Ջեյմս Դի Վենսի ելույթի քաղաքական բովանդակությանն ու շեշտադրումները, անկասկած, կարևոր են, միջազգային քաղաքականության հնարավոր միտումները գնահատելու և հասկանալու համար:
Սակայն, շատ կարևոր է նաև ընդհանրապես արձանագրել իրավիճակի գնահատման կոնցեպտուալ մեկնակտը, որ արտահայտվում է Վենսի ելույթում, անկախ դրա բուն քաղաքական մոտիվներից և տողատակերից:
Մասնավորապես, խոսքն առանցքային արձանագրման մասին է, որ արտաքին ցանկացած մարտահրավերի ուժգնություն հակադարձ համեմատական է ցանկացած երկրի կամ միավորի ներքին ուժին և դիմադրունակությանը, ներքին կառուցակարգերի, ինստիտուտների, համակեցության նորմերի և հարաբերությունների կենսունակությանը:
Եթե դուք ուժեղ եք ներսում, եթե ուժեղ են ձեր ինստիտուտները, եթե դրանք հիմնված են հարաբերությունների այնպիսի համակարգի վրա, որտեղ բազմակարծությունն ու տարբերությունները ոչ թե սպառնալիք են, այլ կարողություն, ապա արտաքին մարտահրավերների և սպառնալիքների աստիճանը հարաբերականորեն նվազելու է՝ դրանց դիմագրավելու ներքին բարձր կարողության համեմատ:
Եվ այս բանաձևը, հատկապես էական է թերևս այնպիսի բարդ քաղաքական միջավայրերում կենսոգործող պետությունների, հանրությունների համար, ինչպիսին Հայաստանը, որոնք գտնվում են աշխարհաքաղաքական բախման կիզակետերում, առանցքային ռեգիոններում և ճանապարհների կամ խաչմերուկների վրա: Հայաստանի համար այդ իմաստով է արժեքավոր այն արձանագրումը, որ Եվրոպայի համար անում է Վենսը:
Հայաստանն իր ներքին հարաբերություններում, տնտեսության, ոլորտային մնացյալ ինստիտուցիոնալ տիրույթների արդիականացման գլխավորը՝ կառավարման էֆեկտիվ ու կենսունակ համակարգի ձևավորման միջոցով պետք է դիտարկի պետական կենսագործունեության ամրությունն ու Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը:
Այդ հիմքը պետք է լինի ամուր, արդեն արտաքին կառույցները և արտաքին կառուցվածքը ստանալու համար: Սա թերևս աքսիոմատիկ է, դուք դրսում կարող եք այնքան ու այնպես, որքան և ինչպես ի վիճակի ես քո երկրի ներսում: Սա է պետական հաջողության բանաձևը:
Վենսը, ըստ էության խստագույն քննադատության ենթարկեց Եվրոպայում ներկայումս գերիշխող էլիտաներին, Եվրամիության ղեկավարությանը, հայտարարելով, որ նրանք շեղվել են այն արժեքներից, որոնք դավանում է ԱՄՆ:
Հասկանալի է, որ դրա ներքո լինելու է քաղաքական-գաղափարախոսական եւ արժեքային մի պայքար, որը կծավալվի առաջիկայում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան չպետք է նեղանա Վենսի ելույթից, քանի որ այդ ելույթն արտահայտում էր ճշմարտությունը և ընդհանրապես՝ «փայլուն ելույթ» էր:
Թրամփի այդ գնահատականը վկայում է հենց այն, որ Վենսը արտահայտել է ոչ թե անձնական, անհատական կարծիք, այլ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական պատկերացումներն ու Եվրոպայի հետ հարաբերության ուղենշային պատկերը:
Իսկ դրան շատ ուշադիր պետք է լինի նաև Հայաստանը, և միայն այն պատճառով, որ Հայաստանը Եվրամիության հետ ունի հարաբերությունների այսպես ասած ինստիտուցիոնալ փաստաթղթային մակարդակներ և քաղաքական հարաբերություններ:
Սա ինքնին արդեն շատ կարևոր է դարձնում այն տրանսֆորմացիան, որ կարող է տեղի ունենալ Եվրոպայում ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության արդյունքում:
Բայց, անգամ գոյություն ունեցող հարաբերությունների փաստաթղթային բազայից և հեռանկարից դուրս, ԱՄՆ-Եվրոպա փոխհարաբերությունը լինելու է Կովկասի և հարակից ռեգիոնալ միջավայրի իրողությունները պայմանավորող առանցքային գործոններից մեկը: Գործոն, որը կարող է վերանայել նաև այլ դերակատարների վարքագիծ և դեր ընդհանրապես:
ԱՄՆ-Եվրոպա փոխհարաբերության հարցում մշտապես էական «գործառույթ» է ունեցել Թուրքիան, հետևաբար այստեղ հարց կառաջանա, թե Անկարան ինչպես կարող է օգտագործել իրավիճակը՝ իր տարբեր խնդիրներին ծառայեցնելու կամ դիվիդենտ քաղելու համար:
Այստեղից բնականաբար Հայաստանի համար ածանցվում են մի շարք այլ հարցեր, կապված թե անմիջականորեն էական իրողությունների, օրինակ` Հայաստան-Ֆրանսիա փոխհարաբերության հետ, թե նաև ընդհանրապես անվտանգային անմիջական միջավայրում զարգացումների հետ:
Օրինակ, արդյո՞ք ԱՄՆ-Եվրոպա հարաբերության կերպափոխման հանգամանքը չէ պատճառը նաև, որ վերջին շրջանում հաճախակիացել են Մակրոն-Էրդողան շփումները: Դիտարկման շրջանակը բավականին մեծ է և Հայաստանին այստեղ, իհարկե, սպասում է բավականին ծավալուն աշխատանք, որն իրականացնելու համար, թերևս, կլինի թե ռեսուրսային, թե ելակետային «ոչ ստանդարտ» կառուցվածք:
Բաց մի թողեք
ԵՄ դիտորդներն արձանագրե՞լ են լարվածություն
Հայաստանի ներքաղաքական կյանքի ո՞ր փուլում է Ադրբեջանի նախագահը «հուշել» այդ ինտրիգային գաղափարը
Դժվար է որևէ բնորոշում գտնել ասիմետրիկ տրանսֆորմացիային