22/02/2025

Ղրիմը և այդ տարածքները ժամանակին օսմանապատկան են եղել և Ռուսաստանին են կցվել …

Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը բավական խորհրդանշական սկիզբ է ունեցել. Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նստավայրի մուտքին անձամբ է դիմավորել Վլադիմիր Զելենսկուն, ապա նրանք բանակցել են դեմ առ դեմ:

Թուրքական կողմից ներկա են գտնվել արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Ֆիդանը և Գյուլերը: Քննարկումները շարունակել են պատվիրակությունների կազմով՝ աշխատանքային ճաշասեղանի շուրջ:

Այս մանրամասնությունները փոխանցում է «Անադոլուն»՝ ակնհայտորեն նկատել տալով, որ թուրք-ուկրաինական «գագաթաժողովն» անցել է առանձնահատուկ ջերմ մթնոլորտում:

Էրդողան-Զելենսկի հանդիպումն անցել է այն ժամերին, երբ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ավելի քան եռամյա ընդմիջումից հետո բանակցությունների սեղանի շուրջ նստել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը և Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Ընդ որում, Զելենսկու հետ մամուլի ասուլիսին Թուրքիայի նախագահ Էրդողանը ռուս-ամերիկյան քննարկումների հնարավորինս «փոխզիջումային» մթնոլորտին տրամագծորեն հակառակ հայտարարություն է արել: Նա վերահավաստիացրել է, որ Թուրքիայի համար Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը «մնում են առաջնահերթություն»:

Էրդողանը քաղաքական նորելուկ չէ, հազիվ թե իրազեկված չէ, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկում է պատրաստվել փոխզիջումների: Մեկ օր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոյի հետ և, անկասկած, Էրդողանին փոխանցել ուկրաինական կարգավորման այն գոնե ընդհանուր գծերով տեսլականը, որ Մոսկվային և Կիևին պատրաստվում է ներկայացնել Վաշինգտոնը:

Այս համատեքստում խոսել Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը որպես դիվանագիտական-արտաքին քաղաքական առաջնահերթություն ունենալու մասին, նշանակում է ուղղակիորեն հակադրվել ոչ միայն Ռուսաստանին, այլև՝ Միացյալ Նահանգներին:

Ընդ որում, Էդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան Թուրքիայի հարևան երկրներ են, և Անկարան «պետք է ներգրավված լինի ուկրաինական կարգավորման բանակցություններին»:

Նա հիշեցրել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին հարթակ տրամադրել է Թուրքիան և ավելացրել, որ իր երկիրը ռուս-ամերիկյան բանակցությունների «ամենահարմար վայրն է»:

Ռուս-ամերիկյան «ժամադրավայր» է ընտրվել Սաուդյան Արաբիան: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն Էր-Ռիյադում հրապարակայնացրել է, որ բանակցությունների մեկնարկից առաջ ինքը և ՌԴ նախագահի օգնական Ուշակովն արժանացել են թագաժառանգ Սալմանի մոտ աուդիենցիայի, որ տևել է մոտ մեկ ժամ: Ամենայն հավանականությամբ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգը նույն արարողակարգով ընդունել է նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոյին:

Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը մտադիր են հետագա շփումները ևս անցկացնել Էր-Ռիյադում, բացառված չէ՝ սաուդցիների միջնորդությամբ: Լավրով-Ռուբիո հանդիպմանը Պուտին-Թրամփ գագաթաժողով անցկացնելու կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Պուտինի օգնական Ուշակովը, համենայն դեպս, մամուլին տեղեկացրել է, որ եկող շաբաթ նման հանդիպում չի կայանա: Մեծ է հավանականությունը, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների ձեռքսեղմումը տեղի ունենա Սաուդյան Արաբիայի թագաժառանգի ներկայությամբ:

Թուրքիայի նախագահը, մինչդեռ, առաջարկում է իր միջնորդությունը: Ըստ երևույթին, Ուկրաինայի տարածքային ամբողջականության «երաշխավորության» մասին նրա հայտարարությունը դիվանագիտական ուղերձ է: Ինչպե՞ս այն կընդունվի Վաշինգտոնում և Մոսկվայում:

Ի տարբերություն Ռուսաստանի արտգործնախարարի, Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է ուկրաինական կարգավորմանը Եվրամիության ներգրավվածության հավանականության մասին:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ Փարիզում գումարված ոչ պաշտոնական խորհրդաժողովում, ինչպես աղբյուրներն են փոխանցում, Ուկրաինային ռազմական աջակցության հարցով պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Թուրքիան կարո՞ղ է միանալ եվրոպական երկրներին, որ պատրաստ են Ուկրաինային ռազմական աջակցությունը շարունակել և նույնիսկ ավելացնել:

Իսկ գուցե ամերիկյան դիվանագիտությունը Թուրքիային նախապատրաստում է Ռուսաստանի հետ դիմակայությա՞ն: Ուկրաինական կարգավորումից Թուրքիան նույնպես «օրինական ակնկալիքներ» ունի: Բայց եթե Ռուսաստանը Սև ծովը «կիսելու է» Թուրքիայի հետ, ապա ո՞րն է «Նովոռուսիա» կազմավորելու իմաստը:

Չէ՞ որ Ղրիմը և այդ տարածքները ժամանակին օսմանապատկան են եղել և Ռուսաստանին են կցվել մի քանի արյունալի պատերազմներից հետո: