Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Գալիբաֆին, ով նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքիանի մրցակիցն էր և նախապես ընկալվում էր որպես ֆավորիտ՝ որպես իրանական վերնախավի «պահպանողական թևի» հայտնի ներկայացուցիչներից մեկը: Նա, սակայն, ընտրություններում պարտվեց, բայց շարունակեց գլխավորել խորհրդարանը:
Իրանի ներքաղաքական իրողություններին իրազեկ փորձագետները համարում են, որ Գալիբաֆի ղեկավարած խորհրդարանը գերազանցապես պահպանողական է և Փեզեշքիանի «գլխին մշտապես կախված է պաշտոնանկության սպառնալիքը», Իրանի նախագահը թե իրավական առումով, թե փաստացի նույնիսկ գործադիր իշխանության ղեկավար չէ, միայն ղեկավարում է կառավարությունը, իսկ արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության հարցերը բացառապես կարգավորում է Իսլամական հեղափոխության առաջնորդը:
Այս առումով ուշագրավ է, որ Իրան-Ադրբեջան վերջին շրջանի ակտիվ շփումների, ըստ երևույթին, հանգրվանային արդյունքները «ճշգրտվում են» ոչ թե նախագահ Փեզեշքիանի ներկայացուցչի, այլ Իրանի խորհրդարանի նախագահի Բաքու այցով, ինչից կարելի է ենթադրել, որ հարաբերությունների հետագա դինամիկայի հարցում Ալիևը գերադասել է ունենալ Թեհրանի քաղաքական վերնախավի «հին գվարդիայի» հավաստիացումը:
Նախագահ Փեզեշքիանը, երևում է, Իրանի ռազմավարական ընտրության հարցում վճռորոշ «ձայնի իրավունք» չունի: Համենայն դեպս, հրապարակայնացված է, որ միջուկային ծրագրի հարցերով բոլոր քննարկումներն ընթանում են հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի անմիջական վերահսկողությամբ և նրա ցուցումներով:
Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելուն հաջորդած մեկ ամսում Իրանի խորհրդարանի մի քանի ներկայացուցիչներ բարձրացրել են միջուկային զենք չունենալու մասին Խամենեիի «ֆետվան» վերանայելու հարցը: Ակնհայտ է, որ դա ԱՄՆ-ին հղած դիվանագիտական ազդակ է, ինչի պատասխանը, հավանաբար, Թրամփի հայտարարությունն է, որ չէր ցանկանա իրանական ժողովրդին վնաս պատճառել, գերադասում է հարցը կարգավորել «փաստաթղի միջոցով»:
Այս իրավիճակում Թեհրանը, երևի, շարունակում է մտահոգված մնալ, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքի ռազմական ենթակառուցվածքները կարող է իր դեմ օգտագործել: Բաքուն հավաստիացնում է, որ դա բացառված է: Մոհամեդ Բաղեր Գալիբաֆը փետրվարի 20-ին հայտարարել է, որ Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերն անելիք չունեն և աջակցություն հայտնել 3+3 ձևաչափին:
Ալիև-Գալիբաֆ բանակցություններում կարեւորվել է «Աղբենդի անցումը»: Դա մի նախագիծ է, որի հիմնարկեքը կատարվել է Իրանում Էբրահիմ Ռեիսիի նախագահության շրջանում և կոչված է ապահովելու Իրանի տարածքով Նախիջևանի հետ Ադրբեջանի կապը: Պաշտոնական Բաքուն այս թեման մշտապես թարմացնում է, երբ խոսք է բացվում Սյունիքում Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցություն ապահովելու մասին: Բաքվի մոտեցումը ֆորմալ ձևակերպումով այն է, որ եթե Հայաստանը «չի ցանկանում ապաշրջափակվել, ապա Ադրբեջանը Նախիջևանի հետ կկապվի Իրանի տարածքով»:
Ամենայն հավանականությամբ, Ալիև-Գալիբաֆ բանակցություններում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց քննարկվել է, բայց պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին հիշատակում չկա: Փոխարենն ընդգծված է «Աղբենդի անցումի» կարևորությունը: 2023թ. տարեվերջին Ալիեւն ակնարկել էր, որ Աղբենդի ուղեանց կամուրջը կծառայի նաև Ռուսաստան-Իրան հաղորդակցությանը և արժանացել ԱՄՆ պետդեպի քննադատությանը:
Ռուս-ամերիկյան վերջին բանակցությունները հանե՞լ են Ալիևի մտավախությունները, Վաշինգտոնը ռուս-իրանական կոմունիկացիաների ապահովման ճանապարհին Ալիևի առջև «կանաչ լու՞յս է վառել»:
Հետաքրքիր է՝ Գալիբա՞ֆն է Ալիևին աշխարհաքաղաքական վերադասավորումների մասին կարեւոր տեղեկություններ փոխանցել, թե նա Բաքու է մեկնել, որպեսզի Ալիևից «ինչ-որ բան լսի՞»: Իրանա-ադրբեջանական հարաբերություններն, ըստ էության, միջնորդավորված են ռուս-իրանական և իսրայելա-ադրբեջանական համագործակցության նկատմամբ կողմերի փոխադարձ վերապահումներով: Իրանը կարո՞ղ է երաշխավորել, որ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունն Ադրբեջանի կարգավիճակը չի իջեցնի տրանզիտային երկրի մակարդակի: Բաքուն Թեհրանին «կապահովագրի՞» Իսրայելի հարձակումից: Ալիևն այդ նշաձողի տակ մտնու՞մ է:
Բաց մի թողեք
Թուրքիայի ռեսուրսները բավարա՞ր են, որպեսզի Թրամփ-Պուտին «գործարքին» միջամտի
Բաքուն մտադիր է լրջորեն ներգրավվել մերձավորարևելյան ռեգիոնում ծավալվող գործընթացներում
Մոսկվան չունի Թուրքիային այդ գործընթացում որպես էական դերակատար կամ հաղորդակից տեսնելու մտադրություն