22/02/2025

Աղբատար «Կամազ» է վթարի ենթարկվել, դեպքի վայր է ժամանել նաև Ավինյանը․ նոր մանրամասներ

Երեկ՝ փետրվարի 20-ին, Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով մայրաքաղաքում երթևեկությունը ոչ պարեկների մեղքով վերածվել էր «Սոդոմ գոմորի» ու թիվ 1 պատասխանատուն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Երևանի վարչական շրջանների ղեկավարներն էին:

Երեկոյան համացանցում բազմաթիվ տեսանյութեր հրապարակվեցին, այդ թվում՝ Նորքի Է. Իսաբեկյան փողոցում տեղի ունեցած ավտովթարից, երբ քաղաքացին տեսանկարաահանել էր, թե ինչպես է բեռնատարը բախվում կայանված ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:30-ի սահմաններում Է. Իսաբեկյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց երևանի բնակիչ 70-ամյա Ռոբերտ Կ.-ն իր վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված սանմաքրման «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով ընդհարվել է կայանված վիճակում գտնվող «Volkswagen», «Opel», «Chevrolet», «Hyundai», «Honda» և «Mercedes» մակնիշի ավտոմեքնենաներին:

Վթարի հետևանքով Երևանի բնակիչ 54-ամյա Հասմիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավելի ուշ դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: