22/02/2025

Թուրքիայի ռեսուրսները բավարա՞ր են, որպեսզի Թրամփ-Պուտին «գործարքին» միջամտի

Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում մեկնարկած ռուս-ամերիկյան բանակցությունների հնարավոր արդյունք է համարում «գրեթե Նյու-Յորքի բորսայի գործարքը», որ տեղի է ունենում «հարձակում-նահանջ, և Ուկրաինան չկա» նախագծով:

Հեղինակն, ընդսմին, հիշեցնում է, որ 1995 թվականին Միացյալ Նահանգներն Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևին առաջարկել է ընտրել Կասպյան ավազանի էներգակիրների արտահանման ամենակարճ՝ Հայաստանով անցնող երթուղին, որ բիզնես-գործարքի առումով ամենատրամաբանականն էր:

Վերլուծաբանը, սակայն, ընդգծում է, որ, ի տարբերություն մյուսների, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը, «արդարացիորեն համարելով, որ Հայաստանն Ադրբեջանի ռազմական թշնամին է, և որևէ գործարք չպետք է նրա համար օգտակար լինի, ֆինանսական նպատակահարմարությունն ստորադասել է անվտանգային առաջնահերթությանը և ընտրել Վրաստանով անցնող տարբերակը»:

Թե ինչու՞ ղարաբաղյան առաջին պատերազմում ռազմական հաջողություններ արձանագրած Հայաստանը դուրս է մնացել Կասպյան ավազանի էներգակիրների արտահանման՝ բոլոր առումներով աշխարհաքաղաքական կարևորության պայմանավորվածություններից՝ քաղաքագիտական պրոֆեսիոնալ վերլուծության թեմա է:

Առկա իրավիճակում ավելի հրատապ է այլ հարց, ի՞նչ է ակնարկում այդ հոդված-վերլուծությունը, որ չափազանց ուշագրավ է նրանով, որ արձանագրում է մի իրողություն՝ իրականում Ռուսաստանի կողմից ագրեսիայի ենթարկված Վրաստանը և Ուկրաինան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «բիզնես-նախագծի» իմաստով ընկալվում են որպես «պատերազմի հրձիգ»:

Այս դիտարկումը չափազանց վտանգավոր է, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունը և արտախորհրդարանական որոշ ուժեր Նիկոլ Փաշինյանին մեղադրում են «պատերազմ հրահրելու» մեջ:

Ռուս-ամերիկյան «ձնհալը» չի կարող չանդրադառնալ Հարավային Կովկասին: Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցի արձանագրումը, որ Թրամփը պատերազմի «հրձիգ» է համարում Միխեիլ Սաակաշվիլուն և Վլադիմիր Զելենսկուն, չի՞ ակնարկում, որ նույն գնահատականին պետք է նաև Նիկոլ Փաշինյանն արժանանա:

Ռուսաստանի պաշտոնական քարոզչությունը նման հիմքեր արդեն իսկ ստեղծել է, ինչին եռանդուն աջակցում է Հայաստանի ընդդիմությանը սպասարկող քարոզչությունը: Վրաստանին փաստացի պարտադրվում է մոռանալ Աբխազիան և Հարավային Օսեթիան:

Եթե Թրամփ-Պուտին գործարքի մասին մամուլի տեղեկությունները գոնե մոտ են իրականությանը, ապա Ուկրաինային հարկադրում են ճանաչել Ղրիմի, Դոնբասի և ևս երկու մարզերի ռուսաստանապատկանությունը:

Իլհամ Ալիևն ակնարկում է, որ «պատերազմի հրձիգ Հայաստանը պետք է ընդունի հարաբերությունների կարգավորման ադրբեջանական բոլոր նախապայմաննե՞րը», Բաքուն դիվանագիտական նոր արշա՞վ է սկսում-նախաձեռնում:

Հնարավո՞ր է, որ Կասպյան էներգակիրների արտահանման երթուղիների հարցում Հեյդար Ալիևի «ռազմավարական դիրքորոշումը» հիշեցնելով՝ ադրբեջանական լրատվամիջոցը քաղաքական դիրքորոշում է փոխանցում առ այն, որ Ադրբեջանը «չի համաձայնի Նախիջևանի հետ հաղորդակցության ամենակարճ, բայց Հայաստանի իրավազորության ներքո հաղորդուղուն, կգերադասի ընտրել «Արաքսի միջանցքը» և կպայմանավորվի Իրանի հետ՝ Հայաստանը վերջնականապես մղվելով կոմունիկացիոն փակուղի»:

Վաշինգտոնի հետ Բաքվի սկզբունքային տարաձայնությունը կապված է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրավական ռեժիմի հարցում մոտեցումների տարբերության հետ: Ավելի վաղ Ալիևը, կարծես, համաձայն էր, որ «միջանցքը» վերահսկեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները ներկա փուլում գոնե առերևույթ «անամպ չեն»: Բայց դա իրական քաղաքականության հետ շատ քիչ կապ ունի: Գերխնդիր է, թե արդյոք Թուրքիան ընդունու՞մ է, որ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի ու Պակիստանի հետ իր հաղորդակցությունը վերահսկի Ռուսաստանը: Բայց Թուրքիայի ռեսուրսները բավարա՞ր են, որպեսզի Թրամփ-Պուտին «գործարքին» միջամտի: