20/02/2025

Ռուս-ուկրաինական զորքերի շփման գիծը շատ կարճ ժամանակ անց կվերածվի երկրորդ «Բեռլինի պատի»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն «արտառոց» է որակել ԱՄՆ փոխնախագահ Վենսի հայտարարությունը, որ Ուկրաինայի հարցով «կան, իհարկե, ազդեցության տնտեսական լծակներ, բայց կան նաև ռազմական լծակներ»:

Ռուսաստանյան մամուլն այդ ձևակերպումը գնահատել է այնպես, որ ԱՄՆ-ը «չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելու տարբերակը»:

Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան «նախկինում նման ձևակերպումներ չի լսել»: Նա ակնկալում է, որ նախատեսվող շփումների ընթացքում «լրացուցիչ պարզաբանումներ կստանան»: ԱՄՆ փոխնախագահը մեկնել է Մյունխեն, որպեսզի եվրոպական դաշնակիցների հետ քննարկի ուկրաինական կարգավորման «Թրամփի պլանը», որ ամբողջական տեսքի չի բերվել, քանի դեռ Վաշինգտոնը չունի Եվրամիության կամ գոնե ԵՄ առաջատար երկրների աջակցությունը:

Մոսկվայում, երևում է, ԱՄՆ նախագահի այն միտքը, որ իր իշխանության շրջանում ուկրաինական պատերազմ չէր լինի, ճիշտ չեն հասկացել կամ քարոզչական տպավորություն են ձևավորում, թե Դոնալդ Թրամփը նկատի է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ համաձայնությունը, որ թույլ կտար հաշվի առնել Ռուսաստանի «օրինական շահերը»:

ԱՄՆ նախագահի և նրա մերձավոր շրջապատի պատասխանատուների մի քանի շատ թափանցիկ ակնարկներից հասկացվում է, որ Թրամփի ուղերձն այն է, որ եթե ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվեր, ապա Վլադիմիր Պուտինին թույլ չէր տա «հատուկ ռազմական գործողություն սկսել»:

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան Ուկրաինայում հրադադարի հաստատման դեպքում որոշ տարածքների ռուսական օկուպացիան համեմատել է մերձբալթյան երկրների խորհրդային բռնազավթման հետ և ասել, որ Միացյալ Նահանգները ոչ թե Մերձբալթիկայի բռնակցման օրինականությունն է ճանաչել, այլ դե-ֆակտո ընդունել, որ Էսռոնիան, Լատվիան և Լիտվան «գտնվում են Ռուսաստանի տիրապետության տակ»:

Երդմնակալությունից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հաղթել է ֆաշիզմին, հաղթել է սառը պատերազմը: Արևմուտքի հետ ԽՍՀՄ մրցակցությունը հանգեցրել է կոմունիստական կայսրության փլուզմանը, Արևելյան Եվրոպայի և Մերձբալթիկայի երկրները վերադարձել են քաղաքակրթական իրենց միջավայրը:

Սառը պատերազմում Միացյալ Նահանգների հաղթանակը հստակ մատնանշելով՝ ԱՄՆ նախագահը նկատել է տվել, շատ թափանցի հասկացրել է, որ ուկրաինական պատերազմի դադարեցման իր նախաձեռնությունը չպետք է ընկալել այն իմաստով, որ ԱՄՆ-ը նպաստի Ռուսաստանի նոր կայսրության ձևավորմանը:

Վլադիմիր Պուտինի հետ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, բանակցությունների մեկնարկի մասին տեղեկատվական արտահոսքերը, որքանով դիտարկվում է, Կրեմլին ավելի բարդ կացության մեջ են դրել: Բանն այն է, որ Ռուսաստանը սահմանադրական փոփոխություններ է կատարել և Ուկրաինայի չորս մարզերն ու Ղրիմը ճանաչել իր կազմում:

Ռուսաստանցի ոչ մի փորձագետ թույլ չի տալիս երևակայել, թե Միացյալ Նահանգներն Ուկրաինային պարտադրելու են զորքերը դուրս բերել այն բոլոր տարածքներից, որ Ռուսաստանն իրենն է համարում:

ԱՄՆ նախագահն առաջարկում է զորքերի շփման գծով դե-ֆակտո հրադադար հաստատել, դադարեցնել արյունահեղությունը, ստեղծել բուֆերային գոտի, տեղաբաշխել եվրոպական զինված ուժեր:

Այդ տարբերակով համաձայնագիրը, որի երաշխավոր լինելու պահանջ է դնում Եվրամիությունը, Վլադիմիր Պուտինի համար նոր և շատ վտանգավոր մարտահրավեր է:

Խորքային իմաստով դա նշանակում է նոր «սառը պատերազմ», որտեղ Ռուսաստանի պարտությունն ակնհայտորեն կանխորոշված է: Եթե պատկերավոր ասվի, ապա ռուս-ուկրաինական զորքերի շփման գիծը շատ կարճ ժամանակ անց կվերածվի երկրորդ «Բեռլինի պատի»՝ արևելքից դեպի արեւմուտք մարդկային տեղաշարժի պատկերներով հանդերձ:

«Մարտադաշտում Ռուսաստանին հաղթել հնարավոր չէ» խոսույթը ՌԴ արտգործնախարարն այս շաբաթասկզբին փոխակերպել է Հայրենական պատերազմում տոկունության ոգեկոչմամբ: Շատ խորհրդանշական է: