22/03/2025

Իտալիայի Սենատը միաձայն՝ 112 կողմ ձայնով ընդունեց հայանպաստ բանաձև․ Լուսանկար

Իտալիայի Սենատը միաձայն՝ 112 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն ուղղված նախաձեռնությունների մասին» բանաձևը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Շնորհակալ եմ մեր իտալացի գործընկերներին այսօրվա քննարկումների, հանդիպումների և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար»,- գրել է նա:

Իտալիայի Սենատում այսօր «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցության նախաձեռնությունների մասին» թիվ 1-00097 բանաձևը միաձայն ընդունվել է Իտալիայի Սենատի կողմից:

Իտալիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել բանաձևի վերաբերյալ։

«Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների բոլոր խմբակցությունների 73 սենատորների կողմից առաջարկված բանաձևը մասնավորապես պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները, ուժեղացնել հանձնառությունը՝ հորդորելու երկու երկրներին ապագայում հրաժարվելու ուժի կիրառումից և պահպանելու խաղաղ, կառուցողական և բաց դիվանագիտական երկխոսություն, առարկայական կերպով աջակցել երկու երկրների միջև երկխոսությանը, նպաստելով դրանում վստահության ամրապնդմանը, որդեգրել տնտեսական նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի հետ ինտենսիվ և հավասարակշռված տնտեսական հարաբերությունների հասնելուն»,- հայտնում են դեսպանությունից։

Իտալիայի Սենատը միաձայն ընդունել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն ուղղված նախաձեռնությունների մասին» բանաձևը

Translate »