակ, սակայն այդ վարչության գործառույթները լրիվ այլ են, առնվազն շատ քիչ կապ ունեն տրանսպորտի հետ: Փաստորեն, եթե առաջ թաղապետարանի աշխատակիցներին էին գործուղում ավտոբուսներ, այժմ լրիվ բացահայտ քաղաքապետարանի աշխատակիցներին են գործուղում, ընդ որում, դա նաեւ տվյալ աշխատակիցների աշխատանքային իրավունքների խախտում է, քանի որ նրանց համար նախատեսված չէ նման գործողություններ անելը: Այս պրոցեսը մի քանի մասով դեմ է օրենքին: Ի դեպ, արդեն իսկ արձանագրվել են դեպքեր, երբ այս տեսուչ կոչվածները վեճ են հրահրում տրանսպորտի մեջ, մարդ են իջեցնում եւ այլն, գերազանցելով իրենց լիազորությունները:

– Ինչպե՞ս է այդ հսկողությունն իրականացվում, այդ մի քանի աշխատակիցն ինչպե՞ս են հասցնում բոլոր ավտոբուսներում հսկողություն իրականացնել:

– Այդ աշխատակիցները բավականին քիչ են: Մի խումբ է ընդամենը, որ շրջում է տարբեր կանգառներով: Քաղաքացիները պետք է իմանան, ցանկացած դեպքում, երբ ինչ-որ մեկը մոտենում է իրենց, ներկայանում է հսկիչ, չպետք է ենթարկվեն, քանի որ ոչ մեկը չունի նման լիազորություններ: Իսկ եթե շատ են անհանգստացնում, ապա քաղաքացիները կարող են հանգիստ դիմել ոստիկանություն: Ոչ ոք չի կարող ստիպել քաղաքացուն՝ վճարել ավել, առավել եւս` իջեցնել ավտոբուսից: Սա պետք է արձանագրել հստակ: Այս մարդիկ իրենց հիմար որոշումների զոհն են դարձել: Չէին պատկերացնում, որ բոյկոտն այսքան վնասելու է իրենց: Եթե քաղաքացիներն իսկապես պարտաճանաչ վճարեին, ապա հաստատ նման մեթոդների չէին դիմի: Եթե այս քայլերին են դիմում, պարզ է, որ 550 հազար ուղեւորափոխադրման փոխարեն ստացել են 308 հազարը: Գնալով պատկերն ավելի է վատանալու իշխանության համար: Ոչ մի բան հաշվի չեն առել, թանկացրել են՝ առանց որեւէ հաշվարկ անելու: