22/02/2025

Մի կողմից պետությունն է հարստահարում քաղաքացուն, մյուս կողմից՝ տնտեսվարողները

Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հասարակության տարբեր շերտերին շանտաժի տարբեր ձեւերով պատժել եւ վերջում սեփական հասարակության հանդեպ հաղթանակ տանել:

2018 թվականին հավասարության, արդարության, տուգանքների ու տեսախցիկների մասին բոցաշունչ ճառեր ասող Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ քաղաքացիներին, բառի բուն իմաստով, հարկախեղդ է անում: Եկամտահարկի բարձրացում, տրանսպորտի սակագնի աճ, շրջանառության հարկի կրկնակի ավելացում, գույքահարկի եւ աղբահանության վարձի աճ: Սա է այն բարեկեցիկ ապագան, որ խոստանում էր Նիկոլ Փաշինյանը:

Հունվարի 1-ից շրջանառության հարկի բարձրացումը Հայաստանի բնակչության վրա արդեն իսկ էական ազդեցություն է թողել, հիմա կառավարության շենքի դիմաց տնտեսվարողներն իրենց բողոքի ուշացած ձայնն են բարձրացնում: Իսկ ուժի մեջ մտած օրենքը փոփոխության ենթարկելու համար իշխանությունների կամքն է հարկավոր:

Հիշեցնենք, որ փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը կրկնակի, որոշ դեպքերում՝ եռակի կամ քառակի թանկացել է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարեվերջին շրջանառության հարկի մասին կարճ տեսանյութ էր պատրաստել, որտեղ հիմնավորում էր, թե այդ փոփոխությունն արվում է «խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար», ինչը ծայրից ծայր կեղծիք է։ Իբրեւ թե սրանով ստիպում են, որ ՓՄՁ-ներն իրենց ողջ շրջանառությունը փաստաթղթավորեն:

Նախ, նման կարգավորում նախքան այս թանկացումն էլ էր գործում, սակայն դրանից շատ քչերն էին օգտվում, որովհետեւ փոքր բիզնես ունեցողին բոլոր ապրանք վաճառողները չէ, որ փաստաթուղթ են տալիս: Բացի այդ, ի՞նչը փաստաթղթավորեն, օրինակ, լրատվամիջոցները, վարսավիրանոցները, կարի արհեստանոցներն ու պատճենահանման կետերը:

Դրանից զատ, տնտեսագետները պնդում են, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելիս կառավարությունը հաշվի չի առել տարածքային զարգացման խնդիրները, քանի որ հարկային բեռի ավելացումը խնդիր է լինելու հեռավոր գյուղերի խանութների, հյուրատների, միկրոբիզնեսի համար։ Նշենք, որ շրջանառության հարկի դաշտում Հայաստանում աշխատում է ավելի քան 50 հազար փոքր ու միջին ընկերություն։

Մյուս փոփոխությունը, որ 2025-ն իր հետ բերեց, հիպոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձի օրենքի վերացումն է: Հիշեցնենք, որ այդ օրենքով հիպոթեք վերցրած քաղաքացին հետ էր ստանում իր վճարած եկամտահարկն այն չափով, որքանով վարկի տոկոս էր վճարում: Սակայն «հեղափոխականները» սա էլ շատ համարեցին ՀՀ քաղաքացիների համար:

Վերադառնալով շրջանառության հարկի կրկնապատկմանը, նկատենք, որ մեկ ամսվա ընթացքում ահռելի գնաճ է գրանցվել երկրում` անվերահսկելի թանկացումներ են սննդի օբյեկտներում, գեղեցկության սրահներում, ամենուր: Օրինակ, մազ կտրելու, ֆենելու գները կրկնապատկվել են, քանի որ, եթե պետությունը գնում է 10 տոկոսով հարկերի բարձրացման, տնտեսվարողներն էլ, օգտվելով դրանից, 50-60 տոկոսով են թանկացնում իրենց ապրանքն ու ծառայությունները:

Մենք կապվեցինք մի քանի ընկերությունների հետ։ «Աիդա» գեղեցկության սրահից, օրինակ, մեզ փոխանցեցին, որ թանկացումներ եղել են: Այժմ մազ կտրելը նախկին 3 հազարի փոխարեն դարձել է 5 հազար դրամ, ֆենելը` 2 հազարից` 3 հազար դրամ: «Իմիջ կոդ» գեղեցկության սրահից նշեցին, որ իրենց մոտ թանկացումներ չեն եղել, բայց նախկինից արդեն բարձր գներ են սահմանված եղել` մազ կտրելն այստեղ արժե 5 հազար դրամ, ֆենելը` 3000-5000, կախված մազերի երկարությունից: Մարզային գեղեցկության սրահներից եւս հետաքրքրվեցինք, թե ինչ արժե այժմ մազերի կտրվածքը: Աբովյան քաղաքի վարսավիրանոցներից մեկից ասացին, որ տղամարդկանց մազերի սանրվածքի արժեքը 1500-ից դարձել է 2 հազար դրամ:

Կտրուկ թանկացումներ են նաեւ սննդի կետերում, սրճարաններում: Երբեմնի ամենամատչելի սննդի ցանցերից մեկի` «Տաշիր պիցցայի» հաճախորդները նույնպես թանկացումներ են նկատել: Մենք համեմատեցինք նախկին ու ներկա գները: «Տաշիր պիցցայում» ստանդարտ ապուրները 550-ից դարձել են 700 դրամ: Տապակած պանրի մեկ բաժինը 750-ից դարձել է 1100: Աջարական խաչապուրին արժեր 850-950 դրամ, այժմ դարձել է 1050-1100: Պիցցայի հիմնական տեսակները նույնպես թանկացել են․ մի կտորը 100-ից դարձել է 150 դրամ: Բուրգերները 950-ից դարձել են 1200-1300: Փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք նաեւ մայրաքաղաքի սրճարաններում: Կենտրոնում գործող որոշ սրճարաններում դառը սուրճի արժեքը 600-ից դարձել է 1000 դրամ:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ է Հայաստանի շուկայում նման անվերահսկելի վիճակ, ինչո՞ւ են տնտեսվարողներն առիթից օգտվում եւ անհամաչափ թանկացումների գնում։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի խոսնակը նշեց, որ կառույցը միայն գերիշխող դիրք ունեցող ընկերություններին է վերահսկում:

Ռեստորանները, գեղեցկության սրահները, ըստ նրա, դուրս են իրենց վերահսկողությունից. «Այս ամենի հասցեատերը մենք չենք, գուցե հարկային փոփոխությունների արդյունքում են այդ թանկացումները, որոնք ունեն տնտեսական հիմնավորումներ: Մենք միայն մշտադիտարկման տակ ենք պահում խոշոր ընկերություններին, օրինակ` պարենային ապրանքներ, կարագ, ձեթ, բենզին, դիզել, եւ այսպես շարունակ: Հարկային փոփոխությունների արդյունքում թանկացումները մեզ չեն վերաբերում, մեր գործը չէ»: