Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հայտարարել է, որ Գազան պատկանում է պաղեստինցիներին և իսլամական աշխարհը թույլ չի տա նրանց հայրենազրկել:
«Իսլամական համագործակցության կազմակերպությունը դեմ դուրս կգա (Գազայի բնակչության տարհանման ծրագրին): Ես Թրամփի և Նաթանյահուի գործարքը գնահատում եմ ամբողջ աշխարհի խաղաղությանը սպառնալիք, կարծում եմ, որ այդ ծրագիրը շուտափույթ կվերանայվի»,- Էրդողանի հայտարարությունը փոխանցում է «Անադոլուն»:
Թուրքիայի նախագահը Պակիստանում ավարտել է քառօրյա շրջայցը՝ մինչ այդ լինելով Մալայզիայում և Ինդոնեզիայում: Քաղաքական քննարկումները, կարծես, ամփոփել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը՝ Էրդողանին հռչակելով ոչ միայն Թուրքիայի, այլև իսլամական աշխարհի առաջնորդ:
«Թուրքիան և Պակիստանը եղբայրներ են, բարեկամներ, և մեր եղբայրության արմատները հասնում են նախավերակառուցման (գաղութային Հնդկաստանը երկու պետությունների բաժանելուն նախորդած) շրջանին»,- ասել է Շարիֆը և հիշեցրել, որ պակիստանցիները բոլոր հնարավորություններով Թուրքիայի օժանդակել են անկախության համար պատերազմում, իսկ Թուրքիան իր հերթին ցանկացած իրավիճակում Պակիստանի կողքին է:
Պակիստանի վարչապետը թույլ է տվել չափազանց ենթատեքստային բնորոշում: «Թուրքիայի նախագահը խոսքը ումմայի խոսքն է»: Նա հավաստիացրել է, որ Պակիստանը պաշտպանում է Գազայի նկատմամբ պաղեստինցիների իրավունքները և պայքարում Քաշմիրի ազատության համար: Ավելի վաղ Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ խորհրդաժողով գումարելու հարց քննարկել են Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները:
Ուշագրավ է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հանդես է եկել Երուսաղեմի բազմամշակութային-բազմադավանական կարգավիճակի «անշեղ պահպանման» մասին հայտարարությամբ և շեշտել, որ տարածաշրջանի հուդայականացումն անթույլատրելի է: Ընդսմին, նա կարևորել է նաև Երուսաղեմի քրիստոնեական ժառանգության անխախտ պահպանման անհրաժեշտությունը:
Կարելի է դիտարկել, որ Թուրքիայի նախագահը դժգոհ է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոյի տարածաշրջանային այցի ծրագրում Անկարան ընդգրկված չէ: Իսլամական աշխարհի միասնականության մասին նրա շեշտադրումները, կարծես, հասցեագրված են Վաշինգտոնին այն իմաստով, որ Գազայի բնակչության տարհանման հարցում Թրամփը «չի ստանա արաբական և ոչ մի երկրի աջակցությունը»:
Շատ հատկանշական է, որ Միացյալ Նահանգներ այցից հետո Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ և հերքել արևմտյան մամուլի տեղեկությունը, որ Ամանը պատրաստ է ընդունել տասնյակ հազարավոր պաղեստինցիների: Հորդանանի թագավորը ճշտել է, որ խոսքը բուժման կարիք ունեցող պաղեստինցի երեխաների մասին է:
Այդուհանդերձ, տպավորություն է, որ իսլամական աշխարհի «առաջնորդության ստանձնումը» Թուրքիայի նախագահի կողմից ավելի խորքային նպատակ է հետապնդում, որ կապված է ռուս-ամերիկյան «ձնհալից» նրա սկզբունքային անհանգստության հետ: Պատահական չէ, որ վերջին օրերին տեղեկություններ են տարածվում Ռուսաստանի և Սիրիայի նոր իշխանությունների շփումների մասին: Ըստ այդմ, Դամասկոսում Մոսկվայի հետ երկխոսության տոնայնություն է փոխվել:
Ըստ երևույթին՝ Թուրքիայի նախագահը մտավախություններ ունի, որ Թրամփ-Պուտին հավանական գործարքը կարող է «վերաձևել» Մերձավոր Արևելքը: Անկարան ահռելի ջանքեր և միջոցներ է ներդրել, որպեսզի տարածաշրջանում դիրքեր վերականգնի և հաստատի:
Գազայի իրավիճակի շուրջ համաիսլամական կոնսոլիդացիա ապահովելու դեպքում Էրդողանին, երևի, կհաջողվի ռուս-ամերիկյան հավանական գործարքից «օրինական մասնաբաժին» ունենալ:
Հակառակ դեպքում Էրդողանը, հավանաբար, գործի կդնի բոլոր լծակները, որպեսզի այն չկայանա: Թուրքիան սկզբունքային շահեր է հայտագրել նաև Սևծովյան տարածաշրջանում և Արևելյան Եվրոպայում: Էրդողանը կփորձի՞ ներգրավել Ադրբեջանին:
Բաց մի թողեք
«Կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի հոր «Toyota»-ն «պլաշչադկա» է տեղափոխվել խմածության համար
Ինչպես է Մինասյանը կես գնով մասնավորեցրել Նորատուսի ռադիոկայանը․ ապօրինի գույքի վերադարձի պատմությունը. Fip
Անկարայի «վրեժն» է այն վարքագիծը, որ Բաքուն է այս շրջանում ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ