23/02/2025

Արտաքին միջավայրում իրավիճակը կերպափոխվել է առաջանցիկ տեմպով

Էր Ռիյադում ավարտվել է ամերիկա-ռուսական բանակցության առաջին ռաունդը:

Պետքարտուղար Ռուբիոյի և արտգործնախարար Լավրովի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը, որ առաջինն էր ուկրաինական պատերազմի բռնկումից ի վեր, տևել է մոտ 4,5 ժամ:

Ընդհանուր առմամբ երկու կողմն էլ արտահայտվում է դրական, թեև, ըստ էության, հնարավոր է եզրակացնել, որ առաջին ռաունդը ավելի շատ ոչ թե տալիս է հարցերի պատասխաններ, այլ թերևս նախանշում ընդհանուր միտումներ ու տրամադրություններ:

Մեծ հաշվով դա սպասելի էր, քանի որ համարժեք չէր լինի պատկերացնել, թե հնարավոր է մեկ հանդիպումով լուծել հարցերի այն ամբողջ կծիկը, որ կա ռուս-ամերիկյան հարաբերությունում, ինչպես նաև միջազգային հարաբերություններում:

Ըստ էության, կա մի ձևավորված տպավորություն կամ մտայնություն, թե Թրամփը և Պուտինը պարզապես միմյանց հասկանում են ես խոսքից և մտածում են մեկ ամբողջությամբ: Դա, անշուշտ, այդպես չէ, և հարկ է նկատել նաև, որ բոլորովին այնպես չէ նաև, թե խոսքը պարզապես Թրամփ-Պուտին բանակցության մասին է:

Բանակցությունը համակարգային է, դրանում ներգրավված են ռուսական և ամերիկյան համակարգերի տարբեր շերտեր, իրենց գերատեսչական շահերով, պատկերացումներով, հոգեբանական նրբերանգներով և այլն: Անկախ ամեն ինչից, պետությունների ղեկավարները հաշվի են նստելու այդ շերտերի հետ:

Դրան անշուշտ ավելանալու է այն, որ կան միջազգային տարբեր շերտեր: Իհարկե, ԱՄՆ ու ՌԴ-ն: Լինելով միջուկային գերտերություններ, առանձնահատուկ կետոգորիայում են: Սակայն, նրանք երկուսն էլ չեն կարող հաշվի չնստել Չինաստանի, Գլոբալ հարավի, Եվրոպայի, Եվրոպայի ներսում եղած տարբեր շերտերի դիրքորոշումների ու տրամադրությունների հետ:

Այլ կերպ ասած, միանգամայն պատկերացնելի է, թե ինչ մեծ ծավալի գործընթաց է մեկնարկում Էր Ռիյադում, որը, թերևս, ունենալու է ամիսների շարունակություն:

Եվ այս իմաստով, եթե եզրահանգումներ անենք ր Ռիյադի հանդիպումից, ապա այստեղ կա երկու հենակետային հանգամանք: Նախ, ակնառու է, որ միջազգային հարաբերությունն ու իրողությունները 2025 թվականի հունվարից մտել են հիմնավորապես նոր փուլ, և երկրորդ՝ Հայաստանն առաջիկա ամիսներին լրջորեն պետք է կենտրոնանա իր տնային աշխատանքների վրա, սկսած տնտեսությունից, մինչև քաղաքական օրակարգեր և հասարակական հարաբերություններ:

Դրանք, ըստ էության, գտնվում են 2021 թվականի մակարդակին՝ հետպատերազմյան շոկի և այդ պայմաններում ձևավորված քաղաքական ստատուս-քվոյի: Այն այլևս բոլորովին չի արտացոլում Հայաստանի շուրջ ձևավորվող նոր միջավայրի կարիքներն ու մարտահրավերները:

Եվ այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանը կկարողանա քաշել ներքին իրավիճակը հերթական ընտրության ժամանակագրությամբ, եթե արտաքին միջավայրում իրավիճակը կերպափոխվել է առաջանցիկ տեմպով: