Ինդոնեզիական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Նաթանյահուին անվանել է «մարդասպան-գանգստեր», որի հետ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պայմանավորվածությունը սպառնալիք է ամբողջ աշխարհի խաղաղությանը:
Էրդողանը կտրուկ հայտարարել է, որ Գազայի բնակչության բռնատեղահանության ծրագիրը չի իրականացվելու:
Թուրքիայի նախագահը նաև իսլամական աշխարհի համախմբման և Պաղեստինի անկախ պետության կառուցմանն աջակցելու ուղերձ է հղել: Նման կոշտ հայտարարություն նա արել է իսրայելցի պատանդների փոխանակումից երկու օր առաջ, երբ հայտնի էր, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է ԱՄՆ նախագահի վերջնագիրը և պահվող բոլոր անձանց ազատ չի արձակի:
Փետրվարի 16-ին այդ առթիվ Սպիտակ տանը հրավիրած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահն ասել է, որ գործունեության ազատություն է տվել Իսրայելի վարչապետին, և «այժմ որոշում պետք է ընդունի Բիբին (Բենիամին Նաթանյահուն)»: Թրամփը միաժամանակ ընդգծել է, որ իր «վերջնագիրը» ՀԱՄԱՍ-ին ստիպել է վերադառնալ նախնական պայմանավորվածություններին:
Իսրայելական մամուլը հայտնում է երկրում ծավալվող բողոքների մասին: Այդ ֆոնին վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ ավարտին կհասցնի ՀԱՄԱՍ-ի ոչնչացման գործը:
Մեկնաբանները ենթադրում են, որ պատանդների և պահվող անձանց փախանակման առաջին փուլի ավարտից հետո Իսրայելը Գազայում կվերսկսի հարձակումները: Բանակը բերվել է թիվ մեկ պատրաստության, որպեսզի թույլ չտա ահաբեկիչների ներխուժումը իսրայելական բնակավայրեր:
Երևում է՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղարի մյունխենյան բանակցությունները, որի ընթացքում քննարկվել են նաև Սիրիայի հետ կապված հարցեր, այնքան էլ արդյունավետ չեն եղել: Անկարան Վաշինգտոնից ակնկալում է զորախմբի դուրսբերում Սիրիայի անդրեփրատյան տարածքներից:
Դամասկոսում և Հալեպում տեղի են ունենում հանրահավաքներ՝ Սիրիայում քրդական ահաբեկչությանը վերջ տալու պահանջով: Երկրի «անցումային շրջանի նախագահ» ալ-Շարաան, մինչդեռ, կարծես զգուշանում է քրդերի դեմ ուժ կիրառելուց: Ըստ երևույթին, Թրամփ-Նաթանյահու համաձայնության դեմ Էրդողանի դիվանագիտական գրոհը պայմանավորված է նաև Ուկրաինայի հարցում Անկարայի «անտեսմամբ»:
Այս առումով շատ ուշագրավ է Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ֆաթուլլաևի հարցազրույցը Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջամիլևի հետ, որտեղ վերջինս հստակ սահմանել է Ղրիմի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրության «օրինականությունը»:
Ջամիլևը պատմել է պատերազմի առաջին օրերին իր և ներկայումս Ուկրաինայի պաշտպանության նախարար Ումերովի Թուրքիա այցի մասին, որի ժամանակ հաջողվել է թուրքական բանակի զինանոցներից «Բայրաքտար» ԱԹՍ-եր ստանալ: Նրա ասելով՝ նման հանձնարարական անձամբ նախագահ Էրդողանն է տվել:
Այս ֆոնին Մյունխենում Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Իլհամ Ալիևը Սիրիայի «անցումային շրջանի նախագահ» ալ-Շարաային ուղերձ է հղել և նրան հրավիրել Բաքու:
Թուրքիան, երևում է, Ադրբեջանին ներգրավում է իր մերձավորարևելյան ծրագրերում, որ, սակայն, կարող է չափազանց խնդրահարույց լինել այն առումով, որ Սիրիայում լրջագույն խնդիրներ ունի նա Իսրայելը:
Աչքի է զարնում, որ Ալիևը Բաքու այցի հրավեր է փոխանցել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ ակնհայտորեն «դիրքավորվելով իսլամական համերաշխության ճամբարում»:
Ադրբեջանում այլևս չեն թաքցնում, որ խորքային անհանգստություններ ունեն՝ կապված ռուս-ամերիկյան ենթադրվող «գործարքի» հետ, եթե ԱՄՆ-ը Ռուսաստանի «մտահոգությունները հասկանալու» մոտեցումը բանակցությունների ելակետային դիրքորոշում սահմանի, ապա հետխորհրդային տարածքի «ինտեգրացիայի» ռուսաստանյան նախագծի առջև «կանաչ լույս կվառվի»:
Թուրքիան, բնականաբար, այդ հեռանկարը համարում է սպառնալիք և փորձելու է հնարավոր բոլոր միջոցներով դիմադրել: Ի՞նչ դեր է վերապահվում Ադրբեջանին: Էրդողանը կփորձի «խառնակե՞լ» Հարավային Կովկասը:
Բաց մի թողեք
Պարզվում է, ռուբլու վերջին արժևորման մեջ սենտիմենտը բավականին կարևոր դեր ունի
Ոսկյա ժամացույց, ադամանդե մատանի, հնաոճ իրեր, միլիոնավոր դրամներ․ Գյումրիի «հարուստ» և «աղքատ» թեկնածուները
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա անփոփոխ․ Անորոշությունը մեր շուրջ շատ մեծ է․ Մարտին Գալստյան