Անկասկած է, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկող ամերիկա-ռուսական բանակցությունը լինելու է ավելի տևական մի գործընթացի սկիզբ, ինչը ենթադրելու է թերևս մեծ սակարկություն:
Եվ խոսքը բոլորովին ուկրաինական կոնֆլիկտի մասին չէ միայն, ինչի վկայություն է այն, որ ամերիկյան պատվիրակության կազմում է օրինակ ոչ թե Ուկրաինայի, այլ Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆը, որը Թրամփի վստահելի մարդկանցից մեկն է:
Պատվիրակությունները, ինչպես հայտնի է, գլխավորելու են արտաքին գործերի նախարարներ Ռուբիոն և Լավրովը: Այդպիսի ձևաչափով ամերիկա-ռուսկան բանակցություն չի անցկացվել ուկրաինական պատերազմի բռնկումից ի վեր: Սակայն, սա, իհարկե, այսպես ասած ավելի երկար ճանապարհի սկիզբն է:
Այս գործընթացը էապես փոխելու է միջազգային քաղաքականության միջավայրը, առաջացնելով մի իրավիճակ, երբ հնարավորություններ ու մարտահրավերներ կարող են առաջանալ բոլորի համար:
Երբ ԱՄՆ ու Ռուսաստանը նստում են սեղանի շուրջ՝ դեմ դիմաց, դա նշանակում է, որ նրանք մշակել են ընդհանուր սկզբունքներ և սկսում են դրանց շրջանակում առարկայական, դետալային, ինչպես ասում են՝ սուբստանտիվ բանակցություններ:
Հետևաբար, դա նշանակում է միջավայր, որտեղ միջուկային գերտերությունների այդ բանակցությունը մնացյալ տարբեր տրամաչափի երկրների համար կարող է մի կողմից բացել հնարավորություններ, մյուս կողմից՝ բերել մարտահրավերներ, ուժգնացնել եղածը:
Հայաստանը, բնականաբար, անմասն չի լինելու այդ միջավայրից: Հնարավորությունների և մարտահրավերների այդ նոր միջավայրում դրանց հարաբերակցությունը կախված է լինելու այն հանգամանքից, թե ինչպիսին է լինելու Հայաստանի ներուժը: Ներքին կարողությունների գործակիցն է նաև պայմանավորելու, թե ինչպիսի բալանս է լինելու Հայաստանին «բաժին ընկնող» հնարավորությունների և մարտահրավերների միջև: Ըստ այդմ՝ առաջնային անելիքները ներքին դաշտում են:
Դրանք պահանջում են առաջին հերթին սոցիալ-տնտեսական այնպիսի հարաբերությունների միջավայրի ձևավորում, որոնք կնպաստեն հասարակական կենսագործունեության կայուն ռեժիմի ձևավորման, կանխատեսելիության, ներառականության այնպիսի շրջանակով, որը թույլ կտա անկախ քաղաքական հայացքներից, անկախ քաղաքական համակրանք-հակակրանքներից, ապահովել ներհասարակական նվազագույն հանդուրժողություն:
Բաց մի թողեք
3 + 3 ձևաչափից առավել արդյունավետ է 1 + 1-ը՝ Հայաստանի ու Վրաստանի միջև
Ղրիմը և այդ տարածքները ժամանակին օսմանապատկան են եղել և Ռուսաստանին են կցվել …
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովի. հանդիպումը Փարիզում կլինի