22/02/2025

Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը «պարզ քինախնդրություն է»

Ոչ միայն մամուլը, արևմտյան քաղաքական-պետական գործիչներն էլ արդեն ակնարկում են, որ Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը «պարզ քինախնդրություն է»: Նա Զելենսկուն «խնդրել է Բայդենի դեմ կոմպրոմատներ տրամադրել, ստացել մերժում և նախագահի պաշտոնում պարզապես վրեժխնդրություն է իրականացնում»:

Հնարավոր է՝ այդ տեսակետը հիմնավոր չէ կամ ամենևին էլ չի արտահայտում արևմտյան հանրության միջին-վիճակագրական տեսակետը: Նման դեպքերում միանշանակ գնահատականից պետք է խուսափել: Իսկ ահա Reuters-ի պատվերով ամերիկյան Ipsos սոցիլոգիական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները փաստի արձանագրում են: Մանավանդ որ տեղեկատվությունը փոխանցում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան», որին լավագույն ցանկության դեպքում անգամ Թրամփի հակառակորդ չես անվանի:

Եվ այսպես. ըստ Ipsos-ի, Թրամփի պաշտոնավարման մեկամսյա ժամկետի արդյունքներով հարցման ենթարկված ամերիկացիների 51 տոկոսը չի աջակցում նրա ներքին և արտաքին քաղաքականությանը, իսկ աջակցում է ընդամենը 44 տոկոսը: Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնն ստանձնելուց մեկ ամիս անց, այսպիսով, ունեցել է վարկանիշի ութ տոկոսի անկում, քանի որ հունվարի 19-ի դրությամբ հարցման ենթարկված ամերիկացիների 52 տոկոսը միանշանակ սատարել է նրա նախընտրական քարոզչության հիմնական թեզերին և վստահել է դրանց իրականացման հարցում նախագահի հաստատակամությանը:

Ըստ «Նեզավիսիմայա գազետա»-ի՝ Reuters-ը սոցհարցման արդյունքներին նվիրված վերլուծականում հատուկ առաձնացրել է ԱՄՆ նախագահի այն միտքը, որ Զելենսկին «դիկտատոր է, որի վարկանիշն ընդամենը չորս տոկոս է, այդ իսկ պատճառով ժողովրդավարական ընտրություններ չի անցկացնում»:

Ակնհայտ է, որ Թրամփի վարկանիշային կորուստին վերաբերող տեղեկությունը տարածվել է որպես վկայություն, որ նա պաշտոնավարման ընդամենը մեկամսյա ժամկետում հիասթափություն է պատճառել ամերիկացիների 51 տոկոսին: Ռուսաստանի ԳԱ ԱՄՆ և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաաշխատող Վլադիմիր Վասիլևի գնահատմամբ՝ «դեմոկրատները դեռևս պարտության շոկը չեն հաղթահարել, չկա Թարմփի քաղաքական կոնկրետ մրցակից, բայց այդպես երկար չի տևի»:

Նա, իհարկե, չի կարծում, թե ամերիկացիները Թրամփից հիասթափվել են Ուկրաինայի հարցում դիրքորոշման պատճառով և համարում է, որ դժգոհությունը «չհաղթահարվող ինֆլյացիան է, որ միայն հունվար-փետրվար ամիսներին հատել է երեք տոկոսի սահմանը»: Սոցիոլոգիական հարցման արդյունքները, մինչդեռ, վկայում են, որ ամերիկացիների 49 տոկոսը դեմ է Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը «գնելու» և Կանադան որպես նահանգ ԱՄՆ-ին միավորելու մասին Թրամփի հայտարարություններին, իսկ այդ մոտեցումն երբ պաշտպանում է հարցման ենթարկվածների 41 տոկոսը:

Ըստ «Նեզավիսիմայա գազետա»-ի՝ այդ տրամադրությունները կարող են տարածվել նաեւ ԱՄՆ Կոնգրեսում: Պարբերականը վկայակոչում է Մեն նահանգից սենատոր Սյուզան Կոպլինզին, ում կարծիքով ՝ «խաղաղության հասնելու նախագահի (Դոնալդ Թրամփի) ձգտումը հասկանալի է, բայց պետք է վստահ լինել, որ այդ գործարքից Ուկրաինան չի հայտնվի պարտվածի վիճակում»: Սենատոր Կոպլիզն, ընդ որում, հանրապետական է:

Վլադիմիր Պուտինի հետ Դոնալդ Թրամփի գործարքն ամերիկյան կողմի համար «ի սկզբանե պարտություն» է որակել Ջոն Բոլթոնը, որ Թրամփի նախագահության առաջին շրջանում զբաղեցրել է ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնը և նույնպես հանրապետական է:

Արևմտյան աշխարհում հեղինակավոր մամուլը, որպես կանոն, էժան սենսացիաներ չի տարածում: Ռուսաստանյան պարբերականի վերլուծաբանի հայացքով՝ Թրամփի վարկանիշային կորուստների մասին Reuters-ի հրապարակումը վկայում է, որ ամերիկյան քաղաքական վերնախավում քննարկվում է եթե ոչ նախագահին, ապա առնվազն պետքարտուղար Ռուբիոյին Սենատի «մրցագորգ հրավիրելու» տարբերակը: Նա չի բացառում, որ Կոնգրեսը «տապալի ռուս-ամերիկյան գործարքը»: