ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկված հարցերի թվում եղել է նաև Հարավային Կովկասը, ինչպես հայտնել է Ռուբիոն:
Հաքան Ֆիդանն առաջին գործիչներից մեկն էր, որի հետ հեռախոսազրույց է ունեցել Մարկո Ռուբիոն իր պաշտոնամուտից հետո:
Այդ հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկատվության մեջ նշվում էր, որ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացը: Մյունխենում կայացած հանդիպման պարագայում այդպիսի կոնկրետություն չկա: Անկասկած է, որ հայ-ադրբեջանական թեման եղել է Ռուբիո-Ֆիդան քննարկման «սեղանին», բայց առայժմ պարզ չէ, թե դրա վերաբերյալ ինչ պատկերացում կամ մոտեցում ունի Միացյալ Նահանգների նոր վարչակազմը:
Նախկին վարչակազմը բավականին ակտիվ էր, ուներ անմիջական ներգրավվածություն: Օրինակ, նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկ տարի առաջ այս օրերին նույն Մյունխենի անվտանգության համաժողովում հանդիպումներ ունեցավ թե Նիկոլ Փաշինյանի, թե Իլհամ Ալիևի հետ:
Իհարկե պետք չէ բացառել, որ Ռուբիոն Մյունխենում այդպիսի հանդիպում չի ունենում, որովհետև այնտեղ միայն Փաշինյանն է, և ԱՄՆ պետքարտուղարը չի հանդիպի միայն Հայաստանի վարչապետի հետ, եթե նույն հարթակում չլինի նաև Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ֆիզիկական հնարավորություն:
Սակայն, դա միայն ընդգծում է հարցը, թե ի վերջո ինչպիսի մոտեցում է դրսևորելու վարչակազմը, գործելու՞ է անմիջական, թե՞ զգալի «գործառույթներ» կպատվիրակի հենց Թուրքիային:
«Մենք քննարկել ենք մեր երկրների բազմաթիվ ընդհանուր շահերն ու նպատակները, ինչպես նաև ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունների ամրապնդման ուղիները անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար, այդ թվում՝ ԻՊ-ի դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի շրջանակում, Սիրիայում զարգացող իրավիճակը և հակամարտությունները Հարավային Կովկասում, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև», Ֆիդանի հետ հանդիպման վերաբերյալ Իքսի միկրոբլոգում գրել է Մարկո Ռուբիոն:
ԱՄՆ ի՞նչ է ակնկալելու Անկարայից Հարավային Կովկասում՝ չխանգարե՞լ Թրամփ-Պուտին երկխոսությանը, որի մեկնարկի մասին, ըստ էության, պաշտոնապես ազդարարվեց օրերս, թե՞ հակառակը՝ նպաստել այդ երկխոսությանը Թրամփի դիրքերի ամրացմանը, ինչը կնշանակի Ռուսաստանի համար այն զգայուն գոտիներում, որտեղ Թուրքիան ունի ազդեցություն, ձեռնարկել որոշակի «ճնշող» քայլեր:
Անկարան թերևս կսպասի երկրորդ տարբերակին, թե Նահանգներից, թե Ռուսաստանից առատ դիվիդենտ կորզելու համար: Դա, իհարկե, կլինի թերևս Հայաստանի համար անցանկալի տարբերակը:
Բաց մի թողեք
Բաքուն մերժում է Հայաստանի առաջարկը. Հաջիզադեն հայտնել է Խաղաղության պայմանագիրը ստորագրելու պայմանը
Ոչ թե «քառասուն քանի», այլ՝ 209. ՀՅԴ-ական պատգամավորը ԵՄ դիտորդների կեղծ թիվ է նշել և «սիգնալ» ուղարկել Ալիևին
Պուտինը ցանկանում է ձգձգել բանակցությունները․ New York Times