Բրիտանիայի վարչապետ Ստարմերն ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մեկնում են Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի հետ բանակցելու: Թեև օրակարգի մանրամասներ դեռ բարձրաձայնված չեն, այդուհանդերձ ԱՄՆ փոխնախագահ Վենսի մյունխենյան ելույթից, ինչպես նաև ռուս-ամերիկյան երկխոսության մեկնարկի հանգամանքից հնարավոր է եզրակացնել, թե ինչի շուրջ կարող է լինել Մակրոնի ու Սթարմերի այցի օրակարգը:
Դա կնշանավորի՞ ռուս-ամերիկյան երկխոսության կողքին նաև ամերիկա-եվրոպական երկխոսության գործընթացի որոշակի մեկնարկ, թե՞ հակառակը՝ Մակրոնի և Սթարմերի այցը կնշանավորի ամերիկա-եվրոպական դիմակայության կարծրացում: Իհարկե, այս շեշտադրումները, թերևս, սահմանափակում են այն շատ ավելի մեծ դիապազոնը, որ ունի ամերիկա-եվրոպական հարաբերությունը պատմական այս շրջափուլում:
Հարկ է արձանագրել, որ խնդիրը բոլորովին պայմանավորված չէ առանձին գործիչների կամ ադմինիստրացիայի մոտեցումով, այլ բխում է պատմական ժամանակահատվածից, որ ապրում են միջազգային հարաբերություններն ու աշխարհակարգը ընդհանրապես: Իսկ դա ենթադրում է հարաբերությունների ճշգրտում, ըստ էության, բոլոր այն կառուցվածքներում, որոնք աշխարհակարգի համար ունեցել են անկյունաքարային նշանակություն՝ այս կամ այն տրամաչափով: Իսկ այդ տեսանկյունից, ամերիկա-եվրոպական հարաբերությունը դրանցից մեկն է:
Երբ փոխվում է համաշխարհային ճարտարապետությունը, օբյեկտիվորեն առաջանալու էր նաև այդ հարաբերության վերանայման, վերափոխման խնդիրը: Մակրոնն ու Սթարմերը Վաշինգտոն են մեկնում թերևս ոչ թե հարց լուծելու, այլ իրավիճակը «ախտորոշելու» համար, ըստ էության այն բանից հետո, երբ նրանք առնվազն նախնական ախտորոշման ենթարկեցին իրադրությունն ու տրամադրությունները Եվրոպայում:
Անկասկած է, որ ամերիկա-եվրոպական հարաբերության վերափոխման վերաբերյալ պատկերացումները Եվրոպայում էապես տարբեր են: Եվրոպայի առժամանակ այսպես ասած բաղդատումը լոկալ բլոկների միջև թերևս դառնում է անխուսափելի:
Դրանք ամենեւին պարտադիր չէ, որ ունենան այսպես ասած ֆորմալ ձևաչափային ձևակերպումներ, սակայն որոշակի ուրվագծեր արդեն իսկ առկա են: Ի դեպ, այս ֆոնին Հայաստանի համար ուրվագծվում են տարբեր «հեռավորության» խնդիրներ, որոնցից անմիջականորեն Հայաստանին առնչվողերից մեկը ԵՄ դիտորդական առաքելությունն է:
Եվրոպական պատկերացումների տարբերակվածության ծավալման հնարավոր հեռանկարին զուգահեռ, կարող է առաջանալ հարց դիտորդական առաքելության գործունեության կառավարման ընթացքի առնչությամբ, դրանից բխող հարակից այլ մարտահրավերներով, որոնց մասին գուցե առայժմ չարժե բարձրաձայնել, բայց որոնց ռիսկն առավել, քան կարևոր է դարձնում Հայաստանի «մաշկին» առավել, քան մոտ այս խնդիրը կառավարելիությունից դուրս չթողնելու համար:
Բաց մի թողեք
Երկու չհամաձայնեցված կետերը ՀՀ Սահմանադրությունն ու «Զանգեզուրի միջանցքն» են
Վաշինգտոն – Փարիզ – Մյունխեն «երթուղում» Փաշինյանը հասկացավ, որ պիտի կատարի Ալիևի պահանջը
ԵՄ դիտորդներն արձանագրե՞լ են լարվածություն