21/02/2025

Դժվար է որևէ բնորոշում գտնել ասիմետրիկ տրանսֆորմացիային

Հարցին, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն ազատեր վարչապետի պաշտոնից, կշարունակե՞ր պայքարը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրական է պատասխանել և հիմնավորել, որ դա կաներ «հանուն Ղարաբաղի»:

Այսինքն՝ արդեն «փողոցում» կպահանջեր Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը և հանրությանը կբացատրեր, որ ԼՂ հայանպաստ կարգավորման համար «ոչ հայանպաստ լուծումներ առաջարկող նախագահը պետք է հեռանա»:

Իրավիճակը «բռունցքներ ճոճելուն» չի հասել, նախագահ Տեր-Պետրոսյանի չի կիրառել իր առաջնային մանդատը, Ռոբերտ Քոչարյանն արտահերթ ընտրություններում հաղթել և ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը: Տրամաբանությունը, քաղաքական անհրաժեշտությունը պահանջում էր, որ նա պետք է ուղերձով դիմեր ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրությանը, այլև Ադրբեջանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, հիմնավորեր Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պահանջը և ձևակերպեր ԼՂ կարգավորման, այսպես ասած՝ «երևանյան սկզբունքները»:

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հիշում է, որ 1998-ի մայիսյան մի օր, երբ մեկ ամիս առաջ նախագահի պաշտոնն ստանձնած Քոչարյանը և ինքը բասկետբոլ էին խաղում, ներկայանում է Վազգեն Սարգսյանը և փոխանցում, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Պրիմակովն իրենց հրավիրում է Մոսկվա:

Հրավերը, բնականաբար, ընդունվում է, Օսկանյանը մեկնում է Մոսկվա և Պրիմակովից լսում, որ իշխանափոխությունը չի հանում ԼՂ շուրջ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու հարցը: Մոսկվան, ըստ էության, հասկացնում է, որ Քոչարյանը չպետք է հույս ունենա, թե Ելցինը Բաքվի հետ առճակատման է գնալու և պաշտպանելու է ԼՂ կարգավորման այն ծրագիրը, որ Տեր-Պետրոսյանի կողմից մերժվել և նրա հրաժարականի պատճառ է դարձել:

Օսկանյանը հիշում է, որ այդ փուլում Ռուսաստանը Մերձդնեստրի կարգավորման համար Մոլդովային առաջարկել էր «ընդհանուր պետություն» տարբերակը, և ինքը Պրիմակովին խնդրել է, որպեսզի նույն «մատրիցան» առաջարկվի նաև Ադրբեջանին, ինչին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը համաձայնություն է տվել:

Ի՞նչ քննարկումներ են ընթացել կուլիսներում, հայտնի չէ, բայց ստույգ է, որ 1998-ի տարեվերջին ԼՂ կարգավորման «ընդհանուր պետություն» տարբերակը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական առաջարկություն ներկայացվել է Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանին:

Երևանը և Ստեփանակերտն այն ընդունել են «որպես բանակցությունների հիմք», իսկ Ադրբեջանը՝ կտրուկ մերժել: «Պարոնա՛յք, դուք կատակո՞ւմ եք»,- այսպես է համանախագահներին արձագանքել Հեյդար Ալիևը:

Այսօրվա իրավիճակի համեմատ, ինչ խոսք, «ընդհանուր պետություն» տարբերակով ԼՂ կարգավորումը երանելի է թվում: Բայց այն Վարդան Օսկանյանի նախաձեռնությամբ քննարկման է դրվել Լևոն Տեր-Պետրոսյանի «պարտվողական լուծումը» մերժելուց ընդամենը երեք-չորս ամիս հետո և ոչ մի ընդհանրություն չուներ նախագահի հրաժարականը պահանջողների, այդ թվում և Ռոբերտ Քոչարյանի մոտեցումների հետ:

Մինչդեռ նախագահին հրաժարական պարտադրածները, արդեն Հայաստանի նախագահի պաշտոնն ստանձնած Ռոբերտ Քոչարյանը պետք է բարձրացնեին հայկական կողմերի բանակցային դիրքորոշման նշաձողը:

«Ընդհանուր պետություն» տարբերակը նույնիսկ լավագույն ցանկության դեպքում այդպիսին դժվար է համարել, որովհետև այն ենթադրում էր ԼՂ շուրջ բոլոր տարածքների վերադարձ, Լաչինի միջանցք և ըստ էության Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի բարձր ինքնավարություն:

Արդյոք դրանից չի՞ սկսվել Հայաստանի արտաքին-քաղաքական «գիքորացումը»: Որովհետև եթե մի երկրում իշխանափոխություն է տեղի ունենում ԼՂ համար ավելի բարձր կարգավիճակ և ավելի մեծ տարածք ապահովելու պատասխանատվությամբ, բայց չորս ամիս անց նույն դերակատարները միջնորդներին խնդրում են Լեռնային Ղարաբաղը որպես հանրապետական տիպի պետական կազմավորում թողնել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ապա ի՞նչ կարծիք պիտի նրանց մասին ձևավորվեր նախ հակառակորդ, ապա և միջնորդ երկրների մայրաքաղաքներում:

Մի կարգախոսով պայքարել և «հանուն Ղարաբաղի» հասնել բարձրագույն իշխանության, ապա նահանջել և անգամ այդ դեպքում կարգավորման չհասնել՝ դժվար է որևէ բնորոշում գտնել նման ասիմետրիկ տրանսֆորմացիային: