Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ բանակցությունների հաջորդ օրը ելույթ է ունեցել պետական դումայում:
Նա ասել է, որ Ռուսաստանը ներկայացնում է Եվրասիայի բոլոր երկրները միավորող կազմակերպություն ստեղծելու հայեցակարգ և արդեն գործնական քայլեր է ձեռնարկում, որպեսզի այն իրականացնի:
Լավրովը վկայակոչել է օրինակներ՝ Աֆրիկյան և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների միությունը, ԵԱՀԿ-ն, ինչպես նաև սուբռեգիոնալ միավորումներ, ինչպես ԱՍԵԱՆ-ը և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը:
Նա ընդգծել է, որ չկա Եվրասիայի հարևանությամբ կապված երկրների միասնական ֆորում, ուստի Ռուսաստանն առաջ է մղելու հայեցակարգը, որի մասին խոսել է նախագահը (Վլադիմիր Պուտինը): Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն իսկ ինտենսիվ երկխոսություն ունի ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ անդամ պետությունների և բոլոր աշխարհամասերում այլ պարտնյորների հետ:
Ռուսաստանի արտգործնախարարի թվարկած մայրցամաքային և ենթատարածաշրջանային կառույցների շարքում բացակայում է Թուրքական պետությունների միությունը, որի անդամ են նախկին խորհրդային երկրներից Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը և Ադրբեջանը, իսկ Թուրքմենստանը դիտորդի կարգավիճակ ունի:
Կարելի՞ է ենթադրել, որ եվրասիական նոր միություն ստեղծելու նախագծում Մոսկվան Անկարայի հետ խորհրդատվություններ չի անցկացնում կամ ԹՊԿ-ն չի ճանաչում որպես ենթատարածաշրջանային լեգտիմ կազմավորում:
Լավրով-Ռուբիո բանակցությունների մասին դեռևս որևէ տեղեկություն չէր տարածվել, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Ղրիմը:
Նախկին ԽՍՀՄ-ում տարածքում «չնկատելով» Թուրքական պետությունների կազմակերպության գոյությունը՝ Ռուսաստանը փաստացի պատասխանում է «նույն մանրադրամով» և չի ճանաչում պոստխորհրդային թուրքախոս պետություններին մի ինստիտուցիոնալ կառույցում միավորելու՝ Էրդողանի հավակնությունների լեգիտիմությունը:
Այդ հարցը Լավրով-Ռուբիո բանակցություններում, գուցե, չի շոշափվել, բայց ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական «պսակադրությունը», կարծես, ենթադրությունների և փորձագիտական եզրահանգումների տիրույթից անցել է գործնական քննարկումների տիրույթ:
Եվ եթե Եվրամիության առաջատար երկրներին և Մեծ Բրիտանիային չհաջողվի տարհամոզել Միացյալ Նահանգների նախագահին, իսկ այդ հավանականությունը շատ ցածր է, ապա Ուկրաինան «ծնկի բերելուց» հետո Վլադիմիր Պուտինը, անկասկած, ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հետ խոսելու է այլ «լեզվով»:
Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետը կարճ է, ևս մեկ ժամկետով պաշտոնավարելու ցանկություն նա, ամենայն հավանականությամբ, ունի, բայց ԱՄՆ-ում հազիվ թե Ֆրանկլին Ռուզվելտի նախադեպը կրկնվի, ուստի Ռուսաստանի նախագահը, քաղաքական տրամաբանությամբ դատելով, փորձելու է «երկաթը տաք-տաք ծեծել» և մինչև 2028 թվականի ավարտ «վերականգնել ԽՍՀՄ-ը»:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մինչեւ փետրվարի վերջ կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինին, իսկ վերջինս մեկնում է Չինաստան: Ըստ երևույթին՝ նա «ընկեր Սիին» փորձելու է համոզել, որ հետխորհրդային տարածքում Չինաստանը «որսալու բան չունի», եթե դա միջնորդավորված չէ Մոսկվայի շահերի հարգման Մոսկվա-Պեկին համաձայնությամբ:
Այս ֆոնին Բաքվի մամուլը և փորձագիտական հանրությունը «տագնապի փող է հնչեցնում», որ Ադրբեջանի ինքնիշխանությունը «վտանգվում է»: Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին չի մասնակցել: Հայաստանում որոշ փորձագետներ համարում են, որ Դավոսում նա անհաջողության է մատնվել:
Շուշիի 2021թ հռչակագրով Թուրքիան Ադրբեջանի ինքնիշխանության երաշխավորություն է ստանձնել: Ուկրաինայի ինքնիշխանության մասին Էրդողանի հայտարարությունը նաև Ադրբեջանի՞ն է վերաբերում: Բայց Թուրքիան Ռուսաստանի հետ բաց առճակատման կգնա՞: Հայաստանի համար նոր մարտահրավեր է հասունանում:
Բաց մի թողեք
Թուրքիայի ռեսուրսները բավարա՞ր են, որպեսզի Թրամփ-Պուտին «գործարքին» միջամտի
Բաքուն մտադիր է լրջորեն ներգրավվել մերձավորարևելյան ռեգիոնում ծավալվող գործընթացներում
Մոսկվան չունի Թուրքիային այդ գործընթացում որպես էական դերակատար կամ հաղորդակից տեսնելու մտադրություն