Կառավարության որոշմամբ եւ Քաղաքաշինության կոմիտեի պատվերով, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն առաջիկայում նոր շենք կունենա։
Հրապարակ թերթը գրել է․ Այս լուրը որքան ուրախացրել, նույնքան էլ մտահոգել է թատրոնի աշխատակիցներին եւ պարզապես վանաձորցիներին, որոնց համար թատրոնի շենքը վաղուց արդեն դարձել է Վանաձորի քաղաքային դիմագծի անբաժանելի մասը։
Թատրոնի նոր շենքի նախագծի համար 2024-ին հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Արմստրոյ» ընկերությունը։ Ու քանի որ թատրոնի շենքի ճակատը համարվել է ճարտարապետական արժեք ներկայացնող ֆասադ, ապա նախագծող ընկերությունը որոշել է այն պահպանել կամ, այլ կերպ ասած՝ նույնությամբ վերականգնել, իսկ տեղում կառուցել նոր լուծումներով ու արդի պահանջներին համապատասխան թատրոնի շենք։ Ի դեպ, թատրոնի էսքիզի, նախագծման աշխատանքների համար հատկացվել է 39 մլն դրամ։
Թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն ասում է՝ այս օրերին շատերը շփոթել են եւ մտածել, որ 39 մլն է արժենալու հենց բուն շենքի շինարարությունը, մինչդեռ դա ընդամենը շենքի նախագծա-նախահաշվային փաթեթի արժեքն է, որի համար 7 ամիս ժամանակ է հատկացված։ «Անցած տարվանից են մեկնարկել աշխատանքները, եթե չեմ սխալվում՝ ապրիլ-մայիսին պետք է ամփոփվի ամբողջ փաթեթը, ու երբ նախագիծը համապատասխան ընթացակարգերով փորձաքննություն անցնի, նոր, ըստ այդմ, պարզ կլինի, թե շինարարության մրցույթը երբ է դրվում, ոնց է անցնում»,- ասում է տնօրենն ու նշում, որ դեռ հստակ ժամկետներ չեն ասել, բայց, վստահաբար, շենքի շինարարությունը մեկ տարուց ավելի կտեւի։
Ինչ վերաբերում է շենքի ճարտարապետական տեսքին, թե արդյոք հնարավոր չէ՞ այն նույնությամբ պահպանել, ապա ինքը՝ տնօրենը, նույնպես դրա մասին բարձրաձայնել է, թե ինչպես են ուրիշ երկրներում կարողանում պահպանել նմանօրինակ շենքերը, իսկ մեզ մոտ՝ ոչ։ «Իրենց մասնագիտական կարծիքն այն էր, որ շենքի ֆիզիկական մաշվածությունն այնքան է, որ հենց այնպես, ինչպես մենք ենք ուզում, հնարավոր չէ պահպանել։ Միայն ճակատային հատվածն ամբողջությամբ կպահպանվի, սակայն, ինչպես նկատեցիք, էսքիզի մեջ ապակեպատ դռներ են, եւ վերեւի հատվածն էլ ապակի է․․․․, բայց քանի որ դա ընդամենը էսքիզ է, այս պահին դրա մասին բան չեմ կարող ասել, մինչեւ նախագծողների հետ չհանդիպենք ու չփորձենք ընդհանուր հայտարարի գալ․ եթե պահպանում ենք ամբողջ ֆասադը, գուցե նաեւ հնարավոր է այդ փայտային դռներով պահպանել, իսկ վերեւի մասի համար չգիտեմ, թե ինչ լուծում կգտնենք»,- ասում է տնօրենն ու ընդգծում, որ, բոլոր դեպքերում, սա աշխատանքային էսքիզ է, որի վրա դեռ աշխատանքներ են տարվում։
«Անկեղծորեն, ես կուզեի, որ մեր թատրոնի ճարտարապետական տեսքն ամբողջությամբ պահպանվեր, բայց եթե շենքը քանդվում է, ակուստիկայի մասին այլեւս չենք կարող խոսել։ Ինձ ցավեցնող առաջին բաներից մեկը հենց այդ ակուստիկան կորցնելն է»,- ասում է Լ․ Սահակյանն ու մեր հարցին ի պատասխան, թե հնարավոր չէ՞ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով պահպանել ակուստիկան, հավելում է․ «Դե, այդպես պետք է անեն, բայց այն, որ մեր թատրոնի ակուստիկան եզակի է հանրապետությունում՝ անվիճելի է։ Եթե տեսնենք, որ լավ չեն արել, կմիջամտենք, կխոսենք, բայց դեռ կթողնենք աշխատեն, հասկանանք՝ ինչ են արել»։
Մտավախություններ կա՞ն, որ թատրոնի շենքի շինարարության հետեւանքով հնարավոր է թատերախումբը կազմաքանդվի՝ ցրվի այլ թատրոններ։ «Չեմ կարծում, միաժամանակ բնական է նաեւ, որ մարդիկ կփորձեն փնտրել շատ ավելի լավ աշխատատեղեր, բայց մեր թատերախումբն անպայման կաշխատի եւ պարապ չի մնա։ Այս ընթացքում մեր գործունեությունը լինելու է ավելի շատ հյուրախաղային, օգտագործելու ենք թե՛ Վանաձորի, թե՛ ՀՀ բոլոր հարթակները՝ մեր ներկայացումները խաղալու, թատրոնի շարունակականությունն ապահովելու համար, նաեւ՝ դեպի դուրս հյուրախաղային տրամաբանությամբ պետք է աշխատենք»։
Լ․ Սահակյանն ընդգծում է․ թատրոնի առջեւում տեղադրված՝ Մարատ Մինասյանի հեղինակած Հ․ Աբելյանի քանդակը համարվում է պատմամշակութային հուշարձան, բայց ինչ վերաբերում է շենքին, ապա․ «Ես փորձեցի հասկանալ՝ շենքը հուշարձա՞ն է, թե՞ ոչ, պարզվեց՝ հուշարձան չէ, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ այդ ֆասադը պահենք, որովհետեւ այդ տարածքում նաեւ Սպայի տունն է՝ նույն ճարտարապետական լուծումներով, մեր թատրոնն է այդպիսին, դրա համար խիստ նպատակային է այդ ճարտարապետական լուծումները պահելը, ափսոս կլինի այդ ֆասադը, որ դրա փոխարեն ուրիշ բան ունենանք։ Եվ հետո՝ կարծում եմ, որ քաղաքի ճարտարապետական մասն էլ իր գնահատականը կտա»։ Սահակյանը նկատում է՝ քանի դեռ էսքիզի փուլն է, ապա մինչեւ չվերջացնեն այն, շինթույլտվություն չեն ստանա։
Նկատենք, որ «Արմստրոյ» ընկերության նախագծով թատրոնի նոր շենքը կունենա 1 ստորգետնյա եւ 3 վերգետնյա հարկ, որոնցից վերջինը՝ մանսարդային։ Հանդիսասրահը կունենա 400 նստելատեղ՝ ներկայիս 358-ի փոխարեն, նաեւ՝ առանձին փոքր բեմ՝ 100 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճով։ Դրանք կլինեն տարբեր հարթությունների վրա, ինչը թույլ կտա միաժամանակ 2 տարբեր ներկայացում ցուցադրել։
Բաց մի թողեք
Վաղարշապատի համայնքապետի սկեսրայրի գազալցակայանում հրազենով մարդ է սպանվել
«Իրենք երեք օր է մեր վրա աշխատում են, պուլիմյոտից կրակում են մեր վրա, սակայն մենք գոնե մի կրակոց ի պատասխան չենք արձակել»
Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է